«Եթե նկարիչ չլինեի, չէի լինի». գեղանկարիչ Հրայր Գրիգորյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Եթե նկարիչ չլինեի, չէի լինի». գեղանկարիչ Հրայր Գրիգորյան

Հրայր Գրիգորյանը ծնվել է 1940 թվականի հունիսի 5-ին Շիրակի մարզի Հոռոմ գյուղում։ Իր խոսքով՝ նկարել սկսել է 5-6 տարեկանից։ 7 տարեկանից հաճախել է Պիոներ պալատի նկարչական խմբակ։ 1963 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանի գեղանկարչության բաժինը, 1971 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: 1963-1967 թվականներին սովորել է Ռիգայի գեղարվեստի ակադեմիայում: Գեղանկարչի կյանքում արտասահմանում սովորելը մեծ դեր է խաղացել․

«Ես կողմ եմ արվեստի կայծին։ Ինձ համար կարևոր է, որ տեսնեմ՝ ռիգացին ո՞նց է մտածում, վիլնյուսցին՝ ո՞նց։ Կարևոր է նաև՝ տեսնեմ՝ իմ գաղափարախոսությունը բռնո՞ւմ է նրանցինին, թե՞ ոչ»,- ասում է նա։

Հրայր Գրիգորյանի կարծիքով՝ նկարչության մեջ և՛ երաժշտություն կա, և՛ պոեզիա, և՛ փիլիսոփայություն․ «Առանց սրանց՝ նկարչությունը կդառնա վերնիսաժ»։ Պետք  է հանձնես կտավին այն, ինչ զգում ես, ինչ ապրում ես:

Շատ նկարներ նա վաճառել է Փարիզում, Ռուսաստանում։ Ժամանակին ավելի շատ նվիրում էր, քան վաճառում:

«Բայց հետո գիտակցեցի, որ երբ նվիրում եմ՝ կաշկանդվում եմ, չգիտեմ՝ այդ մարդը կընդունի՞ իմ նկարչությունը, թե՞ չէ։ Նկարներից հեշտ չեմ բաժանվում, քնում-հելնում եմ, ձեռքերս իրար եմ խփում։ Ամբողջ օրը անհանգիստ ման եմ գալիս»,- ասում է նա։

Հրայր Գրիգորյանի բնորոշմամբ՝ մերօրյա նկարիչը պետք է ստեղծագործող լինի, ունենա իր դեմքը, իր «ես»-ը։ Այդ դեմքը պետք է Աստծո հետ համագործակցի, որ հասկանա՝ իր ստեղծածն ինչի՞ համար է։

Մերօրյա սերնդին շատ է քննադատում, որովհետև իրենք այս դաշտն օգտագործում են հացի համար:

Գեղանկարիչը տանել չի կարողանում «նկարագողությունը»․

«Չեմ ընդունում, երբ էստեղից-էնտեղից են վերցնում.  եթե Աստված քեզ նկարիչ ա ստեղծել, պիտի զբաղվես նկարչությամբ, զարգացնես, բարձրացնես Աստծո ասածին։ Ստեղծես քո սեփականը։ Անդեմքը չեմ ընդունում»։

Ասում է՝ Հրայրական կերպարներն առաջանում են նկարելու ժամանակ. «Երբ մոլբերտը դրված է, գույները դրված են, սկսում ես նկարել, գույները խփում-խփում ես, հետո տեսնում ես՝ կերպարներ ստեղծվեցին»։

Կուռքեր չունի, ասում է՝ «անմիտ բան է», բայց շատ է սիրում Սարյան, Քոչար, Սուրենյանց՝ «գիգանտ են»։

Չի ընդունում, երբ ասում են՝ նկարչության մեջ դեմքը դեմքին նման չի, կոշիկը՝ կոշիկին. «Ի՞նչ նմանություն նկարչության մեջ։ Միակ նմանությունը պիտի լինի արվեստի գործ ստեղծելը, որը պիտի դարերով ապրի»։

Հիմա նա ապրում, ստեղծագործում է Երևանում։ Նկարիչների միության վերստուգիչ հանձնաժողովի նախագահն է։ Չարենցավանի պատվավոր քաղաքացի է։ Պարգևատրվել է Գիտության, կրթության և Մշակույթի նախարարության Ոսկե մեդալով, «Վազգեն Առաջին» մեդալով։

Առանձնացրել ենք նկարչի որոշ մտքեր, որոնք բնորոշում են ստեղծագործողի նրա տեսակը.

  • Եթե մի օր չնկարեմ, ուրեմն ես հանցագործություն կանեմ։
  • Նկարիչ չէի լինիեթե Պիոներ պալատ չգնայի, ինձ համար բավականին մեծ հորիզոն բացեց։
  • Եթե նկարիչ չլինեի, չէի լինի։
  • Ես նկարչության գերին եմ։
  • Նկարչություն չկա, եթե կտավի մեջ երաժշտություն, պոեզիա, փիլիսոփայություն չկա։
  • Նկարելուց առաջ չեմ մտածում։
  • Իմ կարևոր հատկանիշն այն է, որ ես նման չեմ ոչ մեկին, ես ես եմ։

«Բացի նկարելուց՝ ես նաև նկար կարդալ գիտեմ: Երբեք չեմ նկարում հավեսի համար։ Ես պատասխանատու եմ իմ արվեստի առաջ։ Նկարում եմ միշտ․ երբ հիվանդ եմ, երբ ուրախ եմ։ Ես իմ նկարչության ֆանատն եմ։ Ես բացի նկարչությունից ուրիշ ոչ մի բան չեմ տեսնում»,-ասում է Հրայր Գրիգորյանը։

 

Անի Թորոսյան