Ինչպե՞ս է տղամարդկանց հոտը կանանց ստիպում սեքսի մասին մտածել
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս է տղամարդկանց հոտը կանանց ստիպում սեքսի մասին մտածել

Տոկիոյի (Ճապոնիա) համալսարանի գիտնականները բացահայտել են տղամարդկային ֆերոմոնների աշխատանքի գաղտնիքը` հետևելով, թե ինչպես է որձի հոտը ազդում էգի ուղեղի ու մարմնի վրա և նրան ստիպում պատրաստվել սերունդի շարունակմանը:

«Հայտնի է, որ որոշ ցնդող նյութեր և հատկապես ֆերոմոնները կարող են ուժեղ ազդեցություն ունենալ կենդանիների վարքի վրա նույնիսկ այն դեպքում, եթե դրանց առաջին անգամ են բախվում: Մենք ենթադրեցինք, որ կաթնասունների ուղեղում ինչ-որ մեխանզմ կա, որն այս մոլեկուլներն ընկալող հոտառության կենտրոնը միացնում է վարքի «շտկող» կենտրոնի հետ»,- նշել է հետազոտության հեղինակ Կաձուսիգե Թուհարան:

Ֆերոմոնները բարդ օրգանական մոլեկուլներ են, որոնք արտադրում է մաշկը և մարմնի այլ հատվածները, և վիթխարի դեր են կատարում կենդանիների մեծամասնության կյանքում: Միջատներից շատերը գործնականում բացառապես ֆերոմոնների միջոցով են շփվում: Առայժմ պարզ չէ, թե ֆերոմոնները որքան ուժեղ են ազդում մարդկանց վարքի վրա: Վերջին տարիներին գիտնականները գրեթե հավասար թվով վկայություններ են գտել ե’ւ նրա օգտին, որ դրանք կարող են կառավարել տղամարդկանց ու կանանց գործողությունները, ե’ւ նրա, որ սա մարդուն հատուկ չէ:

Թուհարան և նրա գործընկերները մեծ քայլ են կատարել այս հարցի պատասխանը գտնելու ուղղությամբ` մկների ուղեղում հատուկ հատված հայտնաբերելով, որը պատասխանատու է ESP1 մոլեկուլների, որձերի ամուսնական ֆերոմոնների նկատմամբ բնազդային ռեակցիայի համար:

Հետազոտողները հատուկ վիրուս են ստեղծել, որը թափանցում է նյարդային բջիջների մեջ, որտեղ ռեցեպտոր կա, որը տարբերակում է ֆերոմոնի մոլեկուլները և դրանք նշում լուսարձակող սպիտակուցների միջոցով: Սրա շնորհիվ ճապոնացի կենսաբաններին հաջողվել է հետևել նյարդային բջիջների աշխատանքին, որոնք մասնակցում են քիմիական ազդանշանները «համեմատելուն» և դրանք ուղեղին հաղորդելուն:

Գիտնականները հայտնաբերել են, որ նյարդային բջիջները, որոնք պատասխանատու են այս ազդանշանի հաղորդման համար, որձերի և էգերի ուղեղում միացված է նշաձև մարմնի, էմոցիաների կենտրոնի տարբեր հատվածների հետ: Ճապոնացի կենսաբանների կարծիքով` սա բացատրում է, թե ինչու են էգերը որձի ֆերոմոնների հայտնվելու դեպքում սերունդը շարունակելու ձգտում ունենում, իսկ որձերն ագրեսիվ են դառնում:

Գիտնականների կարծիքով` մարդու ուղեղի նմանօրինակ հատվածների որոնումը կարող է օգնել պարզել` արդյոք ֆերոմոններն ազդո՞ւմ են մեր վարքի վրա, և հասկանալ` արդյոք դրանց հետ կապվա՞ծ է սեռական դիսֆունկցիան:

Հոդվածը հրապարակվել է Neuron ամսագրում:

med.news.am