Կանանց մեծ մասը, հասնելով 45-50 տարիքային շեմին, իրենց սեռական կյանքում զգալի փոփոխություններ են նկատում: Ոմանց մոտ այդ փոփոխությունները դրական են, ոմանց մոտ էլ` հակառակը: Սակայն կարևոր է հիշել, որ փոփոխությունները բնական են, իսկ անցանկալի հետևանքները միշտ էլ հնարավոր է ուղղել կամ կասեցնել:
Բնականաբար դժվար է սահմանել «նորմալ սեռական կյանք» հասկացողությունը։ Սակայն ընդունված է համարել, որ սեռական հարաբերություններում ամեն բան կարգին է, եթե `
- Դուք ունակ եք հաճույք ստանալ սեքսից,
- Ձեզ և ձեր զուգընկերոջը գոհացուցիչ է սեռական ցանկության տվյալ մակարդակը և սեքսուալ կյանքի տվյալ որակը:
Դաշտանադադարի ժամանակ կինը կարող է հանդիպել այնպիսի տարածված խնդիրների, ինչպիսիք են`
- Սեռական ցանկության նվազում
- Սեքսի ժամանակ հեշտոցում ցավային զգացողություններ
- Օրգազմի բացակայություն
- Զուգընկերոջ մոտ էրեկտիլ դիսֆունկցիա
Առանձին անդրադարձի է արժանի դաշտանադադարի ժամանակ կնոջ հոգեկան վիճակը, որը լրջորեն տատանվում է` կապված հորմոնալ ֆոնի փոփոխությաններից: Ոչ ստաբիլ հորմոնալ ֆոնը պատճառ է հանդիսանում դաշտանադադարային դիսֆորիայի առաջացման համար, որի ախտանիշներից է`
- Գերգրգռվածությունը
- Հաճախակի լացը
- Անհանգստության մշտական զգացողությունը
- Ոչ կայուն էմոցիոնալ վիճակը
- Հիշողության և ուշադրության կենտրոնացման հետ խնդիրները
- Անքնությունը
- Խրոնիկ հոգնածությունը
Հարկ է հիշել, որ բացի վերոնշյալից, հնարավոր է նաև դաշտանադադարային դեպրեսիայի առաջացումը, որը պետք է անպայմանորեն տարբերակել դիսֆորիայից: Այս տիպի դեպրեսիան ուղեկցվում է հոգեսոմատիկ գլխացավերով, ողնաշարի շրջանի ցավերով, հոդային և շնչառական դժվարություններով:
Դաշտանադադարը յուրաքանչյուր կնոջ կյանքում հոգեկան և ֆիզիոլոգիական փոփոխություններ է առաջ բերում։ Այդ իսկ պատճառով ավելի քան կարևորվում է զուգընկերոջ ուշադրությունն ու աջակցությունը հատկապես այս փուլում:
urolog.am