Նշանավոր հայ մաթեմատիկոս, գիտության ականավոր գործիչ, գիտնական, ֆունկցիաների մոտավորության տեսության հեղինակ Սերգեյ Նիկիտայի Մերգելյանը ծնվել է 1928 թ Ղրիմի Սիմֆերոպոլ քաղաքում: Ընտանքիը Հայաստան է տեղափոխվել Մեծ Հայրենականն սկսվելուն պես՝ 1941-ին:
Հաճախել է Մռավյանի անվան դպրոցը, ուր ուսանելու ժամանակ տարբերվում էր մյուսներից և իր մտավոր հզոր կարողությունների շնորհիվ դպրոցն ավարտել է սահմանված տարիքից շուտ: Անմիջապես ընդունվել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ և 3 տարում ավարտել է համալսարանի հնգամյա կրթական ծրագիրը: Ուսանողական տարիներին Մերգելյանը գրել է առաջին գիտական աշխատությունը: Համալսարանական կրթությունն ստանալուց հետո ընդունվել է ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիային կից Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտը: Շատ կարճ ժամանակում գրելով դիսերտացիան և պաշտպանելով այն` ընդունող հանձնաժողովը միաձայն քվեարկությամբ 21-ամյա պատանուն շնորհել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Թեզն առնչվում էր ֆունկցիաների մոտավորության տեսությանը։ Մինչ օրս ոչ ոք այդքան երիտասարդ տարիքում չի արժանացել գիտությունների դոկտորի կոչման ոչ ԽՍՀՄ-ում, ոչ ՌԴ-ում: 24 տարեկանում նա ՀԽՍՀ Գիտությունների Ակադեմիայի թղթակից անդամ էր, իսկ 28-ում՝ Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի ակադեմիկոս։ Բնությունն այդ հրաշալի մարդուն օժտել էր մաթեմատիկի բացառիկ տաղանդով, որը նա ճիշտ օգտագործեց և սերունդներին մեծ ավանդ թողեց: 1949թ Ս. Մերգելյանի ֆունկցիաների մոտավորության տեսությունը գնահատվել է որպես բացառիկ արժեքավոր հետազոտություն: 1951 թ գիտնականն ապացուցել է բազմանդամային մոտավորության թեորեմը։ «Մերգելյանի թեորեմ» և «Մերգելյանի բազմություններ» արտահայտություններն արժանացել են համընդհանուր ճանաչման և ընդգրկվել մաթեմատիկական գիտությունների գանձարանում։
Նա եղել է ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի Ստեկլովի անվան Մաթեմատիկայի ինստիտուտի կոմպլեքս անալիզի բաժնի հիմնադիրն ու ղեկավարը։ 1956թ հայ գիտնականը հիմնել է Մաթեմատիկական մեքենաների Երևանի գիտահետազոտական ինստիտուտը: Այդ կերպ սկիզբ է դրվել ժամանակակից հաշվողական մեքենաների արտադրության ստեղծմանը Հայաստանում։ Շնորհիվ Մերգելյանի տաղանդի՝ Հայաստանն այդ ոլորտում դարձել է ԽՍՀՄ հիմնական կենտրոններից մեկը։
Նա այդ հաստատության առաջին ղեկավարն էր (1956-1960 թթ) և մինչ օրս ինստիտուտը նրա անունով էլ ժողովուրդը կոչում է Մերգելյան ինստիտուտ: Եղել է Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի փոխնախագահը, Գիտությունների Ակադեմիայի և Երևանի Պետհամալսարանի հաշվողական կենտրոնի հիմնադիրը և առաջին տնօրենը, ԵՊՀ-ի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի ամբիոնի վարիչը:
ԽՍՀՄ-ի տարիներին արժանացել է Ստալինյան մրցանակի, իսկ ՀՀ նախագահի 2008 թվականի մայիսի 26-ի հրամանագրով արժանացել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի։ Մրցանակը նրան է հանձնվել Լոս Անջելեսում, քանի որ այդ տարիներին նա մշտական բնակության էր տեղափոխվել ԱՄՆ։ Հայ մեծանուն գիտնականն ու մաթեմատիկայի ոլորտում նոր ուղղվածության հիմնադիրը մահացել է 2008 թ օգոստոսի 20-ին Լոս Անջելեսում՝ երկարատև հիվանդությունից հետո:
Նրա մասին այսպես է արտահայտվել Մխիթարյան միաբան Հայր Հարություն Պզտիկյանը.
«Ան առաջիններէն էր, որ ձայն բարձրացուց «գուլակ»ներու գոյութեան դէմ, և Հայաստանի ղեկավարները չկրցան պաշտպանել այդ հանճարեղ երիտասարդը, որ 20 տարեկանին կիպերնէթիկայի դասախօսութիւններ կու տար Հռոմի համալսարանին մէջ, ափ ի բերան ձգելով ներկայ փրոֆէսէօրները: Այդ օրերուն, ես ինքս՝ համալսարանական, ներկայ գտնուեցայ վերջին դասախօսութիւններուն և ականատես եղայ այնպիսի յուզիչ դէպքի մը, որ մինչև այսօր աչքերս կը լեցուին երբ յիշեմ:
Հրաժեշտի ընթրիքն էր, համագումարի մասնակցող յանձնախումբերուն, կազմակերպուած Իտալիոյ Պետական ակադեմիա Տէի Լինչէի կողմէ: Յաջողած էի աթոռ մը գրաւել որպէս կամաւոր թարգման: Փրոֆ. Արմէլլինին, նախագահը, ուզեց որ Միացեալ Նահանգներու և Խորհրդային պատուիրակութիւններու նախագահները պահ մը մոռնան երկաթէ վարագոյրը և յանուն գիտութեան բաժակները բարձրացնեն: Մեր երիտասարդը կը նախագահէր Խորհրդային պատուիրակութեան. բարձրացաւ ու ներկայացաւՙ Սերգեյ Մերգելեան:
Ոտքի կանգնեցաւ կայծակի արագութեամբ Միացեալ Նահանգներու պատուիրակութեան նախագահը, բարձրացուց բաժակը և ներկայացաւ՝ Հէրրի Կարապետեան: Իրար փաթթուած պահ մը անշարժ մնացին, իմ ալ աչքերս լեցուեցան: Ներկաները բան չէին հասկնար: Փրոֆ. Արմէլլինի կարծեց, որ գիտութիւնը հրաշք մը գործած է, ուրախութեամբ բացագանչեց. «Երկաթե վարագոյրը պատռեցաւ»: Մերգելեան թաց աչքերը սերբելէ վերջ, դարձաւ ներկաներուն և ընտիր անգլերէնով ըսաւ. «Պարզապես երկու հայեր իրարու հանդիպեցան…»:
Այսօր ո՞վ կը խօսի Մերգելեանի մասին: Չգնդակահարեցին զինք, բայց բարոյապէս քուրջի կտորի մը վերածած, աննշան անկիւն մը նետելով, ոչնչացուցին զինք որպէս գիտնական, ողջ թաղելով հանճար մը, որ ամէն օր չի ծնիր»: