Երգի պետական թատրոնում երեկ կայացավ «Հեքիաթը» մանկական ներկայացման առաջնախաղը, որի հեղինակը Արթուր Գրիգորյանի դուստրը` Մանե Գրիգորյանն է։
Երաժշտական ներկայացմանը մասնակցում էին Երգի պետական թատրոնի արտիստները` Միլենա Մելիքյանը, Մարտան, Անուշ Բադալյանը, Համլետ Առաքելյանը և այլք։ Tert.am Life–ը ներկա է եղել պրեմիերային և ներկայացնում է մանրամասներն ու ֆոտոշարքը։
Առաջնախաղին ներկա էր ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը` թոռնիկի հետ, Նունե Եսայանը` որդու հետ, Անի Ամիրյանը` դստեր հետ, Նառան, Արփի Գաբրիելյանը և այլք։ Հանդիսատեսի շարքերում էր նաև Մանեի դուստրը։
Փոքրիկ աղջնակի մայրիկը սեփական օրինակով գիտի, որ երեխաները պետք է հավատան հեքիաթի գոյությանը։ Հենց այդ գաղափարն էլ ներդրել է ներկայացման մեջ։ «Ներկայացման հիմքում դիսնեյի սիրված մուլտերի հերոսներն են, որոնք համախմբվել են մի նոր հեքիաթում։ Երաժշտական ներկայացում է։ Երգի թատրոնում միշտ էլ եղել են մյուզիքլներ թե մեծերի, թե փոքրերի համար։ Բարի ավանդույթները շարունակվում են»,– նշեց Մանեն։
Երաժշտական ներկայացումն ինտերակտիվ է և փոքրիկ հանդիսատեսներին հնարավորություն է տալիս մասնակցել չարի և բարու պայքարին, օգնել ազատել հեքիաթի հերոսներին։