Հայերն Իսպանիայում և Պորտուգալիայում
Advertisement 1000 x 90

Հայերն Իսպանիայում և Պորտուգալիայում

Պատմաբան Վահե Անթանեսյանը իր միկրոբլոգում պատմել է Իսպանիայում և Պորտուգալիայում դարերի ընթացքում բնակություն հաստատած հայերի մասին:

1375 թվականին, երբ եգիպտական մամլուքները պաշարեցին և գրավեցին Կիլիկիայի հայկական թագավորության վերջին պատվարը՝ մայրաքաղաք Սիսը, հայոց Լևոն Զ Լուսինյան արքան (1373-1375) գերվեց: Եվրոպական շատ գահակալներ փորձեցին միջամտել Եգիպտոսի Մելիք Աշրաֆ սուլթանին, որ վերջինս ազատ արձակի հայոց թագավորին: Միայն Կաստիլիայի Խուան Ա թագավորը կարողացավ համոզել և փրկագնել Լևոնին՝ նրա համար վճարելով ոսկեջրած արծաթյա հրաշալի անոթ, ոսկյա սկիհ կափարիչով, չորս կտոր կարմիր մահուդ, 3000 կղբենու մորթի, չորս որսորդական բազե… Հիրավի՝ չնչին բան՝ Արևելքում վերջին քրիստոնյա երկրի գահակալի փրկագնման համար: Բայց, Խուան Ա ժլատ չէր. Ուղղակի՝ Եգիպտական սուլթանն էր այդքան փրկագին պահանջել:

1385 թվականին, Կաստիլիայի Խուան Ա թագավորը հատուկ հրովարտակով Մադրիդ, Անդուխար և Վիլյառեալ քաղաքները հանձնեց հայոց վերջին՝ Լևոն Զ Լուսինյան թագավորին՝ ցկյանս տնօրինելու իրավունքով: Միայն Մադրիդը, հայոց գահազուրկ արքային տարեկան ապահովում էր 100.000 արաբական դրախմա եկամուտ:

Մինչ Խուան Ա, Լևոն Զ հայոց արքայի փրկագնման խնդրանքով, Մելիք Աշրաֆին դիմել էր Արագոնիայի թագավոր Պեդրո Դ դեսպան Ֆրանսուա Սարկոզը: Այսպիսով, իսպանական պետությունների գահակալների ջանքերի արդյունքում հայոց վերջին գահակալն ազատ արձակվեց…

Հայ-իսպանական, հայ-պորտուգալական առնչությունները դարերի խորքից են գալիս: Դեռևս վաղ շրջանում, երբ Իսպանիայի և Պորտուգալիայի տարածքներըը հռոմեական կայսրության Գալլիա մարզն էր կազմում, շատ հայ զորականներ են այնտեղ մարտնչել: Երբեմն՝ Հռոմի կայսրերը անհնազանդ հայ իշխաններին և զորականներին աքսորում էին Գալլիա:

Շատ է խոսվել Իսպանիայի հյուսիս-արևելքում բնակվող բասկերի հայկական ծագման մասին: Բասկերի հայկական ծագումը գրեթե ապացուցված փաստ է գիտության կողմից: Դա վկայում է, որ հայերի հոսքը դեպի Պիրենեյան թերակղզի՝ դեռ հազարամյակներ առաջ է եղել:

Արաբական տիրակալության ժամանակաշրջանում հայերն ազատ առևտուր էին անում խալիֆայության ողջ տարածքում՝ Միջին Ասիայից մինչ Կորդոբայի խալիֆայություն:

11-րդ դարում, Վասպուրականի Սենեքերիմ Արծրունի արքայի դուստրը ամուսնանալով Իսպանիայի արքայի հետ` դարձավ Իսպանիայի թագուհի: Նրա դստեր` դոննա Ուրանիա Մենդեշի և կոմս Ֆաֆեշ Սերազիմ դե Լանիոզո Ա-ից է սերվել հետագայում պորտուգալական և բրազիլիական Բրագանսա արքայատունը:

Զարգացած միջնադարում հայերի մուտքն ներկայիս Իսպանիայի տարածք ավելի հոծ դարձավ: Մանավանդ Կիլիկիայի հայկական թագավորության շրջանում, հայ առևտրականները ազատ առևտուր էին անում Իսպանիայում, հայկական նավատորմը լողում էր իսպանական ջրերում: Առհասարակ, Անդալուսիայում հայկական մշտական համայնքի գոյության մասին հիշատակվում է 16-րդ դարից:

Անդալուսիայում հաստատված առաջին հայերը վաճառականներ էին, ովքեր Ամերիկայի հայտնագործումից հետո իսպանական նավատորմով առևտուր էին իրականացնում Հին ու Նոր մայրցամաքների միջև:

Իսպանիան 1980 թվականին դարձավ հայոց նորագույն շրջանի ազատամարտի խմբավորումներից մեկի՝ ԱՍԱԼԱ-ի թիրախը: Դեկտեմբերի 29-ին Մադրիդի կենտրոնական Իսպանիա հրապարակին հարակից Գրան Վիա պողոտայում տեղակայված Թուրքական ավիաընկերությունների գրասենյակի դեմ ԱՍԱԼԱ-ն ահաբեկություն իրականացրեց: Արդյունքում՝ ի թիվս այլ անցորդների՝ վիրավորվեց նաև Իսպանիայում հանրահայտ լրագրող Խոսե Անտոնիո Գուռիարանը: Բարեբախտաբար՝ նրա վերքը մահացու չէր, և ապաքինվելուց հետո Գուռիարանը սկսեց հայոց հարցի հետազոտությունը: Իր համար պարզելով հայոց եղեռնի պատմությունն ու հայերի կատարած ահաբեկության պատճառները՝ Գուռիարանը դարձավ հայության շահերի պաշտպանը աշխարհում՝ ամենուր հրապարակումներ անելով հայոց եղեռնի և հայության Դատի մասին: Գուռիարանն անգամ Լիբանանում հանդիպեց ԱՍԱԼԱ-ի պարագլուխների, մադրիդյան ահաբեկության կազմակերպիչների հետ և եղեռնի թեմայով երկու գիրք հրատարակեց՝ «Ռումբը» և «Հայեր. Մոռացված ցեղասպանություն», որ մեծ արձագանք գտավ Իսպանիայում և աշխարհում:

Տեղին է նշել, որ մի քանի տարի առաջ իսպանացի գրող Մարի Մորտեն հրատարակեց «Արարատի զավակները» գիրքը, դարձյալ նվիրված հայոց եղեռնին և հայոց պատմությանը: Այս աշխատությունն էլ մեծ արձագանք գտավ Իսպանիայում և իսպանախոս երկրներում:

Միջնադարում Իսպանիան և Պորտուգալիան հայտնի էին կաթոլիկ եկեղեցու հզոր ազդեցությամբ: Այնտեղ այլադավանների կեցությունը դժվար էր: Դրանով է բացատրվում Իսպանիայի և Պորտուգալիայի տարածքում միջնադարյան հայկական եկեղեցիների  բացակայությունը: Առհասարակ, նորագույն շրջանում էլ Իսպանիայի հայ գաղութն աչքի չէ ընկել ազգային մշակութային գործունեությամբ:

Ներկայումս Իսպանիայում շուրջ 60.000-ոց հայկական համայնք կա: Հայերը բնակվում են հիմնականում Բարսելոնայում, Վալենսիայում, մայրաքաղաք Մադրիդում: Երկրում գործում են տարատեսակ հասարակական կազմակերպություններ, որոնց գործունեությունը սահմանափակվում է ներհամայնքային կյանքով: Հայկական եկեղեցի Իսպանիայում չկա. Չնայած՝ Մադրիդում գործում է տասներկու հոգանոց եկեղեցական խորհուրդ: Սակայն կա Հայ առաքելական եկեղեցու Իսպանիայի թեմ, որի թեմակալը հայ եկեղեցու ծիսակարգով արարողություններ է կատարում կաթոլիկ եկեղեցում:

Պորտուգալիայում այսօր ընդամենը մի քանի հազար հայ է ապրում, հիմնականում՝ Լիսբոնում և Պորտուում: Պորտուգալիան, հարևան Իսպանիայի նման անմասն չմնաց հայոց նորօրյա ազատամարտի գրոհներից: 1983 թվականի հուլիսի 27-ին, Հայ հեղափոխական բանակի հինգ անդամներ՝ Վաչէ Տաղլյան, Սիմոն Յահնիյանը, Սեդրակ Աճեմյանը, Սարգիս Աբրահամյանը և Արա Քրջլյանը, հարձակում ձեռնարկեցին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսբոնում տեղակայված թուրքական դեսպանատան վրա:

Պայթուցիկներով բարձած մեքենայով հայ երիտասարդները մոտեցան դեսպանատան շենքին՝ փորձելով թափանցել դեսպանատուն: Դա նրանց չի հաջողվում: Սկսած փոխհրաձգության ժամանակ զոհվում է Սիմոն Յահնիյանը:

Մյուսները ներխուժում են դեսպանատան հարակից դեսպանի նստավայր, գրավում նստավայրը և պատանդ վերցնում դեսպանատան գործերի հավատարմատարի կնոջն ու տղային: Պատանդների սենյակը պայթուցիկներով ու ուժանակներով պատում են:

Սկսվում է հրաձգություն՝ չորս հայ հերոսների և ոստիկանական ուժերի միջև, որոնց թիվը մոտ երկու հարյուր էր:

Ի վերջո՝ հայ մարտիկները ազատ են արձակում պատանդներին և պայթեցնում են թե՛ շենքը, թե՛ իրենց:

Լիսբոնի քաջերը նախապես լրատվամիջոցներին էին հղել իրենց պատգամը. «Իմացեք` մենք ինչ ենք անում։ Ազատասեր հայ երիտասարդները որոշել են անգործ չսպասել։ Մենք ամեն ինչ կորցրել ենք և այդ պատճառով որոշել ենք օդ բարձրացնել այդ շենքն ու մնալ փլատակների տակ։ Սա ինքնասպանություն ու խելագարություն չէ, այլ բարձրագույն նվիրատվություն ազատագրական պայքարին։ Թող միջազգային հանրությունը մեզ արկածախնդիր անվանի կամ ահաբեկիչ ու դահիճ՝ ոչինչ։ Մենք որոշել ենք ուժի դիմել, որովհետև թուրքական իշխանությունն ու այլ երկրներ, որոնք պաշտպանում են այդ իշխանությանը, ոտնահարում են հայ ժոովրդի իրավունքները։ Հայ ժողովուրդը երկար է սպասել, որ միջազգային դատարանը գտնի հայկական հարցի լուծումը։ Հայ ժողովրդի ինքնակողմնորոշման միակ ելքը զինված պայքարն է։ Նախնիների ազատ և անկախ հայրենիքում ապրելն ու զարգանալը հայ ժողովրդի իրավունքն է»:

Պորտուգալիայում է իր կյանքի վերջին տարիներն անցկացրել հայ մեծահարուստ, նավթային մագնատ, մեծանուն բարեգործ Գալուստ Գյուլբենկյանը:

Նա մահից հետո իր հսկայական կարողության մեծ մասը և արվեստի գործերի  հատընտիր հավաքածուն  կտակեց Պորտուգալիային:

Այսօր Պորտուգալիայում Գալուստ Գյուլբենկյանի անվան հիմնադրամն ու բազում բարեգործական, կրթական-մշակութային հաստատություններ են գործում:

 



Նման նյութեր