10 կարևոր քայլ, որ ծնողը պետք է սովորեցնի երեխային. երեխաների դաստիարակություն
Advertisement 1000 x 90

10 կարևոր քայլ, որ ծնողը պետք է սովորեցնի երեխային. երեխաների դաստիարակություն

Ինչպե՞ս դաստիարակել երեխային: Ինչպե՞ս անել, որ սեփական երեխան հասակակիցներից ավելի խելացի լինի: Նախադպրոցական տարիքի երեխան քանի՞ պարապմունքի պետք է հաճախի, որպեսզի օրը հագեցած և իմաստալից լինի:

Վերը նշվածը ժամանակակից ծնողին մտահոգող հարցերն են, որոնք ակտուալ են և կարևոր: Սակայն այդ մտահոգիչ հարցերին կան պարզ և բնության կողմից հիմնավորված պատասխաններ: Երեխային չեն դաստիարակում, այլ սեփական օրինակով ճիշտ ապրել են սովորեցնում: Պետք չէ համեմատել երեխային հասակակիցների հետ, ամեն երեխա անհատ է և ունի զարգացման իր անհատական ռիթմը: Երեխան, այն էլ՝ նախադպրոցական տարիքում, պետք է զբաղված լինի միայն խաղով, որպեսզի ունենա մանկություն և տարիքին համապատասխան սոցիալականացում:
Ես կառաջարկեմ նախադպրոցական տարիքի երեխաներ ունեցող ծնողներին՝ իրենց երեխաներին թվաբանություն, լեզուներ սովորեցնելը փոխարինել առողջ դատողությամբ մարդ կերտելով և զարգացնելով: Իսկ դրա համար երեխաներին պետք է սովորեցնել.

  1. Սիրել ինքն իրեն

Ամենահիմնային և առանցքային զգացողությունը: Եթե մենք սովորենք սիրել, գնահատել, արժևորել մեզ, ապա կսկսենք սիրել նաև մեզ շրջապատող ամեն բան: Սովորենք ընդունել մեզ այնպիսին, ինչպիսին կանք, չամաչենք մեր վախերի համար, ընդունենք մեր արտաքինը, մեր թերությունները, և, ամենակարևորը, հասկանանք, որ թերություններ ունենալը նորմալ է: Միայն դրանից հետո կսկսենք շրջապատին քննադատելու փոխարեն՝ ընդունել և սիրել այն: Փորձեք այս ամենը հիմնային կերպով արմատավորել երեխայի մեջ:

  1. Մեկնաբանել վարքը

Երեխան պետք է կարողանա բացատրել իր արարքները: Ոչ թե արդարանալ, այլ բացատրել, թե ինչու արեց այս կամ այն քայլը: Նման ճանապարհով երեխային սովորեցնում ենք ճանաչել սեփական արարքները, դրանց պատճառները, ինչպես նաև՝ հասկանալ դիմացինի քայլերը:

  1. Շփվել խոսքի միջոցով

Երբ երեխան արդեն տիրապետում է խոսքին, պետք է ջանալ, որպեսզի նա շփվի խոսելով՝ իր բառապաշարի սահմաններում: Հաճախ վարքային և մնջախաղային շփումը հանգեցնում է հասակակիցների կողմից չհասկացվածության, որն ավելի շատ վնաս է երեխայի, քան շրջապատի համար: Շփման հմտությունները պետք է սերմանել փոքրուց և այն կազմակերպել առավել սոցիալականացված՝ խոսքային ձևով:

  1. Հասկանալ մտքի և գործողության տարբերությունը

Մտքով մենք կարող ենք հերոսություններ կատարել, սակայն գործողությունն ավելի իրական կյանքի հետ է կապված, ուստի պետք է երեխային բացատրել և սովորեցնել, որ ամեն ծագող միտք հնարավոր չէ գործողության վերածել: Դրանով իս, երեխային ապահովագրում ենք վնասող գործողությունների իրականացումից:

  1. Լինել հետաքրքրասեր և տալ հարցեր

Երբ մարդ հետաքրքրվում է, նշանակում է՝ ցանկանում է ճանաչել աշխարհը, այն միջավայրը, որում ապրում է: Շատ, նույնիսկ կենսականորեն անհրաժեշտ պայման է՝ երեխայի մեջ ձևավորել հետաքրքրասիրություն և հարցեր տալու հմտություն: Ստեղծեք պայմաններ, որ ձեր պատասխանները երեխայի մոտ այլ հարցեր առաջացնելու պատճառ հանդիսանան:

  1. Հասկանալ, որ դժվար հարցերը չունեն պարզ պատասխաններ

Երեխային պետք է աստիճանաբար սովորեցնել, որ կան շատ բարդ հարցեր, որոնք չունեն պարզ պատասխաններ կամ լուծումներ: Պատրաստելով երեխային դժվարությունների, որոնք տվյալ պահին լուծում չունեն, մենք երեխայի մեջ կոփում ենք սթրեսակայունություն և ամրություն:

  1. Չվախենալ անհաջողություններից

Գերազանցիկի սինդրոմն իրականում անձի մեջ զարգացնում է թուլություն և անհաջողությունները հաղթահարելու սոցիալական փորձի բացակայություն: Նման սինդրոմով երեխան, գերազանց ավարտելով դպրոցը, անընդունակ և անպատրաստ է լինում կյանքի դպրոցի համար: Հնարավորություն տվեք երեխային ունենալ նաև անհաջողություններ, ձեր օրինակով ցույց տվեք, որ դա նորմալ է, և կարելի է դրանից հետո հավաքվել և առաջ գնալով՝ ունենալ այլ ձեռքբերումներ:

  1. Վստահել մեծահասակներին

Շատ երեխաներ կան, որ մեծահասակի կերպարի և նրա պարտականությունների մասին չունեն ճշգրիտ պատկերացում: Դա գալիս է սեփական ծնողների կերպարի աղավաղված ընկալումից: Ցույց տվեք, որ մեծահասակը, ունենալով կենսափորձ, կարող է շատ հարցերի լուծումներ տալ, կարող է պարտաճանաչ ու ճշտախոս լինել: Թույլ տվեք, որ երեխան վստահի ձեզ՝ իմանալով, որ մեծահասակները չեն ստում և գրեթե միշտ կատարում են ճիշտ քայլեր:

  1. Հստակ իմանալ, թե որ հարցերի լուծումներն են մեծահասակի հնարավորության սահմաններում

Փորձեք երեխայի մոտ ստեղծել պատկերացում տարիքային պատկանելության, կենսափորձի, վարքային դրսևորումների, տարիքային իրավունքների մասին: Այս միջոցով երեխան կկարողանա կողմնորոշվել, թե տարբեր իրավիճակներում ինչ կարող է անել մեծահասակը, և ինչ կարող է անել ինքը: Դա տարիքին համապատասխան սեփական հնարավորությունների գիտակցումն է:

  1. Մտածել ինքնուրույն

Շատ կարևոր է, որ երեխան սովորի իր տարիքին համապատասխան ինքնուրույն մտածել և եզրահանգումներ անել: Դա կարելի է զարգացնել՝ երեխային հարցեր տալով: Օրինակ, եթե նա ձեզ ինչ-որ երևույթի մասին հարց է տալիս, նախ՝ մինչ պատասխանելը, դուք իրեն հարցրեք, թե ինքն ինչ է մտածում իր իսկ հարցի շուրջ, հետո նոր լսելով նրա մեկնաբանությունը՝ տվեք ձեր պատասխանը: Ամեն հարցի ժամանակ կարևորեք նաև, թե ինչ է մտածում երեխան:

Կամիլա Խաչատրյան
Հոգեբան