Այսօր՝ հուլիսի 18-ին, լրանում է հայոց բեմի մեծ վարպետ, Խորհրդային Միության ժողովրդական արտիստ Բաբկեն Ներսիսյանի ծննդյան 100-ամյակը։
Ծնվել է Թիֆլիսում՝ Մուշի Լիզ գյուղից գաղթած Պողոս և Եղիսաբեթ Ներսիսյանների ընտանիքում։ Տղան դերասանական աստվածատուր շնորհ ուներ։ Կանխատեսելի էր, որ պատանին պիտի գնար թատրոն։ Բնական է՝ հայկական։ Իսկ այդպիսիք Թբիլիսիում երկուսն էին՝ պատանի հանդիսատեսի և դրամատիկական թատրոնները։ 17 տարին նոր լրացած Բաբկենը դիմեց պատանի հանդիսատեսի թատրոն։ Ընդունեցին։ Այստեղ էլ նա կայացավ որպես դերասան, շատ շուտով դարձավ այդ թատրոնի առաջատար դերասաններից մեկը։ Որոշ ժամանակ անց Բաբկեն Ներսիսյանն արդեն Ստեփան Շահումյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան էր։
Այստեղ, իհարկե, Բաբկեն Ներսիսյանի տաղանդը նորովի փայլեց. Դրամատիկականը պատանի հանդիսատեսի թատրոնը չէր։ Այստեղ թե՛ խաղացանկն էր ուրիշ, թե՛ հանդիսատեսը, բնական է նաև՝ պահանջները։ Այս թատրոնում էին աշխատում հայ բեմի լեգենդներ Մարի և Արտեմ Բերոյանները, Լևոն Ալավերդյանը,Վահան Գալստյանը, Պահարեն, Մարիամիկ Մոճոռյանը, համեմատաբար երիտասարդ Դորի Ամիրբեկյանը, Վեներա Հակոբյանը, Արտեմ Լուսինյանը և էլի բեմի այլ վարպետներ։
Նոր թատրոնում Բաբկեն Ներսիսյանի առաջին իսկ բեմելը ցույց տվեց, որ թատրոն է եկել բավականին հետաքրքիր դերասան, ում հանձնարարվելու էին Հերոսի դերեր։ Ներսիսյանից շատ քիչ ժամանակ պահանջվեց, որպեսզի նա դառնար Շահումյանի անվան թատրոնի սյուներից մեկը, տեղի թատերասերների կուռքը։ Ռեժիսորներն, իրոք, նրան էին վստահում գլխավոր դերերը թե՛ դասական, թե՛ ժամանակակից գործերում։ Ընդ որում` այդ դերերը տարբերվում էին ժանրային առումով։ Նա մեկ Համբո էր խաղում, մեկ ֆերդինանդ, մեկ Քաջ Նազար , մեկ Արսեն, մեկ Աբիսողոմ աղա էր կերտում, մեկ Պեպո։ Նրա Պեպոն կերտված չէր, այն պարզապես՝ «քանդակած» էր։ Այդ դերակատարումը, երևի, իր հավերժ տեղը կունենա հայ և վրաց թատրոնների տարեգրության մեջ։ Իսկ ինչո՞ւ նաև վրաց։ Բացատրեմ…
1955 թվականին Թբիլիսիի Ռուսթավելու անվան թատրոնի ազդագրերում հետաքրքիր մի տեղեկություն երևաց. նոյեմբերի 13-ին տեղի է ունենալու «Պեպո»-ի 200-րդ ներկայացումը։ Երևույթն ինքնին հիշարժան էր։ Հիրավի, Գաբրիել Սունդուկյանի այդ գլուխգործոցը Վրաստանի մայր թատրոնի բեմից չէր իջնում տասներկու խաղաշրջան։ Բայց միայն դա չէր հիշարժանը։ Բանն այն էր, որ վրացական թատրոնի բեմում Պեպոյի դերը կատարելու էր հայազգի դերասան։ Եվ դա Ստեփան Շուհումյանի անվան հայպետդրամայի դերասան, Վրացական ԽՍՀ վաստակավոր արտիստ Բաբկեն Ներսիսյանն էր։ Նման բան եղել էր 1875 թվականին։ Այն ժամանակ Պեպոյի դերում հանդես եկավ հայ բեմարվեստի երևելի դեմքերից մեկը՝ Գևորգ Չմշկյանը, ընդ որում նա դերը կատարեց վրացերեն լեզվով։ Այն ժամանակ վրացական պրոֆեսիոնալ թատրոն դեռևս չկար։ Թիֆլիսի մի խումբ սիրողների ջանքերով էր «Պեպոն» բեմադրվել։ Ներկայացման մասնակիցներից միակ պրոֆեսիոնալ դերասանը հայկական թատրոնի հիմնադիրներից մեկն էր՝ Գևորգ Չմշկյանը։ Հետագայում, երբ հիմնադրվեց վրացական պրոֆեսիոնալ թատրոնը, Գևորգ Չմշկյանը մի քանի անգամ ևս հանդես եկավ Պեպոյի դերում։Եվ ահա 80 տարի անց հայ դերասանը նորից է հանդես գալիս Պեպոյի դերում ոչ թե իր մայրենի լեզվով, այլ վրացերենով։ Պետք է նշել, որ վրաց դերասանների հետ մինչ այդ Պեպո էր խաղացել շահումյանցիների մեկ այլ առաջատար դերասան, Վրաստանի ժողովրդական արտիստ Արտեմ Լուսինյանը։ Բայց նա իր դերը կատարել էր հայերենով, մինչդեռ Բաբկեն Ներսիսյանը խաղալու էր վրացերեն։ Այո, Գևորգ Չմշկյանից հետո առաջին անգամ հայ դերասանը Պեպոյի դերը կատարելու էր վրացերեն։
Կրկնակի հոբելյանական այդ ներկայացումը վերածվեց հայ-վրացական բարեկամության վառ դրսևորման։ Ներկայացման մեջ զբաղված էին Ռուսթավելու անվան թատրոնի լավագույն ուժերը։ Զիմզիմովի դերում հանդես էր գալու Խորհրդային Միության ժողովրդական արտիստ Ակակի Վասաձեն։ Դե, ռուսթավելցիների անզուգական Պեպոն, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ակակի Խորավան գլխավոր հերոսի դերը, բնական է, զիջել էր Բաբկեն Ներսիսյանին։ Եվ հիմա նա թատրոն էր եկել իր համար անսովոր՝ հանդիսատեսի դերում։ Այս ակնարկը գրելու ժամանակ Բաբկեն Ներսիսյանի տղան՝ Տիգրանը, ինձ պատմեց մի հետաքրքիր պատմություն։ Այդ հիշարժան ներկայացման ժամանակ Ակակի Խորավայի կողքին նստած էր Բաբկենի կինը՝ տիկին Ժենյան։ Մեծ արտիստը նկատում է, որ իր կողքին նստած գեղեցկուհին չափազանց հուզված է։ Խորավան, որ նույնպես անտարբեր չէր բեմում տեղի ունեցածի նկատմամբ, նկատում է դա և դիմում է կողքին նստած երիտասարդ կնոջը.
-Սիրելիս, ես որ այսքան հուզված եմ, հասկանալի է։ Ես մտածում եմ բեմում եղած երիտասարդի մասին, ում զիջել եմ Պեպոյի դերը և ով նոր էջ է գրում հայ-վրացական թատերական կապերի տարեգրության մեջ։ Իսկ Դուք ինչո՞ւ եք այդքան հուզված։
-Ես Բաբկեն Ներսիսյանի կինն եմ,-ամոթխած պատասխանում է Ժենյա Ներսիսյանը…
-Դե, եկեք միասին «հուզվենք»…
Ինչպես Տիգրանին պատմել է մայրը, ներկայացման ավարտից հետո Ակակի Խորավան առաջիններից մեկն է բեմ բարձրանում և գրկում հայ արտիստին և սրտանց շնորհավորում է երիտասարդ արվեստակից ընկերոջը։
-Բաբկեն, սիրելիս, դու այսօր արեցիր այն, ինչ ութսուն տարի առաջ արել էր հայ մեծագույն դերասան , հայոց բեմի անզուգական Պեպոն՝ Գևորգ Չմշկյանը։ Շնորհակալություն…
Այս հաճելի ընդմիջարկումից հետո կրկին վերադառնանք Ռուսթավելու թատրոնի ներկայացմանը։
Էփեմիայի դերում հանդես էր գալու Վրաստանի ժողովրդական արտիստուհի, ԽՍՀՄ պետական մրցանակի դեփնեկիր Մեդեա Չախավան։ Բանն այն է, որ այդ դերասանուհին, ով տասներկու թատերաշրջան անզուգական Էփեմիա էր, այդ օրերին գտնվում էր ֆիզարձակուրդում։ Իմանալով հոբելյանական ներկայացման և Բաբկեն Ներսիսյանի՝ այդ ներկայացմանը մասնակցելու մասին, նա խնդրում է ռեժիսոր Դմիտրի Ալեքսիձեին թույլ տալ խաղալու այդ ներկայացման մեջ։ Ռեժիսորն առարկում է, բայց… չի դիմանում մայրացման շեմին կանգնած դերասանուհու թախանձագին հորդորներին և… Մեդեա Չախավան բեմ է բարձրանում։
Դահլիճը, հասկանալի է, լեփ-լեցուն էր։ Ես այն երջանիկներից եմ, որ ներկա եմ եղել այդ ներկայացմանը։Հիշում եմ, երբ Ներսիսյան-Պեպոն առաջին անգամ բեմ մտավ, նա մի տևական ժամանակ, կասեի՝ մի հավերժություն, չէր կարողանում դերի մեջ մտնել։ Դահլիճը թնդում էր ծափողջույններից։ Ահա այդպես վրացի թատերասերը դիմավորեց հայազգի դերասանին։ Նույնպիսի ջերմությամբ հանդիսատեսը, ով քաջատեղյակ էր Մեդեա Չախավայի գրեթե հերոսական քայլին, դիմավորեց նաև Չախավա-Էփեմիային։ Ես և հայրս՝ գրող և գրաքննադատ Կորյուն Ազրոյանը նստած էինք բանաստեղծ և դրամատուրգ Սուրեն Ավչյանի կողքին։ Հենց նա էլ մեզ ասաց Մեդեա Չախավայի ֆիզարձակուրդում լինելու մասին։
Ներկայացումն աննախադեպ հաջողություն ունեցավ։ Թատերասերները երկար- երկար թույլ չէին տալիս դերասաններին հեռանալու բեմից։ Թատրոնի կամարների ներքո բավականին երկար հնչում էին բուռն ծափերն ու «վաշա» («կեցցե») բացականչությունները։ Դահլիճը չէր հանդարտվում…
Հանդիսատեսի խնդրանքով Սունդուկյանի այդ պիեսի 201-րդ ներկայացումը մեկ օր անց տեղի ունեցավ Շահումյանի անվան թատրոնի բեմում։ Երևի թե կարիք չկա ասելու, որ այդ ներկայացումը Հավլաբարում ևս արժանացավ նույնպիսի ջերմ ընդունելության։ Այս անգամ ողջ Հավլաբարն էր ցնծում…
Հենց այդ տարի Բաբկեն Ներսիսյանը Վարդան Աճեմյանից հրավեր ստացավ աշխատելու հայոց մայր թատրոնում՝Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։ Հասկանալի է, որ այդ հրավերն անմիջապես ընդունվեց, քանզի մայր թատրոնում աշխատելը յուրաքանչյուր հայ դերասանի գլխավոր երազանքն է։ Փոխարենը դեմ էին շահումյանցիների ղեկավարները՝ թատրոնի տնօրեն Վաղարշակ Էլիբեկյանը, ռեժիսորներ ֆերդինանդ Բժիկյանն ու Ալեքսանդր Աբարյանը։
Ես ենթադրում եմ, որ Վարդան Աճեմյանը, ով վաղուց «աչք էր դրել» Բաբկեն Ներսիսյանի վրա, նույնպես ներկա է եղել Ռուսթավելու թատրոնի «Պեպո»-ի հոբելյանական ներկայացմանը։ Եվ հենց այդ ժամանակ էլ հայ մեծ ռեժիսորը վերջնականապես որոշել է Բաբկեն Ներսիսյանին հրավիրել Երևան։ Երևի…
Մայր թատրոնում Բաբկեն Ներսիսյանը անմնացորդ նվիրումով ծառայեց 31 տարի, մինչև 1986 թվականի փետրվարը, երբ կնքեց իր մահկանացուն։ Այս թատրոնում էլ, որտեղ հանդես էին գալիս հայոց թատրոնի մեծերը՝ Վահրամ Փափազյանն ու Հրաչյա Ներսիսյանը, Գուրգեն Ջանիբեկյանն ու Վաղարշ Վաղարշյանը, Ավետ Ավետիսյանը և էլի շատ ու շատ տաղանդավոր դերասաններ, Բաբկեն Ներսիսյանը «չկորավ»։ Նա շատ շուտով դարձավ այն դերասանը, ով վստահորեն փոխարինելու էր թվարկածս Մեծերին, ինչպես դա պատահեց, երբ նա Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» պիեսում փոխարինեց Վահրամ Փափազյանին,խաղալով Բեն-Ալեքսանդրի դերը, իսկ պատանի Ջոնիի դերով առաջին անգամ բեմ բարձրացավ Բաբկեն Ներսիսյանի իննամյա որդին՝ Տիգրանը։ Այստեղ ես չեմ անդրադառնա Սունդուկյանի անվան թատրոնում Խորհրդային Միության ժողովրդական արտիստ Բաբկեն Ներսիսյանի խաղացած բոլոր դերերին՞ Բայց մեկի մասին չխոսել չեմ կարող։
Գուրգեն Բորյանի «Նույն հարկի տակ» դրաման, որտեղ գլխավոր հերոսի՝Գևորգի դերում հանդես էր գալիս Բաբկեն Ներսիսյանը, երևույթ դարձավ խորհրդային երկրի թատերական կյանքում։ Այն տարիներին խորհրդային գիտության, արվեստի և գրականության բնագավառում բարձրագույն գնահատականը Լենինյան մրցանակն էր։ Սունդուկյանցիների այդ ներկայացումը ամենակարևոր մրցանակի գլխավոր հավակնորդներից մեկն էր։ Ասենք, որ այդ մրցանակը շնորհում էր ԽՍՀՄ կառավարությանն առընթեր հատուկ կոմիտեն։ Այդ կոմիտեի կազմում եղած խոշորագույն արվեստագետների կարծիքով Գուրգեն Բորյանի այդ պիեսը ու նաև սունդուկյանցիների բեմադրությունն արժանի էին այդ մրցանակին։ Այդ ներկայացումն ընդգրկվեց այն երեք լավագույն բեմադրությունների շարքում, որոնցից մեկին պիտի շնորհվեր Լենինյան մրցանակը։ Սպորտային լեզվով ասած՝ «Նույն հարկի տակ» դրաման դուրս եկավ «եզրափակիչ»։ Ցավոք, այդ մրցանակը սունդուկյանցիներին չշնորհվեց…
Տարիներ անց Ֆրունզե Դովլաթյանը Գուրգեն Բորյանի այդ պիեսի հիման վրա նկարահանեց իր լավագույն ֆիլմերից մեկը՝ «Սարոյան եղբայրներ»-ը, որտեղ Գևորգի դերում փայլեց Խորեն Աբրահամյանը։ Այդ ֆիլմում Բաբկեն Ներսիսյանը հանդես եկավ դաշնակցական գնդապետ Սուրմելյանի դերում։ Մեծ դերասանն այդ դերակատարմամբ ևս մեկ անգամ հաստատեց այն պարզ ճշմարտությունը, որ մեծ ու փոքր դերեր չեն լինում։ Լինում են տարբեր դերասաններ…
Բաբկենը մնում է Բաբկեն…
Ցավոք, Բաբկեն Ներսիսյանի ուժերը Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում լիովին չօգտագործվեցին, թեև նա խաղաց Պեպո ու Միքայել («Էլի մեկ զոհ»), Արա Գեղեցիկ ու Միքայել(«Քաոս»), Օսեփ ու Պեպինո։ Բայց անկատար մնաց նրա՝ Շեքսպիր խաղալու վաղեմի երազանքը։ Ո՜չ թատրոնի գլխավոր ռեժիսոր Վարդան Աճեմյանը, ո՜չ էլ այլ ռեժիսոր Բաբկեն Ներսիսյանի տաղանդի ծաղկման շրջանում այնպես էլ Շեքսպիրի պիեսներից և ոչ մեկը չբեմադրեցին։ Չնայած, ինչպես վկայում է Տիգրան Ներսիսյանը, Վարդան Աճեմյանը մտադիր է եղել բեմադրելու Շեքսպիրի «Ռիչարդ Երրորդը» և գլխավոր հերոսի դերը կատարելու էր Բաբկեն Ներսիսյանը։ Բայց…պատմությունը լռում է, թե ինչու այդ ներկայացումն այնպես էլ բեմ չբարձրացավ…
Ասենք, որ այդ պիեսը սունդուկյանցիների խաղացանկում այսօր առկա է և այն նվիրված է Բաբկեն Ներսիսյանի հիշատակին։
Ինչ խոսք, կինոն ևս լիովին չօգտագործեց մեծ դերասանի բոլոր կարողությունները, ինչպես և Մեծն Վահրամ Փափազյանի։
Ափսոս…
Լևոն Ազրոյան