Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը հանրությանը հայտնի է վերջին շրջանում նկարահանված հայկական ամենառեյթինգային ֆիլմերից, որտեղ շիկահեր գեղեցկուհին սովորաբար մարմնավորել է ոչ դրական կերպարներ: «Եթե գտնեմ քեզ» սերիալում, սակայն, այս կարծրատիպը կոտրվեց, և Նաիրան մարմնավորեց շատ դրական, առաքինի ու մարդկային լավագույն հատկանիշներով օժտված մի կերպարի: Կերպարային փոփոխության, Նաիրայի ամառային առօրյայի ու նիհարելու մեծ ցանկության մասին էլ BlogNews.am-ն այսօր զրուցել է դերասանուհու հետ.
«Յուրաքանչյուր դերասանի համար էլ հաճելի է, երբ աշխատանքային պրոցեսում նա ստեղծագործում է: Հետևաբար, այն կերպարը, որն ասելիք ունի, ինձ համար հետաքրքիր է: Ամեն կերտված դերի նկատմամբ անհատական վերաբերմունք է ցուցաբերվում, ու նշանակություն չունի՝ դրական է այն, թե բացասական, կարևորը՝ դերը խառնվածք ունենա»,- ասում է Նաիրա Մովսիսյանը:
Չնայած նրան, որ Նաիրային հանդիսատեսն ու հեռուստադիտողը սիրել են որպես ոչ նիհար, կոլորիտային դերասանուհու, Նաիրան վերջին շրջանում ամեն ջանք գործադրում է կիլոգրամներ կորցնելու համար: Ի՞նչն է խանգարում Նաիրային, և ինչո՞ւ է նա անընդհատ նիհարում, եթե համաչափ քաշի մեջ էլ նա գեղեցիկ է ու կանացի. «Խնդիրն այն է, որ էկրաններից ես միշտ իմ իրական քաշից 8-10 կիլոգրամ ավել եմ երևում: Ժամանակին շատ նիհար եմ եղել, բայց էկրանից դա չի երևացել: Օրինակ՝ «Պահանջվում է միլիոնատեր» ֆիլմում ես իմ ներկայիս քաշի կեսն ունեի, բայց էկրանից ես էլի այդ նույն թմբլիկ վիճակն ունեի: Կարծում եմ՝ ճիշտ որոշում եմ կայացրել, մանավանդ որ բոլոր ռեժիսորներն ուզում են, որ ես նիհարեմ»:
Նաիրան պնդում է, որ պետք է առողջ նիհարել, իսկ դա նախ և առաջ ժամանակին, ճիշտ չափաբաժնով ու օրվա մեջ մի քանի անգամ սնվելն է: Դերասանուհին նիհարելու փորձ արդեն ունեցել է 3 տարի առաջ: Այդ ժամանակ Նաիրան ինքն էր մշակել իր սննդակարգը, քանի որ ազատ ժամանակ շատ ուներ: Հիմա Նաիրային նիհարել օգնում են մասնագետները. «Հետևում եմ իմ դիետոլոգի սննդակարգին, ուտում եմ այն, ինչ նա է նախատեսում, ու եթե այնպես է ստացվում, որ տնից հեռու եմ լինում և չեմ կարողանում ուտել հենց դիետոլոգիս ուղարկած սնունդը, ապա փորձում եմ քաղցս հագեցնել հենց այն մթերքներով, որոնք որ նախատեսված էին իմ այդ չափաբաժնի մեջ»:
Ամբողջությամբ՝ blognews.am