«Քարե դարդ» սիթքոմն այս շաբաթ ավարտվում է։ Հինգշաբթի և ուրբաթ եթերում կլինեն սիթքոմի վերջին սերիաները։ Tert.am Life–ի հետ զրույցում սիթքոմի պրոդյուսեր, դերասան Վաչե Թովմասյանը հայտնեց, որ այն նոր եթերաշրջան չի ունենա։
«Սիթքոմի հանգուցալուծումը happy end է։ Այլ մանրամասներ չեմ ցանկանում հայտնել։ Հետաքրքիր վերջաբան ունի։ «Քարե դարդը» նոր եթերաշրջան չի ունենա։ Եթե ունենայինք լայնամասշտաբ նկարահանումների հնարավորություն, կշարունակեինք ու նորովի կներկայանայինք, սակայն մեր հնարավորությունները սահմանափակ են։ Իսկ որակյալ աշխատանք ներկայացնելու համար պետք չէ կոմպրոմիսի գնալ։ Մեր հնարավորությունների չափով ամեն ինչ արել ենք։ Հիմա ճիշտ ժամանակն է, որ ավարտենք։ Ինչպես ասում են` համը դուրս չգա»,– ասաց Վաչեն։
Վերջինս նշեց, որ անպայման կներկայանան նոր նախագծով։ Հիմա բանակցությունների փուլում են, փակագծերը չի բացում, քանի որ դեռ ոչինչ հստակեցված չէ։
Ի դեպ, «Քարե դարդի» ստեղծագործական կազմն օրեր առաջ է վերադարձել ԱՄՆ–ից։ Նրանք Միացյալ Նահանգներ էին մեկնել «Քարե դարդի» ներկայացման համար։ Վաչեն պատմեց, որ ներկայացումը շատ լավ է անցել։ «Երկար ժամանակ աշխատել ենք ներկայացման վրա։ Նոր սցենար է գրվել։ Սերիալի սցենարի հետ կապ չունի։ Ներկայացման սյուժեն զարգանում է, երբ հերոսուհիները քարե դարից ժամանակի մեքենայով վերադառնում են մեր օրեր` ամուսնանալու։ Իրենց հետ են գալիս նաև աբորիգենները։ Նրանք հայտնվում են տարբեր զվարճալի իրավիճակներում` ոստիկանական բաժանմունքում, օպերայում երգում են, սրճարանում ամեն ինչ ջարդուփշուր են անում և այլն։ Ներկայացումն ավարտվում է հարսանիքով»,– հավելեց Վաչեն։
Ներկայացմանը մասնակցել են`Ռուդոլֆ Ղևոնդյանը, Վաչե Թովմասյանը, Անատի Սաքանյանը, Աննա Մանուչարյանը, Էմիլ Գալստյանը, Զարուհի Սահակյանն ու Արմուշը։ «Հանդիսատեսի համար անակնկալ էր, երբ Արմուշին տեսան։ Նա մեզ միացավ ԱՄՆ–ում։ Արմուշը ներգրավված է եղել նաև սցենար գրելու գործընթացում։ Մենք միշտ նրա հետ կապի մեջ ենք եղել և սկայպով փորձեր ենք արել»,– նշեց պրոդյուսերը։
Հետաքրքրվեցինք` «Քարե դարդի» թիմը կրկին կներկայանա՞ ներկայացումով։ Ի պատասխան` Վաչեն ասաց. «ԱՄՆ–ում ոչ, բայց Հայաստանում հնարավոր է` օգոստոսին լինի, քանի որ հետաքրքրվողները շատ են։ Հստակ ոչինչ չեմ կարող ասել, քանի որ դա կախված է մեր դերասանների զբաղվածությունից։ Շատերն այստեղ չեն։ Պետք է նրանց հետ կարողանանք հարմարեցնել։ Եթե լինի, մի քանի անգամ կունենանք ներկայացում»։
Ամբողջությամբ՝ life.tert.am