Մոսկվայի կառավարությունը հավանություն է տվել հարավկորեական Bundang հոսպիտալի և գործարար Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խմբի համատեղ նախագծին, որը նախատեսում է «Սկոլկովո» նորարարական կենտրոնի Միջազգային բժշկական կլաստերի տարածքում կլինիկայի շինարարություն սկսել:
Կլաստերի առաջին կորպուսի՝ կլինիկա-դիագնոստիկ կենտրոնի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2017թ. վերջին: Նաև կառուցվելու է բազմապրոֆիլ կլինիկա և ավելի քան մեկ տասնյակ կլինիկաներ Ռուսաստանի համար անհրաժեշտ բժշկական ուղղվածությամբ՝ կարդիոլոգիա, բազմապրոֆիլ վերականգնում, ուռուցքաբանություն, մանկական հիվանդություններ, հայտնում է Vademecum պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Նոր կլինիկայի շինարարության նպատակն է ռուսաստանցիների ներգրավումը, որոնք սովորաբար բուժվելու են մեկնում արտասահման:
Մոսկվայի միջազգային բժշկական կլաստերը պլանավորում է ներգրավել մինչև 90 միլիարդ ռուբլի ներդրում, ինչպես նաև միջազգային մակարդակի 20 առաջատար կազմակերպություն՝ կլաստերի տարածքում գործելու նպատակով:
Bundang հոսպիտալը Սեուլի ազգային ինստիտուտի հոսպիտալի հինգ մասնաճյուղերից մեկն է: Գտնվում է Սեուլի արվարձանում, հիմնվել է 2003թ.: Bundang Hospital-ի հասույթը կազմում է 275 մլն դոլար, այդտեղ աշխատում է ավելի քան 500 բժիշկ: