Հունիսի 26–ին Ucom ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում կսկսվի նոր հեռուստասերիալ` «Դեպի վայրէջք», որի անոնսն արդեն հասցրել է լայն քննարկումների տեղիք տալ։ Ֆիլմում կան բաց տեսարաններ Սարգիս Գրիգորյանի և Էվա Խաչատրյանի, Սարգիս Գրիգորյանի և Էմմա Մանուկյանի, Ալեքսանդր Բաբասյանի և Մերի Հակոբյանի մասնակցությամբ։
Դրանցից ամենալայն քննարկման արժանացավ Սարգիս Գրիգորյան–Էվա Խաչատրյան զույգի տեսարանը, քանի որ հայկական իրականության համար այն սկանդալային էր։ Tert.am Life–ի հետ զրույցում Էվան ասաց, որ շատ է կարևորում վստահությունը ստեղծագործական կազմի հանդեպ, իսկ ինքը վստահում է ռեժիսոր Ելենա Արշակյանին։
«Ես դեռ չեմ տեսել` ինչ է ստացվել արդյունքում, սակայն շատ լավ կարծիքներ եմ լսել մոնտաժային նյութը տեսած մարդկանցից։ Մարմնի մասեր, որպես այդպիսին, չեն երևում։ Մենք կտեսնենք սեռական հարաբերություն, որը մատուցած է կինոյին հատուկ ձևով»,– ասաց Էվան ու նշեց, որ որպես դերասանուհի` բարդույթներ չունի, սակայն դա չի նշանակում, որ ամեն բաց տեսարանում կհամաձայնի նկարահանվել։ «Շատ կարևոր է ստեղծագործող թիմի հանդեպ վստահությունը։ Դերասանի համար էլ պետք է արդարացված լինի այն, ինչ անում է։ Հնարավոր է` սցենարում լինի տեսարան, սակայն դու, որպես կերպարը կերտող, չարդարացնես դրա առկայությունը»,– նկատեց նա։
Այս հեռուստանովելի շրջանակում Սարգիսն ու Էվան առաջին անգամ են համագործակցել։ Դերասանուհին հայտնեց, որ մինչև այս իրենք չեն էլ ճանաչել իրար, սակայն ամեն ինչ շատ լավ է ստացվել։ Էվան պատմեց, որ նկարահանումները հումորներով ու ծիծաղելի իրավիճակներով են կայացել։ «Մեզ մոտ նմանատիպ տեսարանների նկարահանումները բավականին քիչ են։ Դու փորձ չունես, քանի որ դու ստեղծագործում ես մի մթնոլորտում, որում հաճախ շրջանցում են այդ երևույթը, չեն նկարահանում։ Որքան էլ լավ դերասան լինես, առաջ են գալիս կոմպլեքսներ։ Այդ դեպքում կամ ամեն բան ուղեկցվում է հումորով, կամ չես կարողանում հաղթահարել դա և այլևս չես նկարահանվում նմանատիպ տեսարաններում։ Իմ դեպքում ուղեկցվեց հումորով, շատ ծիծաղելի նկարահանումներ ունեցանք։ Եթե մարդը որոշել է, որ ինքը դերասան է, պիտի ամեն ինչ փորձի և բոլոր խոչընդոտները հաղթահարի պարզ ճակատով։ Ես չեմ պատկերացնում լավ դերասան, լավ մասնագետ, որը կարող է ասել` ես սա չեմ անի։ Մասնագիտությանդ լավ տիրապետելու համար պիտի լինես ճկուն դերասան ամեն իմաստով։ Իսկ ո՞վ է ասել, որ դերասանը պետք զերծ մնա նման տեսարաններից»,– նշեց դերասանուհին։
Ամբողջությամբ՝ life.tert.am