Երևանի փողոցներով թափառելուն, սրճարանում մեկ գավաթ սուրճ ըմպելուն, ընկերների հետ զրուցելուն և գիրք ընթերցելուն իր հմայքով չի զիջում կինոդիտումը: Լավ ֆիլմը միապաղաղ օրը (ինչ-որ ֆիլմեր՝ նույնիսկ ամբողջ կյանքը) իմաստավորելու և սիրով, գաղափարներով, ազատությամբ ու անկեղծությամբ լցնելու շնորհն ունի:
168.am-ի նախաձեռնած ֆիլմեր առաջարկելու գործընթացին այս շաբաթ միացել և իր սիրելի ֆիլմերով մեզ հետ կիսվել է «Արև» ֆիլմ ստուդիայի հիմնադիր տնօրեն, ռեժիսոր, իսկական էրևանցի Հրանտ Վարդանյանը:
«Բուրժուազիայի համեստ հմայքը» (Le Charme discret de la bourgeoisie)
Իսպանացի կինոռեժիսոր Լուիս Բունյուելի կինոնկարն իրենից ներկայացնում է բուրժուական անարժեք կյանքի ծաղրական, սյուրռեալիստական էսքիզը: Ֆիլմում երազը և իրականությունը միահյուսված են խենթ իրադարձությունների խճանկարում:
«Մոցարտն՝ ընդմիշտ» (For Ever Mozart)
Ժան Լյուկ Գոդարի 1996 թվականին նկարահանած ֆիլմում բախվում են քաղաքականը և բանաստեղծականը, հավերժն ու ակտուալը: Գլխավոր թեման արվեստն է, թե որոնք են դրա աղբյուրները և ինչպիսին են գործողությունները: Ֆիլմը բաղկացած է 4 դրվագներից, որոնք ցույց են տալիս «արվեստի մարդուն»՝ սոցիալական և քաղաքական ցնցումներից պատառոտված ժամանակակից աշխարհի սուր իրավիճակներում:
«Պիկասոյի արկածները» (Picassos Pventyr)
Ռեժիսոր Տագե Դենիելսոնի՝ Պաբլո Պիկասոյին նվիրված ֆիլմը սկսվում է նկարչի հետևյալ արտահայտությամբ. «Մայրս ինձ միշտ ասում էր. «Եթե դու զինվոր լինես, ապա գեներալ կդառնաս, իսկ եթե հոգևորական՝ անպայման քահանայապետ»։ Դրա փոխարեն՝ ես դարձա նկարիչ և Պաբլո Պիկասոն»:
Պիկասոյի կյանքի մասին պատմող ֆիլմը համեմված է հումորով: Ֆիլմի հերոսների շարքում կան կերպարներ, որոնք արտաքնապես նման են պատմական գործիչներին՝ Դալիին, Ապոլիներին, Գերտրուդ Սթայնին, Ալիսա Բաբետ Տոկլասին և ուրիշներին:
«Թռիչք կկվի բնի վրայով» (One Flew Over the Cuckoo՚s Nest)
1975 թվականին ռեժիսոր Միլոշ Ֆորմանի կողմից նկարահանված գեղարվեստական ֆիլմը Ռենդլ ՄակՄյորֆիի (Ջեք Նիկոլսոն) մասին է, ով բանտից տեղափոխվում է հոգեբուժարան, որտեղ տիրում են հոգեբուժարանի գլխավոր բժշկուհու՝ Ռետչեդի (Լուիզա Ֆլեթչեր) սահմանած կանոնները:
ՄակՄյորֆիին զարմացնում է, որ մյուս հիվանդները համակերպվել են ստեղծված իրավիճակի հետ, իսկ ոմանք նույնիսկ ինքնակամ են եկել հոգեբուժարան: Եվ նա որոշում է ապստամբել: Միայնակ:
«Ծովը՝ ներսում» (Mar adentro)
2004 թվականին ռեժիսոր Ալեխանդրո Ամենաբարի նկարահանած ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա: Այն պատմում է իսպանացի նախին ծովային Ռամոն Սամպեդրոյի (Խավիեր Բարդեմ) կյանքի վերջին երկու տարիների մասին, ով մոտ 30 տարի պայքարել է էվթանազիայի իրավունքի համար։ Ռամոնն ամբողջությամբ կաթվածահար էր՝ անընդհատ մահճակալի վրա պառկած:
Ֆիլմում ներկայացվում են նաև նրա և երկու կանանց միջև հարաբերությունները: Խուլիան (Բելեն Ռուեդա) նրա փաստաբանն է, իսկ Ռոզան (Լոլա Դուենյաս)՝ ընկերուհին, ով փորձում է համոզել Ռամոնին, որ կյանքը լավ բան է, և արժե դրա համար ապրել։ Ռամոնը, չնայած մահանալու ցանկությանը, իր ընկերներին և հարազատներին բացահայտում է կյանքի իմաստն ու արժեքները: Նա ինքը չի կարող շարժվել, բայց կարող է յուրաքանչյուրին ստիպել փոխել իր կյանքի ընթացքը:
«Մեծ գեղեցկություն» (La grande bellezza)
Քննադատների համաձայն՝ Իտալիայի 21-րդ դարի ամենատաղանդավոր կինեմատոգրաֆիստներից մեկի՝ իտալացի կինոռեժիսոր Պաոլո Սորրենտինոյի «Մեծ գեղեցկություն» ֆիլմը պատմում է արիստոկրատների, քաղաքական գործիչների, բարձր թռիչքի հանցագործների, լրագրողների, դերասանների, ազնիվ ընտանիքների անկումային ժառանգների, հոգևորականների, նկարիչների, իրական կամ երևակայական մտավորականների մասին, որոնց բոլորին կլանում է ժամանակակից Բաբելոնը, քանի դեռ նրանք կառուցում են փխրուն հարաբերություններ և անձնատուր են լինում կյանքի ունայնությանը:
Անտարբեր և հիասթափված 65-ամյա լրագրող և գրող Ջեպ Գամբարդելան (Տոնի Սերվիլլո), ով չի բաժանվում ջին-տոնիկով լի գավաթից, հետևում է այս դատարկ և կորուսյալ մարդկանց շքերթին:
«Մաշկը, որի մեջ ես ապրում եմ» (La piel que habito)
Իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարի ֆիլմը պատմում է աշխարհահռչակ վիրաբույժ Ռոբերտ Լեդգարդի (Անտոնիո Բանդերաս) մասին, ով բացահայտել է մարդկային արհեստական մաշկի ստեղծման գաղտնիքը: Նա գործընկերներին վստահեցնում է, որ մկների վրա փորձարկումներ է իրականացնում, բայց գաղտնի կերպով իր ամառանոցում փակի տակ է պահում Վերա (Ելենա Անայա) անունով մի երիտասարդ կնոջ, ով էլ հանդիսանում է նրա փորձարկումների հիմնական օբյեկտը:
«Օրենքն օրենք է» (La legge legge)
«Օրենքն օրենք է» ֆիլմը նկարահանված է ֆրանսիացի կինոռեժիսոր և սցենարիստ Քրիստիան-Ժակի կողմից:
Բոլոր արկածները տեղի են ունենում Ասսոլա քաղաքում, քանի որ այն տարբերվում է մյուս բոլոր քաղաքներից: Քաղաքի միջով անցնում է Ֆրանսիայի և Իտալիայի միջև սահմանը, և քաղաքի ամբողջ կյանքը համակարգում է այդ փաստը: Ասսոլա քաղաքում կա գումար վաստակելու երկու եղանակ. կամ օրենքին ենթարկվելը, կամ օրենքից խուսափելը:
Ֆիլմի գլխավոր հերոսը՝ ֆրանսիացի մաքսային Ֆերդինանդ Պաստորելին (Ֆերնանդել) ապրում է համապատասխան առաջին եղանակին, իսկ իտալացի մաքսանենգ Ջուզեպպեն (Տոտո)՝ համաձայն երկրորդի: Բայց նրանց բաժանում է ոչ միայն օրենքը: Ինչպես միշտ, տղամարդկանց միջև այս բարդ հարաբերություններին խառնվում են կանայք: Այդ ժամանակ տղամարդիկ սկսում են բոլոր հնարավոր միջոցներով միմյանց վնաս պատճառել:
«Ամարկորդ» (Amarcord)
Կարմիր հագած էլեգանտ սենյորան համընդհանուր հիացմունքի և ցանկության օբյեկտն է: Ծխախոտի խանութի փարթամ կրծքերով տիրուհին՝ դեռահաս տղաների երևակայության գլխավոր հերոսուհին: Այս և բազմաթիվ այլ հրաշալի դրվագները կինեմատոգրաֆի լեգենդար վարպետի՝ Ֆեդերիկո Ֆելինիի հիշողություններն են, որոնք կենդանություն են առնում էկրանի վրա: «Ամարկորդ» բառը Ռիմինի քաղաքի բարբառով, որտեղ, ի դեպ, մեծացել է Ֆելինին, նշանակում է՝ «Ես հիշում եմ»:
«Ուղևորները» (Passengers)
Ռեժիսոր Մորթեն Թիլդումի ֆանտաստիկ մելոդրաման պատմում է «Ավալոն» տիեզերանավի մասին, որն ուղևորվում է ճանապարհորդության, որպեսզի մեկ այլ մոլորակում ստեղծի գաղութ: Ճանապարհորդությունը պետք է տևի 120 տարի։ Տիեզերանավում կան 5000 ուղևոր և 258 անդամներից բաղկացած անձնակազմը. նրանք բոլորը գտնվում են գիբերնացիայի մեջ։
Ամեն ինչ ընթանում է ըստ պլանի, բայց տիեզերանավի անսարքության պատճառով ուղևորներից երկուսն արթնանում են: Նրանք սարսափահար գիտակցում են, որ արթնացել են 90 տարի վաղ՝ մինչև տիեզերանավի վերջնակետին հասնելը, ինչը նշանակում է, որ կյանքի մնացած հատվածը նրանք պետք է միասին անցկացնեն…
«2001 թվականի տիեզերական ոդիսականը» (2001: A Space Odyssey)
Նշանավոր կինոռեժիսոր Սթենլի Կուբրիկի կուլտային ֆիլմը մի շարք հարցեր է առաջ բերում. ո՞վ ենք մենք, ի՞նչ տեղ ենք զբաղեցնում Տիեզերքում: «Ս.Ս. Դիսքավերի» տիեզերանավի անձնակազմը՝ կապիտաններ Դեյվ Բոումենը (Կիր Դուլլի), Ֆրենկ Փուլը (Գարի Լոկվուդ) և նրանց HAL-9000 համակարգիչը պետք է ուսումնասիրեն Գալակտիկայի շրջանը և հասկանան՝ ինչո՞ւ են այլմոլորակայինները հետևում Երկրին: Այդ ճանապարհին նրանց սպասվում են շատ անսպասելի բացահայտումներ…
Անի Գաբուզյան