Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին պատմել է, որ Բրեդ Փիթի հետ ամուսնալուծության հետևանքով առաջացած սթրեսից իր մոտ առողջական խնդիրներ են սկսել, մասնավորապես` հիպերտոնիա, ինչպես նաև դիմային մկանի պարալիզացում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հոլիվուդյան աստղը խոսել է Vanity Fair-ին տված հարցազրույցում:
«Երբեմն ընտանիքներում կանայք իրենց մասին մտածում են միայն վերջին պահին, երբ այդ ամենն անդրադառնում է նրանց առողջության վրա»,- նշել է Ջոլին: Նա հայտնել է, որ դիմամկանի պարալիզացումը կարողացել է հաղթահարել ասեղնաբուժության միջոցով և հիմա ամբողջությամբ «կառավարում է կյանքն ու առողջությունը»:
42-ամյա դերասանուհին հարցարզույցի ժամանակ առաջին անգամ պատմել է Բրեդ Փիթի հետ համատեղ կյանքի վերջին ամիսներին մասին: «Դա ծանրագույն ժամանակահատված էր, մեզ երկուսիս էլ օդ էր հարկավոր»,- ասել է նա:
Ջոլին նշել է, որ ամուսնու հետ հարաբերությունները խզելուց հետո կարողացել է ուշքի գալ երեխաների ու տան մասին հոգ տանելու միջոցով: «Ինը ամիսներին ընթացքում ես պարզապես փորձում էի լավ տնային տնտեսուհի լինել՝ հավաքում էի շների հետևից, ամանեղենն էի լվանում, գիշերները երեխաների համար հեքիաթ էի կարդում»,- հայտնել է հոլիվուդյան աստղը՝ ավելացնելով, որ երեխաների խնդրանքով անգամ խոհարարական դասընթացների է գնացել:
Ջոլին և Փիթը բաժանվել են 2016 թվականի սեպտեմբերին: Զույգը միասին է ապրել 10 տարի և ամուսնացել միայն 2014 թվականի օգոստոսին: Նրանք վեց երեխա ունեն, որոնցից երեքը՝ որդեգրված: