Երկու շաբաթ է` Ucom ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում հեռարձակվում է` «Դեպի վայրէջք» 25 մասանոց հեռուստանովելը, որը լայն քննարկումների առիթ դարձավ։ Ֆիլմի ամենափոքրիկ դերասանուհին` 5-ամյա Յանան, գլխավոր հերոսի` Սոսի դերակատար Սարգիս Գրիգորյանի դուստրն է։ Tert.am Life-ը ներկայացնում է Յանայի և Սարգսի լուսանկարները` նկարահանման հրապարակից և հարցազրույցը հոր և դստեր հետ։
Սարգիսն ու Անին ֆիլմում էլ են խաղում հայր ու աղջկա։ Անիի նկարահանումներից առաջ Սարգիսը շատ էր հուզվում։ Հատկապես առաջին օրերին դերասանը մեծ անհանգստությամբ էր սպասում նկարահանումներին։ Ուզում է` դուստրը լավագույնս ներկայանա։ Սարգիսն ասում է, որ երբեք իր երեխաներին չի ստիպի գնալ իր ճանապարհով, եթե Յանան համապատասխան ջիղ չունենար, չէր հայտնվի հեռուստատեսությունում։
Ստեղծագործական կազմն էլ փաստում է, որ Յանան հեշտությամբ ինտեգրվեց իր համար նոր միջավայրին։ Ասում են` նկարահանման վերջին օրը փոքրիկն այնպես է խաղացել, որ բոլորը հուզվել ու արտասվել են։
Յանայի մայրիկը` Մանոն էլ պատմեց, որ արտասվելու տեսարանները հիմնականում առանց արցունքաբեր նյութի են ստացվել։ «Երբ իմանում է, որ պետք է արցունքաբեր նյութ օգտագործեն, այնպես է լացում, որ այլևս դրա կարիքը չի լինում»,- նկատեց նա։
Դստեր լավ խաղը Սարգսի համար պատվի հարց է։ «Ինձ համար բավականին պատասխանատու հարց է, որովհետև չեմ ուզում ասեն՝ Սարգսի աղջիկն է, բերել, խցկել են, որ խաղա։ Ի սկզբանե որոշել էի, եթե առաջին օրը չկարողանա խաղալ, կհանեմ նախագծից, որովհետև դեմ եմ, երբ երեխաներին զոռով են նկարահանում։ Մենք իրեն զոռով չենք բերել նկարահանման հրապարակ, կոնֆետով չենք խաբել։ Յանան, իսկապես, սիրում է այն, ինչ անում է։ Խաղում է, սպասում է, ամեն առավոտ արթնանում է ու հարցնում` այսօր նկարահանմա՞ն եմ։ Այս ամենն իր համար հետաքրքիր է»,- նկատեց դերասանը։
Յանան ասաց, որ նկարահանումներն իր համար հետաքրքիր են անցնում։ «Ինձ համար լավ ա, բայց եթե տխուր եմ լինում (նկատի ունի կերպարի տխրությունը, հեղ.), մի քիչ հուզվում եմ։ Պապայից գոհ եմ, օգնում ա, որ հիշեմ։ Տանն էլ մի պուճուրիկ բացատրել ա, քնելուց առաջ սովորել ենք խոսքերը»,- ասաց փոքրիկ դերասանուհին։
Սարգիսը նշեց, որ մի անգամ է փորձ արել աղջկա հետ։ «Ռեժիսորի հետ պայմանավորվեցինք, որ չեմ խառնվելու նկարահանումներին։ Մի անգամ ենք փորձել, ուղղակի ուզում էի ստուգել իր միմիկաները։ Ես չեմ պարապում իր հետ, քանի որ ֆիլմում կա ռեժիսոր, նա է հրամանատարը, իսկ նա խնդրել է, որ չզբաղվեմ երեխայով, ինքն իր աշխատաոճն ունի»,- նշեց դերասանը։
Հայրիկին հեռուստացույցով տեսնելիս փոքրիկը միշտ ցանկացել է էկրանի հակառակ կողմում հայտնվել, բայց նկարահանման հրապարակում սրտնեղում է, որբ հայրիկին «լավ» չեն վերաբերում։ «Երբ տեսա, որ պապային բռնել էին, լացեցի»,- ասաց նա։ Խոսելով քույրիկի` 7-ամյա Էվայի արձագանքի մասին` Յանան ասաց. «Տատիկն իրեն ցույց ա տվել վիդեոները, ասում ա` շատ լավ ա»։
Յանան ասում է` Ելենա Արշակյանն իրեն օգնում է, երբ ինչ–որ բան չի կարողանում։ «Որ մի բան չեմ կարողանում, Ելենան նորից ասում ա, բառերը հուշում ա։ Ամենադժվարն էն ժամանակ ա, երբ ասում են` քնի»,- ասաց նա։
Սարգիսը նշեց, որ ուզում է Յանան իրեն լավ դրսևորի, դրա համար էլ պահանջկոտ է։ «Ես երբեք գոհ չեմ լինի իրենից, որովհետև կուզեմ ավելիին ձգտի։ Այս տարիքի համար այնքանով եմ գոհ, որ ինքը սիրելով է գալիս։ Մենք իրեն չենք պարտադրում։ Առհասարակ, երեխաների հետ դժվար է աշխատել։ Ասում են` խոսեց, վերջ, ստացվեց։ Յանայի դեպքում միայն խոսելը չէ, մենք աշխատում ենք նաև իր խաղի վրա»- նկատեց դերասանը։