Շվեյցարիայի Բերգյուն գյուղի վարչակազմը որոշել է ճանապարհորդներին արգելել լուսանկարելու բնակավայրը, քանի որ նրա տեսարժան վայրերը անչափ գեղեցիկ է համարում:
Այդ մասին հայտնել է զբոսաշրջության տեղական գրասենյակը: Շվեյցարիայի արևելքի լեռներում գտնվող Բերգյուն գյուղի խորհուրդը նման արգելք սահմանելու օգտին քվեարկել է մայիսի 29-ին:
«Գիտականորեն ապացուցված է, որ արձակուրդի ընթացքում արված գեղեցիկ լուսանկարները, որոնք զետեղվում են սոցցանցերում, դրանց դիտողներին դժբախտ են դարձնում, քանի որ այդ մարդիկ իրենք չեն գտնվում տվյալ վայրում»,-նշվում է տուրիստական գրասենյակի հաղորդագրության մեջ:
Բնակավայրի ղեկավար Պիտեր Նիկոլայը հորդորել է զբոսաշրջիկներին՝ այցելել Բերգյուն՝ անձամբ համոզվելու նրա տեսարժան վայրերի գեղեցկության մեջ:
Զբոսաշրջության գրասենյակն արդեն հեռացրել է գյուղի լուսանկարները սոցիալական ցանցերի իր օգտահաշիվներից:
Նրանց, ովքեր կլուսանկարեն Բերգունը, այսուհետև հինգ եվրո տուգանք է սպառնում: Բերգյունի զբոսաշրջության հարցերի տնօրեն Մարկ Անդրեա Բարանդունը The Local պորտալի հետ զրուցելիս խոստովանել է, որ այսօրինակ արգելքը մասնակիորեն գովազդային հնարք է, որը կոչված է ուշադրություն գրավել գյուղի վրա: Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ նման նորման կատակ չէ, այն իրոք հաստատել է տեղի վարչակազմը: Բարանդունը հավելել է, որ տուգանքը հազիվ թե կիրառվի պրակտիկայում: