Հոլիվուդի խոշոր ընկերությունը սերիալի նկարահանումներ է պլանավորում Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու արշավի կազմակերպչի օրագրի մոտիվներով, կինոնկարի բյուջեն կկազմի մոտավորապես 60 միլիոն ֆունտ ստեռլինգ (շուրջ 77,3 միլիոն դոլար):
Այդ մասին գրել է Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներ:
Ինչպես հայտնել են հրատարակության զրուցակիցները, ներկայում կինոստուդիան, որի անվանումը չի տրվում, բանակցություններ է վարում The Bad Boys of Brexit («Brexit-ի վատ տղաները») գրքի հեղինակ Արոն Բենքսի՝ Մեծ Բրիտանիայի Անկախության կուսակցության (UKIP) նախկին ֆինանսական հովանավորի, ինչպես նաեւ կուսակցության նախկին առաջնորդ Նայջել Ֆարաջի հետ:
Ըստ սցենարի՝ գլխավոր հերոսը Գերի Գանսթերն է՝ հասարակական կարծիքի հետազոտման մասնագետն ԱՄՆ-ից, որն ապահովել է Leave.EU («Լքել ԵՄ-ն») արշավի խորհրդատվական աջակցությունը: Գանսթերը կպատմի Ֆարաջի եւ Բենքսի հաջողության պատմությունը:
Ինչպես նշել է թերթը, այժմ կինոնկարի սցենարը գրեթե ավարտված է: Պլանավորվում Է, որ վեցսերիանոց ֆիլմի նկարահանումները կսկսվեն 2018 թվականի հունվարին: Նախատեսվում է, որ կինոնկարն էկրան կբարձրանա հաջորդ տարվա ապրիլին: Ավելի վաղ տեղեկացվել է, որ Warner Brothers-ը բանակցություններ է վարում Բենքսի օրագրի էկրանավորման շուրջը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: