Անդրադարձ Պորտասար անվանը
Advertisement 1000 x 90

Անդրադարձ Պորտասար անվանը

Պորտասար հնավայրը գտնվում է Հայկական լեռնաշխարհի հարավում`  Հայկական Միջագետքի   Ուռհա  /Եդեսիա, Ուրֆա/  հնագույն քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք:  Պորտասարի մշակութային շերտերի /երեք շերտ/ բացահայտումը թույլ է տալիս ասել, որ այն մի քանի հազարամյակ եղել է նստակայց մարդկանց կրոնա-ծիսական կենտրոն: Տարածքը հայկական մշակութային արեալում է:

Հայոց լեզուն տարածաշրջանի /Հայկական լեռնաշխարհ և շրջակա տարածքներ, Փոքր Ասիա/ հնագույն լեզուներից է, որն ըստ նորագույն ուսումնասիրությունների խոսակցական լեզու է եղել դեռևս 8-9000 տարի առաջ: Պորտասար անունն, անկասկած հուշարձանին տրվել է  իբրև կյանքի, երկրի կենտրոն, պորտ, սար:  Ընդ որում Պորտասար  անվանումը հուշարձանին տրվել է  մարդկանց  կողմից, որոնք գիտեին նրա կրոնա-ծիսական  հուշարձան լինելու մասին, գիտեին երկրային կյանքի ու հանդերձյալ կյանքի մասին, ինչպես նաև ունեին թռչնակերպ Անգղ /Անգել/ աստծո պաշտամունքը, որը կապում էր այդ երկու  աշխարհները:  Իսկ քարե կոթողներ /խաչարձաններ, քարե հուշասյուներ, քարե կուռքեր, ավելի ուշ` խաչքարեր/  Հայաստանում եղել  են բոլոր ժամանակներում:  Հայկական Միջագետքում հայտնաբերված մոտ 12 հազար տարեկան այս հուշարձանը հնագիտական այն ապացույցն է, որը համեմատական լեզվաբանության հետ թույլ է տալիս ասել, որ Հայաստանը   ժամանակակից քաղաքակրթության բնօրրանն է:

Հիշատակենք նաև հայ պատմագրության  մեջ պահպանված մի հետաքրքիր վկայության մասին:   Փավստոս Բուզանդը / Vդ./ խոսելով հայոց Պապ  թագավորի  /353-374/ գործերի մասին գրում է, որ  նա պատգամավորներ է ուղարկում հունաց թագավորի մոտ, թե   <Կեսարիայի հետ ուրիշ տաս քաղաքներ մերն են եղել, ետ տուր. Ուռհա քաղաքն էլ մեր նախնիքն են շինել,  ուստի եթե չես ուզում, որ խռովություն ծագի, ետ տուր, հակառակ դեպքում մեծ պատերազմով կկռվենք>  /Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, Երևան, 1968, էջ  270;   գլ. ԼԲ/: Ինչպես վերևում նշվեց,   հուշարձանը  Պորտասար  կոչել կարող էին միայն հայ-արմենները,  որոնք տարածքի բնիկներն էին և գիտեին հուշարձանի կրոնա-ծիսական բնույթի մասին ,  իսկ  ընդամենը 8-9 դար առաջ այդ տարածքներում հայտնված թուրքերը չէին կարող իմանալ,  որ սարը  մշակութային հուշարձան է:  Կարծում ենք այսքանը բավական է ասելու, որ  այդ տարածքի հնագույն բնակիչները`  հայ-արմեններն  են  կրոնա-ծիսական այդ հուշարձանն անվանել Պորտասար:  Ավելի ուշ, թուրքերը հայտնվելով այս տարածքում, սարն անվանել են  Գեոբեկլի  թեփե /ուռած սար, հաստափոր սար/  ու   այժմ հուշարձանն այդ անունով   փորձում  են  ներկայացնել աշխարհին:   Նշենք նաև, որ  տվյալ վայրի իմաստն ու բովանդակությունը  մատնանշող տեղանուններ Հայաստանում շատ են հանդիպում.   Գանձասար /գանձ-սար/, Ուխտասար /Ուխտ-սար/,  Երկաթասար /երկաթ-սար/: Նույնն է նաև Պորտասարի դեպքում:

Այսպիսով Պորտասար անվանումը հնագույնն է և  ճիշտ է ներկայացնում  Հայկական լեռնաշխարհի հնագույն այս  հուշարձանի իմաստը, բովանդակությունը և  նշանակությունը:

Անժելա Տերյան

magaghat.am