Սցենարիստ Սթիվեն Մոֆաթը՝ «Շեռլոք»-ի հեղինակներից մեկը, ակնարկել է սերիալի հնարավոր շարունակության մասին: Նրա խոսքը մեջբերում է Digital Spy պորտալը:
«Ես այն կարծիքին եմ, որ մենք դա կանենք: Մենք կվերադառնանք»,- հայտարարել է Մոֆաթը:
Սցենարիստն ընդգծել է, որ ներկայում զբաղված է «Դոկտոր Ովը» սերիալի վրա աշխատանքով: «Շեռլոք»-ի համահեղինակը և դերասաններից մեկը՝ Մարկ Գեթիսը, Մոֆաթի խոսքով, նույնպես զբաղվում է այլ նախագծով: «Մենք նրա հետ դեռևս չենք քննարկել, թե ինչ ենք անելու նոր եթերաշրջանում»,- նշել է նա:
Հունիսի 20-ին հաղորդվել է, որ Գեթիսը և Մոֆաթը սցենար են գրելու «Դրակուլա» հեռուստանախագծի համար:
«Շեռլոք»-ը BBC One-ով ցուցադրվել է 2010 թվականի հուլիսից: Սերիալում Արթուր Կոնան Դոյլի ստեղծագործությունների գործողությունը տեղափոխված է ժամանակակից Լոնդոն: Ընդամենը թողարկվել է չորս եթերաշրջան: Շեռլոք Հոլմսը, որի դերակատարը Բենեդիկտ Քամբերբեթչն է, փետրվարին ամենամեծ ժողովրդականություն վայելող հերոսն է ճանաչվել BBC-ի սերիալներից: