Ucom ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում մեկնարկել է «Դեպի վայրէջք» 25 մասանոց հեռուստանովելը։ Ֆիլմի գլխավոր հերոսուհուն մարմնավորում է դերասանուհի Էմմա Մանուկյանը։ Tert.am Life–ի հետ զրույցում նա պատմեց, որ Սառան դարձել է թրաֆիքինգի զոհ և տարիներ անց վերադարձել ընտանիք, ունի բազմաթիվ խնդիրներ։
«Հոգեբանորեն բարդ էր աշխատել այս կերպարի հետ, սակայն ես սիրում եմ ինձ տանջել։ Շատ հետաքրքիր է։ Հուսով եմ` կընդունվի հանդիսատեսի կողմից, որովհետև կերպարը միանշանակ չէ, վախ կա` արդյոք հանդիսատեսը ճիշտ կհասկանա նրան և կսիրի։ Սառան բարդութավորված կին է, ընտանեկան բարդ հարաբերությունների մեջ է, աշխարհից նեղացած, սովորաբար, հանդիսատեսը սիրում է բարի, ժպտերես հերոսուհիներին»,- նկատեց նա։
Էմման նշեց, որ այս նախագծում իրականանում է իր վաղեմի երազանքը` նկարահանվում է Աննա Էլբակյանի հետ։ «Նա միշտ եղել է իմ կուռքը, քանի որ իր օրինակով եմ որոշել դերասանուհի դառնալ։ Մարմնավորում եմ իր հարսին։ Ավանդական հարս-սկեսուր կոնֆլիկտային հարաբերությունների մեջ չենք։ Ֆիլմում մարդկային հարաբերությունները բարձր մակարդակի են»,- պատմեց նա։
Էմման ևս բաց տեսարաններ ունի այս ֆիլմում։ Նրա բաց տեսարանները Սարգիս Գրիգորյանի հետ են։ Դերասանուհին պատմեց, որ առաջին անգամ է աշխատում Սարգսի հետ, ծանոթացել են նկարահանման հրապարակում։ «Շատ հաճելի է աշխատել իր հետ։ Նա շատ ուշադիր, էներգետիկ բաց դաշտով մարդ է»,- ասաց դերասանուհին։
Նրա խոսքով` Սարգսի հետ կոնտակտը շատ հեշտ է ստացվել։ Եթե, օրինակ, Մերի Հակոբյանը և Ալեքսանդր Բաբասյանը նշել էին, որ իրենց համար բարդ էր, քանի որ նախապես չէին ճանաչել իրար, Էմման և Սարգիսը նման խնդիր չեն ունեցել։ «Նման տեսարանների համար մտերմություն պետք չէ։ Դու ներդնում ես դերասանական վարպետությունդ։ Այդ ժամանակ ես, որպես Էմմա, ոչինչ չեմ զգում, իմ բոլոր զգայարաններն անջատված են։ Ես աշխատում եմ միայն կերպարիս էմոցիոնալ դաշտում։ Այդ տեսարաններից, երևի, 25 օր է անցել, ես արդեն չեմ հիշում, այդ աստիճանի ոչինչ չի մնում դրանցից»,- նշեց դերասանուհին։
Խոսելով ամուսնու` դերասան Վիլեն Սարգսյանի արձագանքի մասին` Էմման ասաց, որ նման հարցերն իրենց մոտ քննարկման առարկա չեն դառնում։ «Մենք այդ մասին խոսել ենք տարիներ առաջ, երբ ընտանիք ենք կազմել, հիմա մեր կենցաղում նման հարցեր չկան։ Տեսարաններն ընտանեկան խնդիրներ չեն ստեղծել ու չեն ստեղծի, որովհետև ես իմ կողքին ունեմ մի մարդ, որը, բացի այն, որ իմ ասպարեզից է, նաև ինձ շատ լավ է ճանաչում և գիտի` ինչ է ինձ համար իմ աշխատանքը։ Մասնագիտական առումով մենք երբեք չենք սահմանափակում իրար։ Ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին ես պատրաստ եմ յուրաքանչյուր տեսարանի։ Այս նախագծում ես հասկացել եմ, որ սա ճիշտ տեղն է, չեն կարող այդ տեսարանները չլինել։ Էստեղ չկա սկանդալ, արտասովոր որևէ բան։ Դա շատ նորմալ է, մեր մասնագիտության մի մասը»,- նկատեց դերասանուհին։