«Հայրս գնաց պատերազմ, ամբողջ հոգսը մնաց մորս ուսերին». Գարիկ Սեփխանյանը դժվար մանկության և ճակատագրական սիրո մասին. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Հայրս գնաց պատերազմ, ամբողջ հոգսը մնաց մորս ուսերին». Գարիկ Սեփխանյանը դժվար մանկության և ճակատագրական սիրո մասին. life.tert.am

«Մանկություն, պատանեկություն, չափահասություն» շարքում Tert.am Life–ը շարունակում է բացահայտել  հայ հայտնիներին։ Հետաքրքիր հիշողություններ, աշխարհընկալում, ինքնաբացահայտում. մեր զրուցակիցը «Ֆուլ հաուսի» դերասան Գրիգոր Սեփխանյանն է, որը նաև սիթքոմի սցենարիստներից մեկն է։

Մանկություն

Մանկությունս անցել է ծանր տարիներին։ 7 տարեկան էի, երբ երկրաշարժ եղավ, դրան հաջորդեցին մութ ու ցուրտ տարիները։ Մեծացել եմ Էջմիածնի գյուղերից մեկում։ Անկախ մի շարք դժվարություններից` մանկությունս հետաքրքիր է անցել։ Խաղում էինք տարբեր խաղեր, այն ժամանակ ակտուալ էր նաև գողություն անելը։ Դասընկերներիս հետ ցոգոլ ու ալյումին էինք գողանում։

Ակտիվ երեխա եմ եղել։ Մենք մեր տանը 3 երեխա էինք։ Մեծը ես էի։ Քանի որ ծնողներս աշխատում էին, եղբայրներիս համար պատասխանատվությունը հիմնականում ինձ վրա էր։ Նրանք էլ շատ ագրեսիվ էին ու անընդհատ կռիվների մեջ էին ընկնում։ Նրանց պատճառով ես էլ էի ընկնում կռվի մեջ ու ամսվա մեջ, գոնե,  մի անգամ աչքիս տակը կապտուկ կար։ Հիմա լավ է, որ այդպես չէ։

Շատ հուշեր ունեմ մանկության հետ կապված` և՛ լավ, և՛ վատ։ Մութ ու ցուրտ տարիներին շատ դժվար էր ապրել։ Չնայած այդ դժվարության հետ մեկտեղ, իսկապես, երջանիկ էինք։ Հիշում եմ, թե ինչպես էինք հացի հերթ կանգնում, երեկոյան  հավաքվում էինք հարևանի տանը ու հնդկական ֆիլմ դիտում։ Միայն իրենց տանը կար հոսանքի մարտկոց, որով կարողանում էինք հեռուստացույց դիտել։ Մեծից փոքր շարվում էինք ու այն ժամանակվա ֆիլմերը դիտում։ Հիշում եմ, թե ինչպես էինք գնում փայտ հավաքելու, որ բերենք, վառենք տաքանանք։ Այդ ժամանակ դպրոցներում էլ ոչ մի ջեռուցում չկար։ Աշակերտներին հանձնարարում էին, որ յուրաքանչյուրն իրենց տանից վառելիք բերի, որ վառենք ու դաս անենք։

Կարծում եմ` մանկությունս մոխրագույն է` մոխրագույնի 50 երանգները։ Ինչու մոխրագույն, որովհետև այն տարիներին կային դժվարություններ, բայց և լուսավոր կետեր կային։ Դժվարության կողքին երջանկությունն էր։ Սև–սպիտակ եմ տեսնում մանկությունս։

Մեզ համար մեծ դժվարություն էր նաև այն, երբ հայրս 90–ականներին գնաց պատերազմ։ Այդ տարիներին մեր ընտանիքի հոգսն ամբողջովին ընկավ մորս ուսերին։ Եղբայրներիս հետ ամեն ինչ անում էինք, որ օգնենք մեր մորը։ Պատերազմի տարիների որոշ ժամանակ ապրել ենք Նոյեմբերյանում, որտեղ սահմանին հայրս էր։ Երբեմն, հայրս գալիս էր մեզ տեսակցության։ Հիշում եմ, որ վառարանի լույսի ներքո նստած էինք ու հայրս ներս մտավ։ Տանն իսկական երջանկություն էր տիրում։ Այդ տարիներին այդքան չեմ գիտակցել, թե պատերազմն ինչ է, բայց Հասկանում էի, որ հայրս սահմանի վրա է, բնականաբար, վախ կար։ Ամեն դեպքում, վստահ էի, որ ամեն ինչ լավ է ավարտվելու և հայրս տուն է վերադառնալու։ Մայրս մեզ միշտ ասում էր, որ ամեն ինչ լավ է լինելու, հույսներդ չկոտրեք։ Պետք է աշխատել, ստեղծել, ապրել և գումար վաստակել միայն արդար ճանապարհով։

Պատանեկություն

Պատանեկության շրջանում դպրոցի ամենալավ սովորող աշակերտներից եմ եղել։ Մեր դասարանում 15 աշակերտ կար, միայն երկուսս էինք լավ սովորում։ Ճիշտ է, այն ժամանակ լավ սովորող տղաներին այլ կերպ էին վերաբերվում, բայց դա ինձ չխանգարեց։ Դպրոցն ավարտել եմ լավ գնահատականներով։ Ծնողներս ցանկություն էր, որ լինեմ կրթված ու գրագետ։ Շնորհակալ եմ ծնողներիս, որ մանկուց իմ մեջ սերմանել են կրթության հանդեպ սերը։

Դպրոցում ակտիվ եմ եղել կազմակերպչական հարցերով։ Դպրոցական տարիներից սկսած միշտ առանձնացել եմ հումորի զգացումով։ Հաճախ էի դպրոցում կամ բակի տղաների մոտ կատակներ պատմում։ Բայց երբեք չեմ մտածել, որ այս ոլորտում կհայտնվեմ։  Դերասան դառնալու հատուկ ցանկություն չեմ ունեցել։ Այնպես չէ, որ մտածել եմ դերասան եմ դառնալու և աշխատելու եմ հեռուստատեսությունում։ Ճակատագիրն ինձ բերեց հեռուստատեսություն։ Իմ կյանքում ժամանակ առ ժամանակ լինում են դեպքեր, երբ  ոչինչ չեմ ձեռնարկում, թողնում եմ ամեն բան ինքնաբերաբար դասավորվի։

Դպրոցում, բնականաբար, ունեցել եմ առաջին սիրահարվածություն։ Բայց այդ հարցում ամաչկոտ եմ եղել ու չեմ հայտնել։ Իմ շրջապատի աղջիկները հիմնականում իմ ընկերներն են եղել։ Նրանք ինձ վերաբերվել են որպես ընկերոջ ու եղբոր։ Եթե ինչ–որ մեկի նկատմամբ համակրանք էլ եմ զգացել, ամաչել եմ ասել, որովհետև նա իմ ընկերն է եղել։

Ամբողջությամբ՝ life.tert.am