Jet Airways (Հնդկաստան) ավիաընկերության ուղևորուհին առողջ տղա է լույս աշխարհ բերել 10.6 կմ բարձրության վրա գտնվող օդանավում:
Al Arabiya-ի փոխանցմամբ, ինքնաթիռն թռչել է Դամամից (Սաուդյան Արաբիա)-Կոչի (Հնդկաստան), և հղիության 32-րդ շաբաթում գտնվող երիտասարդ հնդկուհու մոտ վաղաժամ ծննդաբերական ցավեր են սկսվել: Բարեբախտաբար, ուղևորների մեջ բժիշկ է եղել, որն օգնել է ծննդկանին: Արտակարգ պատահարի պատճառով 162 ուղևորով Boeing 737 օդանավը ստիպված է եղել վայրէջք կատարել Մումբայում, որտեղ կինն ու նորածինը հոսպիտալացվել են:
Ավիաընկերության ներկայացուցիչը նշել է, որ սա առաջին դեպքն է, երբ իրենց չվերթի ժամանակ երեխա է ծնվել: Jet Airways-ը երեխային իրենց օդանավերից ցմահ անվճար օգտվելու հնարավորություն է ընձեռել: