ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դիմել է երկրի Գերագույն դատարանին՝ պահանջելով վերականգնել ներգաղթի ոլորտում իր հրամանագրի գործողությունը, մասնավորապես, առավելապես մի շարք մուսուլմանական պետություններից երկիր քաղաքացիների մուտքի արգելքը: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի արդարադատության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սառա Ֆլորեսը:
«Մենք խնդրել ենք Գերագույն դատարանին՝ քննության առնել այդ կարևոր գործը, և մենք վստահ ենք, որ նախագահ Թրամփի հրամանագիրը համապատասխանում է ահաբեկչությունից երկրի ժողովրդի պաշտպանությունն ապահովելու նրա օրինական լիազորություններին,- Ֆլորեսի խոսքը մեջբերել է ABC հեռուստաընկերությունը:- Նախագահը պարտավոր չէ պետության տարածքում ընդունել այն երկրներից ժամանող մարդկանց, որոնք հովանավորում են ահաբեկչությունն այնքան ժամանակ, քանի դեռ ինքը չի համարի, որ նրանց նկատմամբ իրականացվել են համապատասխան ստուգումներ, և որ նրանք սպառնալիք չեն ներկայացնում Միացյալ Նահանգների անվտանգությանը»:
Ավելի վաղ համերկրային դատարաններն արդեն երկու անգամ որոշում են կայացրել ներգաղթի ոլորտում միջոցառումների խստացման վերաբերյալ Թրամփի հրամանագրերի արգելափակման մասին: Յոթ մուսուլմանական երկրներից (Իրանից, Իրաքից, Լիբիայից, Սոմալիից, Սուդանից, Սիրիայի և Եմենից) քաղաքացիների ԱՄՆ մուտքի 90-օրյա արգելք սահմանող հրամանագրի վերաբերյալ նման որոշում է կայացրել Սիեթլի (Վաշինգտոնի նահանգ) դաշնային դատավորը, իսկ երբ փոփոխություններ կատարվեցին (ցուցակից բացառվեց Իրաքը), հրամանագիրն արգելափակեց Հոնոլուլուի (Հավայիի նահանգ) դաշնային դատարանը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: