«Հայ ելուկ»-ը կբացահայտի արտերկրում ապրող տաղանդավոր երեխաներին». Հրաչյա Մեսրոպյան. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Հայ ելուկ»-ը կբացահայտի արտերկրում ապրող տաղանդավոր երեխաներին». Հրաչյա Մեսրոպյան. life.tert.am

Հունիսի 4–ից ATV–եթերում կցուցադրվի «Հայ ելուկ» մանկական ժամանցային ճանաչողական հեռուստանախագիծը։ «Հայ ելուկ» հաղորդաշարի ռեժիսորը Հրաչյա Մեսրոպյանն է, սցենարիստը` Օֆելյա Աստվածատրյանը։ Վերջիններս նախագծի համահեղինակներն են։ Նախագիծը վարում է Լիլիթ Մռավյանը։

Tert.am Life–ի հետ զրույցում Հրաչյա Մեսրոպյանը նշեց, որ նախագծի նպատակն է արտերկրում գտնել տաղանդավոր հայ երիտասարդների։

«Մենք շատ տաղանդավոր պատանիներ ունենք, որոնք բնակվում են արտերկրում։ Շատ անգամ նրանց մասին տեղեկանում ենք տարբեր նախագծերի շրջանակում։ «Հայ ելուկ»–ի նպատակն է գտնել նման երեխաների և ներկայացնել հայ հեռուստադիտողին։ Մենք կբացահայտենք, թե ինչպես են հասել այդ հաջողություններին։ Երբ մի նախագծի շրջանակում տեսնում ենք հայ տաղանդաշատ երեխայի, ուրախանում ենք, բայց չգիտենք, թե ովքեր են նրա ծնողները, հայրենիքից դուրս ինչ ճանապարհ են անցել, որքանով են պահել իրենց հայեցի տեսակը և այլն»,– ասաց հաղորդման համահեղինակը։

Հաղորդավարուհին` Լիլիթը, ծնվել և բնակվում է Ռուսաստանում։ Նա 13 տարեկան է, զբաղվում է երգարվեստով։ «Լիլիթն ունի բազմաթիվ երգեր, տեսահոլովակներ, բայց նրա մասին Հայաստանում քչերը գիտեն։ Նրա ընտրությունը պատահական չի եղել։ Լիլիթն այն տաղանդավոր երեխաներից մեկն է, որը մեծ հաջողությունների է հասել արտերկրում»,– հավելեց Հրաչյան։

?

Հաղորդաշարի նկարահանումներն իրականացվել են Ռուսաստանի մի շարք քաղաքներում։ Հրաչյայի փոխանցմամբ` տաղանդավոր երեխաների գտնելը բարդ չէ։ Միակ բարդությունը բուն նկարահանման ժամանակ է առաջացել։ «Հայաստանում հեշտ է նկարահանումներ անել, իսկ արտերկրում պետք է տասն օր առաջ թույլտվություն ունենալ, համաձայնագիր կնքել նկարահանվող երեխաների ծնողների հետ և այլն։ Բացի այդ, կան երեխաներ, որոնց գրաֆիկը խիտ է և պետք է հարմարեցնենք նրանց»,– հավելեց համահեղինակը։

Հրաչյան անդրադարձավ նաև հաղորդման անվանը. այն պատահական չի ընտրված։ «Հայ ելուկը» բաղկացած է հայ և ելուկ բառերից։ Շատերը, միգուցե, ելուկը ընկալեն որպես հորինված բառ, բայց այն հայերեն բառ է, որի բացատրությունն է` մի սոցիալական խմբից մյուսին անցած մարդ»,– նշեց նա։

Հրաչյան հայտնեց, որ հաջորդ նկարահանումները կլինեն Սանկտ Պետերբուրգում և Ռուսաստանի տարբեր քաղաքներում։ Հետագայում ծրագրում  են նկարահանումներ անցկացնել նաև եվրոպական մի շարք երկրներում։

Ամբողջությամբ՝ life.tert.am