Պատմաբան Վահե Անթանեսյանի պատմական ակնարկն միջնադարյան հայկական քաղաքային կոմունիկացիաների մասին:
Առևտրա – վաշխառուական այս խավը աստիճանաբար ձևավոևում էր հայկական բուրժուական հասարակարգը: Աստիճանաբար հասարակության մեջ այս հասարակարգը տիրապետող էր դառնում…. Եվրոպայում նման զարգացումներ հայտ եկան երեք դար անց միայն:
Յուրաքանչյուր հասարակարգի զարգացման մեջ առանձնակի կարևորություն ունի քաղաքաշինությունը և քաղաքային մշակույթի ձևավորումը:
Հայկական քաղաքների տեղադրումը, հատակագծումը, կառուցապատումը կանոնակարգված էր որոշակի ամրաշինական չափանիշներով, պայմանավորված` քաղաքի գործունեությունն ապահովող բազմաթիվ գործոններով. բնակլիմայական բարենպաստ պայմաններ, միջազգային տարանցիկ առևտրի մայրուղիներ, սրբավայրի առկայություն…
Այդ չափանիշներին ենթարկվել են հայկական բոլոր քաղաքները, չնչին բացառություններով…/Արծն, Արշակավան/:
Հայկական առաջին քաղաքը Վան – Տուշպան է, որ կառուցել է Վանի Արարատյան թագավորության տիրակալ Սարդուրի Ա (840-825 թթ մ.թ.ա.): Վանն ամուր պաշտպանված քաղաք էր: Այն ուներ հարուստ պաշտամունքային դիցարան:
Երկրի գլխավոր դիցարանը մայրաքաղաքում էր գտնվում նաև Երվանդունիների օրոք, երբ Արմավիրում հայոց արքաները կառուցեցին Արևի, Տիրի, Լուսինի, Անահիտի տաճարները, Սոսյաց անտառներ գցեցին…
Հայաստանում տարածված էր եռաքաղաք սիստեմը. այսինքն քաղաքը բաժանված էր երեք մասի. արքունիք, սրբավայր, բնակավայր:
Հայոց արքաներից առաջինը Երվանդ Դ (մթա 220-200) էր, որ մայրաքաղաքից անջատեց հոգևոր իշխանությունն ու ստեղծեց եռաքաղաք: Նա տարանջատեց աշխարհիկ ու հոգևոր իշխանությունները: Արքունիքը տեղափոխեց Երվանդաշատ, կուռքերը` Բագարան, իսկ Երվանդակերտում գեղատեսիլ դաստակերտ կառուցեց:
Արտաշես Ա (մթա 189-160) Արտաշատ մայրաքաղաքը կառուցեց Երասխ և Մեծամոր գետերի կազմած թերակղզու բլրաշարի վրա: Նա քաղաքի պարիսպը պատեց բլուրների լանջերով և տարանջատեց քաղաքը արքունի-վարչական, պաշտամունքային և բնակելի շրջանների: Առհասարակ Արտաշատը իր քաղաքային ուրույն կոմունիկացիաներով դասական քաղաք էր և հին աշխարհի նշանավոր քաղաքներից էր: Պատմիչների հավաստմամբ` Արտաշատի կառուցման գործում հայոց արքային իր խորհուրդներով օգնել է Հռոմից հալածված և նրա մոտ ապաստանած Կարթագենի զորավար Հաննիբալը: Ավանդույթը պատմում է նաև, որ Արտաշատի հատակագիծը հայոց արքան գծել է տվել իր կնոջ` հայոց թագուհի Սաթենիկի աչքի նմանությամբ:
Տիգրան Բ Մեծը (մթա 95-55) ստեղծելով իր հզոր կայսրությունը` երկրի կենտրոնում կառուցեց իր նոր մայրաքաղաքը` Տիգրանակերըը, որ դարձյալ եռաքաղաք էր: ա. Բուն քաղաքը սրբավայրով, բ. Պալատը իր ընդարձակ որսատեղիներով, լճերով, զբոսայգիներով, գ. Բերդը, որ իրենից ներկայացնում էր քաղաքի միջնաբերդը: Հետաքրքիր է, որ Արտաշատում չկար Բերդ: Դա պայմանավորված էր նրանով, որ նախ Տիգրանակերտի բնակչությունը միատարր չէր. այստեղ մեծ կշիռ ունեին օտարազգիները, ապա Արտաշատը միակենտրոն քաղաք էր:
Հետագայում, 330 թվականին Խոսրով Գ Կոտակը (330-338) Հայաստանի մայրաքաղաքը տեղափոխես Արտաշատից Դվին: Պատմիչների վկայությամբ` Արաքսը փոխել էր հունը և քաղաքի շրջակայքում առաջացած ճահիճները վատթարացրել էին միջավայրը: Սակայն սա չէր կարով լինել վճռական պատճառ: Պատմությունը ցույց է տալիս, որ դրանից հետո էլ Արտաշատում կյանքը շարունակվում էր նույն հունով և քաղաքը հետագայում էլ ստանձնեց Հայաստանի մայրաքաղաքը լինելու պատիվը:
Պարզապես, պիտի երևույթը դիտարկել Հայաստանի ներքաղաքական իրավիճակով: Արքան պայքար էր մղում կենտրոնախույս ուժերի դեմ: Նա անգամ կանգ չառավ արյունահեղության առաջ և իսպառ ոչնչացրեց Մանազվաղյանների, Որդունիների, Բզնունիների նախարարական հզոր տները: Բնականաբար, երկրի մայրաքաղաք Արտաշատի մեջ ազնվականության շրջանում արքայի հանդեպ գոյություն ուներ հզոր ընդդիմություն, որի ներկայությամբ հայոց արքան իրեն ապահով չէր զգում: Հատկանշական է, որ արքան Դվին չտեղափոխեց Հայոց կաթողիկոսությունը, քանզի եկեղեցին էլ հզոր նախարարությունների նման հանդես էր գալիս ապակենտրոն քաղաքականությամբ:
յսինքն, դարձյալ հայոց թագավորը ստեղծեց վարչական միավոր, ուր հստակ տարանջատված էին քաղաքական, հոգևոր և վարչական իշխանությունները:
Վասպուրականում Գագիկ Արծրունի թագավորը (908 – 943) իր մայրաքաղաքը նույնպես կառուցեց եռաքաղաք սկզբունքով. կառուցելով Վան – Ոստան – Աղթամար եռյակը: Երեքն էլ կառուցած էին պարսպապատ, ամրաշինական, գեղագիտական նրբագեղությամբ:
ագավորը նստում էր Ոստանում, բուն քաղաքը Վանում էր, իսկ Աղթամարը կաթողիկոսական նստավայր էր, ուր Գագիկ Արծրունու հրավերով 927 թվականին հաստատվեց Հովհաննես Դրասխանակերտցի կաթողիկոսը:
1-2-րդ դարերում Հայաստանում բուռն զարգացում էին ապրում Նիկոպոլիսը, Նեոկեսարիան, Սեբաստիան, Վաղարշապատը, Մծուրքը: Այս նորերի հետ զարգանում էին նաև հին քաղաքները` Արտաշատ, Երվանդաշատ, Զարեհավան, Զարիշատ, Նաշճավան, Արշամաշատ, Տիգրանակերտ, Արզն, Վան:
Առհասարակ, քաղաքների զարգացման համար մի քանի նախապայման էր հարկավոր. մեղմ և բարեբեր կլիմա, առևտրային ճանապարհների մոտիկություն: Չինաստանից և Հնդկաստանից եկող Մետաքսի ճանապարհը Իրանի վրայով մտնում էր Հայաստան և ձգվում արևելքից արևմուտք: Առհասարակ, քաղաքների զարգացման և բնականոն գոյության համար կարևոր նախապայման էր առևտրական ճանապարհներին մոտ լինելը:
Դեռևս 166 թվականին Հռոմեական կայսրությունը Պարթևստանի հետ կնքում է համաձայնագիր, որով պայմանավորվում են միջազգային ապրանքափոխանակությունը կատարել երեք քաղաքներում: Դրանցից մեկը Արտաշատն էր:
Արտաշատը գտնվում էր բանուկ առևտրական ճանապարհների վրա և այնտեղ արհեստների հետ զարգացած էր նաև առևտուրը: Հույն պատմիչ Ստրաբոնը նշում է, որ պոնտական Կոմանա քաղաքի բարգավաճումը կապված է բացառապես Հայաստանից բերված ապրանքների և Հայաստանի հետ կատարվող առևտրի շնորհիվ: Հայաստանի առևտրային շրջանառությունը միայն Փոքր Ասիայով չէր սահմանափակվում: Առևտուրը ընթանում էր Հս. Աֆրիկայի երկրների, Միջագետքի, անգամ` ծովով Հնդկաստանի հետ: Սակայն առևտրական հիմնական ուղիները այնուամենայնիվ ցամաքով էին անցնում և Չինաստանից եկող Մետաքսի ճանապարհը անցնում էր Հայաստանով, մասնավորապես` Արտաշատով:
Հելլենիստական ժամանակաշրջանում Հայաստանում արհեստագործության մեջ նշվում է ավելի քան հիսուն մասնագիտություն:
Առհասարակ պետությունների արտաքին քաղաքականության մեջ կարևորագույն դեր ուներ միջազգային առևտրական ուղիների վրա վերահսկողություն հաստատելը: Տիգրան Մեծի նվաճումներում կարևոր դեր էր տանում հենց հարավային առևտրային ճանապարհների վրա վերահսկողությունը, որն էլ առաջնահերթ իրականացրեց արտաքին նվաճողական քաղաքականություն վարող հայոց արքան:
Տիգրանը հատուկ ուշադրություն դարձրեց հատկապես Եփրատի գետանցներին, որոնց հսկողությունը վստահեց իր հպատակ արաբական ցեղերին:
Հարավային ճանապարհների վրա հսկողություն սահմանելու արդյունքում Հայաստանում բարձրացավ նաև Մծբին քաղաքի դերը:
Այս ժամանակաշրջանում Հայաստանի քաղաքները շարունակում էին պահել իրենց բնույթը իբրև քաղաքային համայնքներ, որ ունեին ներքին ինքնավարություն, բայց ենթարկվում էին թագավորի կողմից նշանակված շահապին:
Հայաստանի քաղաքների բնակչության կազմը միատարր չէր, ապրում էին հույներ, պարսիկներ, ասորիներ, հրեաներ… Սրանք բոլորը բնակվում էին առանձին թաղամասերով` ավաններում: Այս համայնական թաղամասերի գլուխը ռեսն էր:
Ավաններում էին բնակվում նաև օտարազգի վաճառականները, որոնք իրավունք չունեին գիշերելու Շահաստանում /Քաղաքամեջ/ և քաղաքի դարպասները փակվելուց առաջ պարտավոր էին լքել Շահաստանի տարածքը: Օտարականների և այլ եկվորների համար արվարձաններում կառուցված էին Պանդխտանոցներ:
Չնայած` անգամ խառն ազգաբնակչությամբ քաղաքներում ռազմա – ստրկատիրական ավագանին և քրմական դասը բացառապես բաղկացած էր հայերից:
Ազատ քաղաքացիներն ունեին իրենց ՙգործոց տները՚ ուր աշխատում էին ստրուկները:
Հայկական քաղաքների մինական հատկանիշներն էին շուկան, թատրոնը և սրբավայրը` մեհյանը: Արտաշատի հովանավորը աստվածամայր Անահիտն էր: Քաղաքի միջնաբերդը` պարսպապատ մասն էր համարվում բուն քաղաք, նրա շուրջը փռված բնակավայրը ավանն էր:
Գործոց տները՚ գտնվում էին ավանում: Ամեն քաղաք ուներ իր քաղաքային գավառը, ուր մեծահարուստներն ունեին իրենց ագարակները, ամառանոցները, դաստակերտերը` կցված հողագորխ ազգաբնակչությամբ. /Նախճավանի գավառ, Տոսպ գավառ, Զարեհավան գավառ…/
Գործոց տներում արտադրվում էին զանազան ապրանքներ. սկսած զենքից, ավարտած կենցաղում օգտագործվող մանրուքներով:
Քաղաքների կյանքում կարևորագույն դեր էր խաղում շուկան: Այն գտնվում էր Շահաստանում` պարիսպներից ներս:
Հայկական մեծ քաղաքներում կային նաև ցորենի, գարու, առաջին անհրաժեշտության ապրանքների պետական շտեմարաններ, ուր հավաքված ապրանքն օգտագործվում էր բացառապես պատերազմների, պաշարումների կամ սովի ժամանակ: Այս շտեմարանների, առհասարակ քաղաքի կարգուկանոնի հսկողությունը գտնվում էր արքայի նշանակած շահապի ձեռքում:
Միջնադարյան քաղաքների կարևորագույն բաղկացուցիչ մասն էր կազմում նաև թատրոնը: Այն մեծ մասսայականություն էր վայելում բնակչության բոլոր խավերի մեջ: Որքան էլ եկեղեցին թատրոնը համարում էր հեթանոսական մնացուկ և պայքարում էր նրա դեմ, ապարդյուն. թատրոնը քաղաքային բնակչության ժամանցի ամենակարևոր բաղկացուցիչն էր: Մանավանդ ժողովրդական տոներին մեծ էր լինում թատրոնի այցելուների թիվը: Կայնի նաև շրջիկ թատրոններ, որ շրջում էին Հայաստանի փոքր ու միջին քաղաքներով:
Քաղաքային կոմունիկացիաների մեջ կարևորագույն տեղն ունեին քաղաքի պաշտպանական պարիսպները: Դրանք միշտ իշխանության և ժողովրդի հոգածության ներքո են եղել. քանզի ապահովել են բնակչության բոլոր խավերի անվտանգությունը: Պարիսպները երբեմն եղել են երկշերտ, եռաշերտ, ամրացված բուրգերով ու աշտարակներով: Երբեմն խաղաղ ժամանակներում պարիսպները ծառայցրել են կենցաղային նպատակներով:
Պարիսպներից դուրս եղել է խրամը` մի քանի մետր լայնությամբ խոր ջրանցքը, որ ունեցել է երկու նշանակություն. պատերազմների ժամանակ այն լցված էր որպեսզի հարձակվող թշնամու բանակների հարձակողական թափը կոտրի, իսկ խաղաղ ժամանակներում ջրմուղի ջուրն օգտագործվում էր ոռոգման նպատակներով:
Խրամի և պարսպի մեջտեղում ևս մեկ կառույց կար` հողապատնեշը, որ նույնպես պաշտպանական նշանակություն ուներ:
Պարիսպների մեջ էր գտնվում քաղաքի դարպասը: Մեծ քաղաքները մի քանի դարպասներ են ունեցել: Երեկոյան, սահմանված ժամին բերդապետը կողբում է քաղաքի դարպասները և բանալիները հանձնում է իշխանին կամ քաղաքի ավագանուն: Առանց իշխանավորի թույլտվության քաղաքի դարպասները ոչ ոք չէր կարող բացել:
Արքայանիստ քաղաքը որ էր հայոց մայրաքաղաքը, կոչվել է ՙՈստան Հայոց՚: Նման կոչում պատմիչները տվել են հատկապես Դվինին, որ Հայոց մայրաքաղաք դարձավ 4-րդ դարում: Դվինը հատկապես հայտնի էր իր դրամահատարանով, խեցեգործությամբ, ապակե արտադրությամբ, գորգագործությամբ: Դվինը որպես մայրաքաղաք փոխարինեց Արտաշատին և իր նախորդի պես երկար ժամանակ կենսունակ եղավ:
Դվինը նույնպես գտնվում էր բանուկ առևտրական ճանապարհների վրա: Այն ուներ հինգ գլխավոր ճանապարհ և դուռ. ա/Արևմտյան, որ Կարինի ուղղությամբ էր տանում, բ/ Հարավ-արևմտյան, որ դեպի Խլաթ էր տանում, գ/ Արևելյան, որ տանում էր դեպի Արցախ և Պարտավ, դ/Հարավ-արևելյան` դեպի Նախիջևան և Թավրիզ ե/ Հյուսիսային, որ Լոռու վրայով դեպի Թիֆլիս էր տանում:
Միջնադարում արդեն Հայաստանում ձևավորվում է քաղաքային դասը իր ուրույն բնակչությամբ:
Քաղաքային բնակչությունը օրենքով ամրագրված իրավունքներ ուներ և արտոնություններ` գյուղական բնակչության հանդեպ: Դեռ քերթողահայր Խորենացին է գրել, որ հայոց Վաղարշակ արքան օժտեց արտոնություններով քաղաքաբնակներին և ՙհրաման է տալիս, որ քաղաքացիների հարգն ու պատիվը ավելի լինի, քան գյուղացիներինը, որ գյուղացիները պատվեն քաղաքացիներին ինչպես իշխանների…՚
Սա ամրագրված էր նաև Մխիթար Գոշի կազմած 13-րդ դարի ՙԴատաստանագրքում՚ /որ սահմանադրության դեր էր կատարում հայոց մեջ/ և այդ իսկ պատճառով քաղաքը գրավիչ էր բնակչության բոլոր խավերի համար և դա խթան էր որ Հայաստանում զարգանան քաղաքներն ու արհեստները:
Քաղաքի բնակչությունն ազատ էր, գյուղացիները անազատ դասն էին կազմում: Այսպիսով, քաղաքների զարգացումը Հայաստանում ուներ լուրջ սոցիալական խթան:
Միայն 9 – 14 րդ դարերում Հայաստանում առաջացան 30 մեծ ու փոքր քաղաքներ և 20-ից ավելի գյուղաքաղաքներ: Քաղաքների զարգացմանը նպաստեց նաև այն, որ Արաբական խալիֆայության և Բյուզանդիայի միջև Հայաստանը համարվում էր չեզոք երկիր և միջազգային առևտուրը բացառապես կատարվում էր Հայաստանի տարածքում:
Հայաստանում սելջուկյան արշավանքներից հետո քաղաքային կյանքն աշխուժացավ, երբ Զաքարյանները ազատագրեցին երկիրը և քաղաքային կյանքը նոր շունչ ստացավ: Արագ թափով զարգացան արհեստները: Արտադրության ձևերը կատարելագործվեցին: Դեռևս 10-րդ դարում ստեղծվեցին առաջին համքարությունները: Դրանք կազմակերպություններ էին, որ իրենց մեջ միավորում էին նույն արհեստով զբաղվող մարդկանց: Համքարությունները փաստորեն, իրենցից ներկայացնում էին ներկայիս արհմիությունները:
Նրանցում միավորված արհեստավորները պաշտպանում էին միմյանց շահերը, միասին որոշում էին շուկայում իրենց արտադրանքի գները… Կային մշակված որոշակի կանոններ համքարության անդամների համար: Համքարության մեջ վեճերը լուծվում էին ՙԾերոց ատյաններում՚ որ կազմված էր առավել տարեց, հմուտ վարպետներից: Համքարությունների անդամները նաև ապրում էին նույն փողոցում, շարքով: Անիում հայտնի էին Դարբինների փողոցը, Թամբագործների փողոցը, Կոշկակարոցը և այլն: Նրանք իրենց արհեստը փոխանցում էին սերնդե սերունդ: Երբ վարպետը կամ հայրը ավարտած է համարում աշակերտի ուսումը և աշակերտն այսուհետ կարող էր ինքնուրույն աշխատել և որպես վարպետ ներկայանալ` նա իր ձեռքերը լվանում էր աշակերտի ձեռքերի վրա, որպեսզի իր ձեռքի շնորհն անցնի աշակերտին: Համքարության մեջ մտած և վարպետ համարվող անդամը կարող էր ունենալ իր կնիքը: Յուրահատուկ ծես գոյություն ուներ համքարության մեջ նոր անդամ ընդունելու համար: Այն կատարվում էր բոլոր անդամների ներկայությամբ: Համքարություններն ունեին իրենց նշան- դրոշները:
Հայաստանում քաղաքները բաժանվում էին երկու մասի. արքունի և ինքնավար: վերջիններն ուների որոշ ներքին ինքնավարություն և կառավարվում էին ավագանու կողմից: Այս քաղաքներն անգամ իրենց սեփական զորքն ունեին, որ կազմված էր արհեստավորներից:
Քաղաքները հիմնականում տեղակայված էին առևտրային ճանապարհների վրա: Մասնավորապես, հյուսիսային առևտրային ճանապարհների վրա էին Անին, Կարսը, Դվինը, Երևանը, Երզնկան, Նախիջևանը…
Հարավային ուղիների վրա էին Վանը, Արճեշը, Ոստանը, Խլաթը, Մանազկերտը…
Հայկական քաղաքներում կյանքը եռում էր աշխատանքով, հանդեսներով, տոնախմբությամբ թատրոնով… Այստեղ մշակութային օջախների հետ մեկտեղ շվայտ ու ցոփ կյանքի համար առկա էին բոլոր պայմանները:
Այնուհանդերձ, ակտիվ առևտրի գոյությունը ենթադրում էր այդ առևտրի անվտանգությունն ու հարմարվետությունը ապահովող հաստատությունների առկայություն:
Առևտուրն ապահովելու համար Հայաստանի քաղաքներում ամենուր պանդոկներ էին կառուցվում: Սրանք ունեին ամեն անհրաժեշտը ճամփորդներին ու առևտրական քարավաններին սպասարկելու համար: Մասնավորապես, անհատ առևտրականը կամ ամբողջ քարավանը պանդոկներում ու քարավանատներում կարող էին օթևանի հետ մեկտեղ գտնել սնունդ, կերակուր անասունների համար, փոխադրամիջոց, անգամ, անհրաժեշտության դեպքում` զինված պահպանություն: Պանդոկներ ունեին ոչ միայն իշխաններն ու արքաները, այլև եկեղեցին ու նոր բարձրացող հայոց առևտրական, վաշխառուական խավը:
Իրենց տարածքով անցնող քարավանների ապահովության համար իշխաններն ու ֆեոդալները ստեղծել էին հատուկ զինվորական ջոկատներ, որոնք ուղեկցում էին քարավաններին իշխանության տարածքում:
Հայոց քաղաքներում առանձնահատուկ տեղ ունեին բաղնիքները: Նրանք քաղաքային մշակույթի կարևորագույն էլեմենտներից էին և ամենևին զեխության վայրեր չէին, ինչպես Ռուսաստանում և Արևելքում:
Արտաշատն ուներ ջեռուցվող բաղնիքներ. կրակարանից ծուխը կավե խողովակներով անցնում էր բաղնիքի հատակով ու պատերով և տաքացնում դրանք: Այս մեխանիզմը տարածում գտավ աշխարհում միայն երկու տասնամյակ առաջ…
Հայաստանի տարածքում համեմատաբար լավ են պահպանվել Ախթալայի, Ամբերդի, Լոռի բերդի բաղնիքները…
Կիլիկյան Հայաստանում քաղաքները գլխավորել են թագավորների ներկայացուցիչները` կապիտանները: Վերջիններս, հատկապես նավահանգստային քաղաքներում, ունեցել են քաղաքական, վարչական և ոստիկանական լայն լիազորություններ: Քաղաքային կարևորագույն պաշտոնյաներ էին ձեռներեցները, մուխթասիբները և դուկերը, որ հսկում էին շուկայում չափի ու կշռի կարգավորումները, գները, հավաքում էին հարկերն ու տուրքերը:
Կիլիկիո մայրաքաղաք Սիսում էին գտնվում արքայական պալատը, բանտը, դրամատունը,իշխանաց տունը, գրադարանը, համալսարանը` դպրատունը: Քաղաքում էին կենտրոնացած օտարերկրյա դեսպանատները: 12-րդ դարի վերջին Սիս է այցելում ավստրիական դեսպան Վիլլեբրանդ Օլդենբուրգցին և հիանում է քաղաքի գեղեցկությամբ ու ճոխությամբ:
Իր գեղեցկությամբ ու ամրությամբ աչքի էր ընկնում ծովափնյա Տարսոն քաղաքը: Այստեղ ավանդաբար կատարվում էին թագադրման արարողությունները:
Նշանավոր էին Ադանան, Մամեստիան… Իր տնտեսական նշանակությամբ մեծ էր հատկապես Այաս նավահանգստային քաղաքի դերը: Այն առևտրական կապող օղակ էր Եվրոպայի, Ասիայի ու Աֆրիկայի միջև:
Մի օրինակ միայն Այասի նշանակությունն ընդգծելու համար. Այասում նստող Վենետիկյան պայլը իր հպատակների առևտրական գործունեությունից գանձելով ընդամենը կես տոկոս մաքս, մեկ ու կես տարվա ընթացքում ստացել էր 7200 ֆրանկ եկամուտ: Այսպիսով, միայն վենետիկցիների առևտրական շրջանառությունը տարեկան կազմում էր մոտ մեկուկես միլիոն ֆրանկ, որից 2 – 4 տոկոսը որպես մաքս մտնում էր Սսի արքունիք:
1323 – 1337 թվականներին Եգիպտոսը որպես հարկ հայոց պետությունից Այաքսի բաժնից ստացել է 1200000 դրամ հարկ, որ միայն մի փոքր մասն է կազմել շրջանառու միջոցներից:
Քաղաքային բնակչությունը բաժանվում էր մի քանի մասերի: Ստորին խավը` մանր առևտրականներ, սևագործ բանվորներ, կոչվում էին ռամիկներ: Ապահով զանգվածը կազմում էր ազատանին: Կար հատուկ վարձով աշխատողների դաս, որ մշակ էր կոչվում:
ԺԳ դարում Հայաստանում առաջացավ նոր խավ` մեծատունների խավը: Սրանք առևտրական դասի այն ներկայացուցիչներն էին, որ կուտակելով հսկայական հարստություն` մեծ դերակատարություն ունեցան հասարակական կյանքում: Դրանցից ամենանշանավորը անեցի Տիգրան Հոնենցն էր: Նա հասարակ ծագում ուներ, սակայն հետագայում Զաքարյանների մոտ պաշտոն ստանձնեց և նրանց հարկային վերակացուն էր քաղաքում: Տիգրան Հոնենցը մեծ կալվածքներ, ամառանոցներ, ջրաղացներ, ագարակներ ձեռք բերեց: Նա նաև վաշխառությամբ էր զբաղվում: Որպես կանոն` հայ մեծատունները բարեգործությամբ էին զբաղվում: Տիգրան Հոնենցը 1215 թվականին Անիում կառուցեց քաղաքի հրաշագեղ եկեղեցիներից մեկը, այն զարդարեց արվեստի գեղեցկատես գործերով:
Մյուս հայտնի մեծատունը մանազկերտցի Ումեկն էր, որ իր առևտրա – վաշխառուական գործունեությունը ծավալել է Կարինում: Ումեկը հետագայում հաստատվեց Տփղիսում: Նա 40000 դուկատով Զաքարյաններից գնել է Գետիկը և նվիրատվություններ է կատարում Գոշավանքին:
Ավելի հաջողակ ու մեծահարուստ Ավետենց Սահմադդինը 1263 թվականին գնեց մայրաքաղաք Անին: Սահմադդինին էր պատկանում նաև Երևան քաղաքը:
Առևտրա – վաշխառուական այս խավը աստիճանաբար ձևավոևում էր հայկական բուրժուական հասարակարգը: Աստիճանաբար հասարակության մեջ այս հասարակարգը տիրապետող էր դառնում…
Եվրոպայում նման զարգացումներ հայտ եկան երեք դար անց միայն: Սակայն հայ հասարակարգի զարգացումը կանգ առավ մոնղոլական արշավանքների պատճառով…