Ռեժիսոր և սցենարիստ Մհեր Մկրտչյանի «Կյանք և կռիվ» ֆիլմը սեպտեմբերի 21-ից մեծ էկրաններին կլինի։ Երեկ կայացավ ֆիլմի փակ պրեմիերան, որին ներկա էին շոու բիզնեսի ամենահայտնի դեմքերը։ Սամվել Թադևոսյանի, Անի Խաչիկյանի, ՀՏ Հայկոյի, Սամվել Թոփալյանի, Բաբկեն Չոբանյանի, Գեորգի Հովակիմյանի, Էլեն Սարգսյանի, Հայկ Պետրոսյանի, Վարդան Պետրոսյանի և այլ դերասանների մասնակցությամբ ֆիլմն արժանացավ ներկաների բարձր գնահատականին։
Սա Մհեր և Ալբերտ Մկրտչյանների հետնորդի առաջին ֆիլմն էր հայկական կինոշուկայում, սակայն բոլորը փաստեցին, որ ռեժիսորական, օպերատորական, նկարչական, սցենարական մանրակրկիտ աշխատանքը նոր որակ էր ժամանակակակից կինոյում։ Արցախյան պատերազմին նվիրված ֆիլմում նուրբ թելով միահյուսված են հումորը, որը կյանք է տալիս կռվի ժամանակ, և դրաման՝ իր բոլոր դրսևորումներով, որ բերում է պատերազմը։
Ֆիլմի բեմադրող օպերատորը Վահագն Տեր-Հակոբյանն է, կոմպոզիտորը՝ Արմեն Մարտիրոսյանը, սաունդթրեկի հեղինակը՝ Արթուր Գրիգորյանը, գործադիր պրոդյուսերը՝ Լիլիթ Մարտիրոսյանը, պրոդյուսերը՝ Կարեն Ղազարյանը, գլխավոր պրոդյուսեր՝ Ռուբեն Ջաղինյանը։
Ֆիլմի դերասանական կազմին ընտրելիս ռեժիսորն առաջնորդվել է ոչ թե նրանց հայտնիությամբ, այլ մասնագիտական հմտություններով։ Արդյունքում գլխավոր հերոսի դերակատարի՝ Սամվել Թադևոսյանի համար սա դեբյուտային ֆիլմ էր։ Թատերական ինստիտուտի շրջանավարտը ֆիլմում նկարահանվելուց հետո զորակոչվել է բանակ, զինվորականի առաջին փորձն էլ նկարահանումների ժամանակ է ձեռք բերել։
«Կյանք ու կռիվ»-ի աշխատանքները սկսվել են մոտ մեկ տարի առաջ։ Պրոդյուսեր Կարեն Ղազարյանը հայտնեց, որ ապրիլյան պատերազմը առիթ է հանդիսացել, որ նկարահանվի «Կյանք ու կռիվ. 25 տարի անց» ֆիլմը, որի առաջին աշխատանքներն արդեն սկսվել են։
Ամալյա Հովհաննիսյան
Լուսանկարները՝ Արշակ Ռոստոմյանի
blognews.am