Ամերիկաբնակ ռեժիսոր Անդրեյ Զագդանսկու «Վահրիճը և Սև քառակուսին» ֆիլմը թողարկվեց 2015 թվականին ու մինչ օրս աշխարհի ամենատարբեր քաղաքներում (Երևանն այստեղ, ցավոք, բացառություն է) հանդիպում-քննարկումնէրի նյութ է դառնում: Այսպես, բոլորովին վերջերս ֆիլմը ցուցադրվեց Լվովի ազգային թանգարանում՝ հատուկ զեկուցումից հետո:
Վահրիճ Բախչանյանը համարվում է «ռուսական Ամերիկայի» կերպարվեստի առաջին դեմքը, անվավել է «խորհրդային ավանգարդի հայրապետ», «վերջին ֆուտուրիստ» (Անդրեյ Սինյավսկու բնորոշումն է): Նա մի յուրօրինակ նկարիչ է, ով մեծ ազդեցություն ու մտերիմ հարաբերություններ է ունեցել Սերգեյ Դովլաթովի, Ալեքսանդր Գենիսի, Էդուարդ Լիմոնովի (Լիմոնով մականունն իսկ Բախչանյանն է հորինել), Յուրի Շևչուկի և այլոց հետ: Ինչպես գրում է Դովլաթովը՝ Բախչանյանն իրեն 150 տոկոսանոց հայ էր համարում: Նկարչի գործերը պահվում են Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում, Ցիմերլիի արվեստի թանգարանում և Տրետյակովյան պատկերասրահում:
Ֆիլմ-կոլաժը նկարահանվում էր երկար տարիների ընթացքում` ֆինանսական խնդիրների հաղթահարմանը զուգընթաց: 81-րոպեանոց ֆիլմի բյուջեն արդյունքում կազմեց մոտ 450 հազար ԱՄՆ դոլար: Ֆիլմը ներառում է Բախչանյանի՝ հատուկ ֆիլմի համար արված նկարահանումները, նկարչի աշխատանքները` անիմացված տարբերակով ու նրա աֆորիզմների ուղեկցությամբ, ժամանակակիցների խոսքը: Հատուկ ֆիլմի համար Զագդանսկին Կիևի ակադեմիական թատրոնում առաջին անգամ բեմադրեց Բախչանյանի «Ճայ-Մրրկահավը» պիեսը, որտեղ չեխովյան կերպարները արտասանում են Գորկու պոեմի տողերը:
Ամբողջությամբ՝ hraparak.am