Համակարգչային կախվածությունը կանխարգելելու համար անհրաժեշտ է վաղ տարիքից երեխայի կյանքում հետաքրքրություններ մտցնել: Օգոստոսի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց հոգեբան Քրիստինա Հարությունյանը: Հոգեբանի խոսքով՝ համակարգչային կախվածությունը պայմանավորված է հոգեբանական և ֆիզիոլոգիական ախտանիշներով:
«Եթե անձը անցկացնում է համակարգչի դիմաց 5-7 ժամ՝ դա արդեն ինչ-որ չափով խոսում է կախվածության մասին: Այդ կախվածության կանխարգելման համար նախ պետք է իմանալ պատճառը: Պատճառները կարող են լինել բազմաթիվ՝ սկսած մանկական տարիքում հոգեբանական տրավմայից, վերջացրած ընտանեկան կոնֆլիկտներից: Եթե արդեն պատճառը հասկանալի է, թե որտեղից է երեխայի մոտ առաջացել համակարգչային կախվածությունը, հնարավոր կլինի այն կանխել»,- ասաց հոգեբանը:
Հարությունյանի խոսքով՝ հիմնականում համակարգչային կախվածության մեջ են ընկնում թերարժեքության բարդույթներ ունեցողները կամ մանկական տարիքում տրավմաներ ստացածները:
«Երեխաները կախվածության մեջ են ընկնում հիմնականում դեռահասության շրջանում՝ համակարգչային խաղերից, որոնք երեխայի մոտ առաջացնում են ագրեսիա»,- նշեց հոգեբանը:
Նա խորհուրդ է տալիս ծնողներին վաղ տարիքից ավելի շատ ժամանակ անցկացնել երեխայի հետ, իսկ եթե զբաղված են լինում՝ երեխաներին ուղարկեն տարբեր խմբակներ: «Համակարգչային կախվածությունը կանխարգելելու համար անհրաժեշտ է, որ ծնողը երեխային զբաղեցնի այլ բաներով՝ հեքիաթներ ընթերցի, զբոսնի նրա հետ և այլ»,- ասաց Հարությունյանը:
Հոգեբանի խոսով՝ Հայաստանում, համեմատած եվրոպական երկրների հետ, համակարգչային կախվածության խնդիրը այդքան էլ լուրջ չէ, սակայն այն զարգանալու միտում ունի: