Ինչո՞ւ են հայերը ավանդաբար հյուրընկալ և հյուրասեր
Advertisement 1000 x 90

Ինչո՞ւ են հայերը ավանդաբար հյուրընկալ և հյուրասեր

Այս սովորությունը, որ այսօր հաճախ նաև ազգային հպարտության առարկա է, հաճելի զարմանքով նշել են նաև անցյալի օտարազգի հեղինակները իրենց՝ Հայաստանի մասին ճանապարհորդական նկարագրություններում։ Այն ունի որոշակի բացատրություն և հիմնավորում։

Մեր ժողովուրդը անհիշելի ժամանակներից հավատում էր տնային պահապան բարի ոգիների գոյությանը, որը «քրիստոնեացվելով» վերանվանվել էր տան պահապան բարի հրեշտակների, սակայն չփոխելով էությունը։ Իսկ էությունն այն էր, որ նրանք հեռու են պահում ընտանիքի անդամներին զանազան փորձանքներից ու չար ոգիներից ինչպես նաև վտանգներից։ Շնորհիվ այդ հրեշտակների է, որ հարատևում է այդ օջախը։

Այդպիսի հրեշտակներից էին՝ երեխային մինչև ծնողներին ճանաչելը պահապան հրեշտակը, հացի հրեշտակը, տան և տավարի դովլաթ հրեշտակները, Բարաքյաթը, Չորեքմուտքը, Ուրբաթմուտքը և Կիրակնամուտքը կամ Հիշտեքը և այլն։

Համաձայն ժողովրդական հավատքի, այս տնային պահապան հրեշտակների հովանավորության տակ էին գտնվում ճանապարհորդներն ու հյուրերը։ Հյուրերը համարվում էին Աստծո տված (ուղարկած)։ Եվ նրանք առաջին հերթին տան պահապան ոգիների հյուրերն էին, իսկ նրանց համար կազմակերպված հյուրասիրությունը՝ դա կերակուրների և համեղ ուտեստների զոհաբերություն էր հանուն տան պահապան բարի ոգիների։ Պատահական չէր տան տերերի կողմից հյուրին ստիպելը, որ նա շատ ուտի, և նրա ափսեի մեջ դրվում էին ամենահամեղ ու ախորժալի պատառները։ Իսկ հյուրին չընդունելը կնշանակեր այդ ոգիների առջև մեղանչել, նրանց բարկացնել, որոնք կարող էին հեռանալ այդ օջախից․․․

Հիմա էլ թանկագին հյուրին ստիպում են «այս մի համեղ կտորն էլ փորձել․․․», որը պարզապես՝ սովորություն է․․․

Այս հրապարակման նյութը քաղել ենք Խ․ Սամուելյանի ուսումնասիրությունից, այն մեր կողմից որոշակի խմբագրված ու լրացված է։

Տիգրան Մկրտյան, Facebook