Պատանեկության տարիներին բրիտանական բարձրագույն դպրոցներից մեկի սան Հելեն Ֆոլաշադե Ադուն մի անգամ ականատես եղավ «Jackson 5» խմբի ելույթին: Դա լոնդոնյան բացօթյա թատերասրահներից մեկում էր: Շադեն համերգին հետևում էր բարի հետևի անկյունից: Այստեղ նա երբեմն աշխատում էր շաբաթվա վերջին օրերին: Այդ օրը տուն վերադարձավ համերգի տպավորությունից ցնցված: «Ես ավելի շատ ապշած էի հանդիսատեսի արձագանքից, քան բեմում տեղի ունեցող ամեն ինչից,- պատմել է Շադեն:- Նրանք իրար էին խառնել երիտասարդներին, փոքրիկներին գրկած մայրերին, ծերերին, սև, թե սպիտակ… կապ չուներ: Ես իսկապես ցնցված էի: Ահա այդ հանդիսատեսին եմ միշտ ձգտել հասնել»:
1984թ. լույս տեսավ նրա առաջին ալբոմը: Շադեն այլևս երաժշտության ամենահետաքրքիր ու սիրված անուններից մեկն էր:
Առաջին միտքը, որը հնարավոր է ունենալ այս երգչուհուն ընդամենը մեկ անգամ տեսնելիս, նրա յուրօրինակությանն է վերաբերում: Շադեն յուրօրինակ է, իսկ շոուբիզնեսի կլանիչ ու ամեն ինչ՝ այդ թվում արվեստը, առևտրի վերածած հսկայական ցանցում ինքնատիպ մնալն այնքան էլ հեշտ բան չէ: Հստակ հայտնի չէ, թե այս երգչուհու համար արդյո՞ք չափազանց դժվարությամբ է հաջողվում պահպանել իր սկզբունքներն ու տեսակը իր ասպարեզում ու միաժամանակ շարունակել պահանջված լինել. նա լրագրողների հետ գրեթե չի շփվում: Բայց այն, որ նա չի ընդունել ժամանակի խայծն ու շարունակում է մնալ նույն խորհրդավոր Շադեն, դա միանշանակ է:
Նա հայտնվում է, երբ դրա անհրաժեշտությունն ինքն է զգում, և դա մոտ է ճշմարտությանը գոնե այնքանով, որքանով խոսում է նրա երկարատև լռությունը: Նրա սառցե վոկալը` խզված խաղաղությամբ, հնչում է այն ժամանակ, երբ Շադեն ասելիք կամ արտահայտվելու տրամադրություն ունի: Ահա թե ինչու նա չի հայտնվում հեռուստատեսային պսպղան ստուդիաների եթերներում, չի շտապում հարցազրույցների, չի թողարկում նոր գործիքավորմամբ հին երգեր կամ տեսահոլովակներ: Իսկ երբ հայտնվում է, նույն հմայիչ ու տարբերվող Շադեն է` չափազանց ներդաշնակ իր օղերով, պարզ, բայց աննկարագրելիորեն էլեգանտ հագուկապով, զուսպ ու միաժամանակ էմոցիոնալ կատարմամբ: Եվ երեք տասնամյակ անց էլ, հազար ու մի քամու միջով անցած ունկնդիրը ճանաչում և ընտրում է նրան:
Նա մեծանում էր՝ լսելով ամերիկյան սոուլ երաժշտություն, հատկապես 1970-ականները խորհրդանշող Քըրթիս Մեյֆիլդին, Դոնի Հեթուեյին և Բիլ Ուիդերսին (Bill Withers): Երաժշտությունը, սակայն, նրա ոչ միակ և ոչ էլ առաջին ընտրությունը չէր: Շադե Ադուի ոչ երաժշտական նախասիրություններին մենք արդեն անդրադարձել ենք: Նա երգարվեստին առնչվող պրոֆեսիոնալ որևէ կրթություն չի ստացել: «Ես ոչ մի տեխնիկական թրեյնինգ էլ չեմ ունեցել և այդ առումով երաժշտության մեջ ես լիովին անգրագետ եմ»,- ասում է Շադեն:
1983թ. մայիսին Շադեն իր երեք երաժիշտ ընկերների հետ առաջին անգամ ելույթ ունեցան Նյու Յորքի ակումբներից մեկում: Նրանք լատինական և սոուլ երաժշտությամբ «Pride» բենդի կազմից էին, ովքեր մեկ տարի առաջ, յոթ հոգանոց խմբին զուգահեռ, փորձում էին նաև ելույթ ունենալ նոր քառյակով: Շադեն այս խմբի կազմում վոկալիստն էր: Ամերիկյան ելույթը ևս հաստատեց, որ քառյակն ավելի մեծ ուշադրություն է գրավում, նրանցով հետաքրքրվում են արդեն հայտնի ընկերությունները: 1983թ. երգչուհու անվամբ հանդես եկող «Sade» խումբը հենց երգչուհու շնորհիվ պայմանագիր կնքեց երաժշտական աշխարհում ամենահեղինակավորներից մեկի՝ «Epic Records» ձայնագրող ընկերության հետ:
Ամբողջությամբ՝ hetq.am