Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հայկական Volterman խելացի դրամապանակը ներկայացվել էր IndieGoGo հարթակում, որտեղ ստարտափի զարգացմանը նպաստելու համար սկսվել էր դրամահավաք: Մեկ օրվա ընթացքում հավաքվել էր անհրաժեշտ գումարի կեսից ավելին՝ ավելին քան 30 հազար դոլար: Հայկական դրամապանակը մեծ հետաքրքրություն է առաջացրել արտասահմանցիների մոտ:
Մոտավորապես 20 օր անց հայկական դրամապանակը ստացել է արդեն 1000 % ներդրում:
Դրամապանակը կոչում են նաև աշխարհի ամենահզոր դրամապանակը, քանի որ այն ունի սուպերհերոսին բնորոշ հատկանիշներ: Հայկական ստարտափը Superman-ի, Spiderman-ի և Batmen-ի փոխարեն՝ առաջարկում է սուպերհերոսի հայկական տարբերակը՝ Volterman-ը: Այս դրամապանակը գրեթե անհնար է կորցնել՝ իր մի շարք հատկանիշների շնորհիվ:
Ներկայացնում ենք հայկական արտադրության դրամապանակի մի քանի առավելություններ.
- Սմարթֆոնի միջոցով ցանկացած պահի կարող եք իմանալ, թե աշխարհի որ ծայրում է ձեր դրամապանակը: Դուք կարող եք տեղեկանալ դրամապանակի կոորդինատների մասին Free Global GPS-ի միջոցով: Այսպիսով, դուք կարող եք ոչ միայն տեսնել, թե որտեղ եք թողել դրամապանակը, այլև հետևել դրա տեղափոխություններին, եթե ինչ-որ մեկը գտել կամ գողացել է այն:
- Այս խելացի դրամապանակը Bluetooth alarm-ի միջոցով հաղորդագրություն է ուղարկում տիրոջ սմարթֆոնին: Սա տեղի է ունենում այն ժամանակ, երբ սմարթֆոնի և դրամապանակի մեջ հեռավորությունը շատ է մեծանում:
- Եթե ձեր դրամապանակը գողանան, ապա դուք հեշտությամբ կարող եք իմանալ, թե ով է դա արել: Դրամապանակն ունի լուսանկար անող համակարգ՝ Thief Detection camera, որը նկարում է այն ժամանակ, երբ ինչ-որ մեկը բացում է այն: Նկար անելու հնարավորությունն ավտոմատանում է, երբ ակտիվացնում եք lost mode-ը: Դրամապանակը բացած անձի նկարը հաղորդագրության տեսքով գալիս է սմարթֆոնին:
- Հաճախ սմարթֆոնի լիցքավորումն ավարտվում է ամենաանհրաժեշտ պահին: Խելացի դրամապանակի շնորհիվ դուք կարող եք լիցքավորել ձեր հեռախոսը ցանկացած պահի՝ անլար և լարային ռեժիմներում: Բացի այդ, Global WiFi hotspot-ի միջոցով դուք կարող եք օգտվել վայ-ֆայից ցանկացած վայրում:
Սիրարփի Աղաբաբյան