Life.panorama.am-ը վիրտուալ տիրույթից գրքերի աշխարհ է տեղափոխվել դերասանուհի Գայանե Բալյանի հետ:
Դերասանուհու համար կարևոր չէ, թե ինչ ժանրի ստեղծագորություն է կարդում, այս հարցում նա պարզապես հստակ սկզբունք ունի.
«Ինչպես երաժշտության, նկարչության, ֆիլմերի դեպքում, այնպես էլ գրականության առումով չունեմ նախընտրած ժանր, գլխավորը՝ ընթերցանության ժամանակ հեղինակը կարողանա ձեռքիցդ բռնել ու տանել իր աշխարհ»,- նշեց Գայանեն:
Հիշելով իր առաջին գիրքը, որի տպավորությունները մինչ օրս նրան ուղեկցում են, պատմեց.
«Առաջին ստեղծագործությունները, որոնք սկսեցի կարդալ, հեքիաթներ էին, հիմնականում Հանս Քրիստինա Անդերսեն: «Ջրահարսը» հեքիաթը մեծ տպավորություն է թողել ինձ վրա: Հիշում եմ, երբ կարդում էի այն, վերջում միշտ հուզվում էի: Առաջին վեպը, որ ընթերցել եմ Հեկտոր Մալոյի «Առանց ընտանիքի»-ն էր, հետո հետաքրքրվեցի Ժյուլ Վեռնի արկածներով: Սրանց հաջորդեց Ջեկ Լոնդոնի ստեղծագործությունները, ապա Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը», Հերման Մելվիլի «Մոբի դիք»-ը, Թոմ Սոյերի արկածները, ու էլի շատ վեպեր և պատմվածքներ»:
Գայանե Բալյանը իր ընթերցած ստեղծագործություններից և ոչ մի հերոսին իրեն չի նմանեցրել, սակայն այս հարցում ևս նա ունի իր մոտեցումները.
«Չկա այնպիսի հերոս, ում ինձ կնմանեցնեմ, բայց ամեն մի հերոս, իհարկե, ինչ-որ ձևով հետք է թողել ու ազդել տեսակիս կառուցման հարցում: Այս շարքում գուցե հենց հիշեմ «Ջրահարսը», սակայն սա շատ նեղ անձնական թեմա է»,- ժպիտով նկատեց նա:
Գայանե Բալյանի գրասեղանին այս պահին դրված է Ջուլիան Բարնսի «Վերջին կանխազգացումը» սիրավեպը, սակայն նա արդեն որոշել է, որ հաջորդ հեղինակը Ֆեոդոր Դոստոևսկին է լինելու.
«Պետք է Ֆ. Դոստոևսկու գործերից որոշները վերընթերցեմ: Այս հեղինակի ստեղծագործությունները կարդացել եմ ուսանողական տարիներին, այն էլ՝ շատ արագ ու թռուցիկ, քննությանը հասցնելու նպատակով: Իսկ հիմա, կարծում եմ, ճիշտ ժամանակն է, Դոստոևսկու հետ կրկին ծանոթանալու»,- նշեց նա:
Հետաքրքրվելով, թե Գայանե Բալյանը ո՞ր հեղինակներին և ի՞նչ ստեղծագործություններ խորհուրդ կտա ընթերցողներին, մեր զրուցակիցը մանրամասնեց.
«Աշխատում եմ երբևիցե խորհուրդ չտալ, այն էլ գրքի հարցում: Խորհուրդ կարող է տալ մասնագետը, իսկ ես կարող եմ միայն ասել, որ ունեմ սիրելի հեղիակներ, որը շատ ինդիվիդուալ է. մեկը Պ. Սևակ է սիրում, մյուսը՝ Չ. Բուկովսկի: Կոնկրետ ինձ վրա շատ մեծ տպավորություն է թողել Հ. Միլլերի «Խեցգետնի արևադարձ», Չ. Բուկովսկու ստեղծագործությունները, նաև ժամանակ առ ժամանակ Դանիիլ Խարմս եմ ընթերցում, Ժան Պոլ Սարտրի ստեծագործությունները՝ ևս: Այսպես անդադար կարող եմ հեղինակներ նշել, սակայն ընթերցողներին խորհուրդ կտամ փորփրել ու գտնել այն, ինչ պետք է իրենց, ինչի կարիքն ունեն կյանքի այդ փուլում: Այս դարաշրջանում համացանցի առկայությունը այնքան է հեշտացնում մեր գործը, որ հաստատ յուրաքանչյուր ստեղծագործություն մի քանի րոպեում կարելի է գտնել»: