Ֆրանսուհիները «ա-լյա-նատուրել» դիմահարդարման գլխավոր պրոպագանդողներն են. Մարիոն Կոտիյարը, Լեա Սեյդուն, Շարլոտա Գենսբուրը միաձայն խոստովանում են, որ ընդհանրապես չեն օգտագործում տոնային քսուկ՝ բացառությամբ նկարահանումների և հանրային ելքերի։ Իսկ Estée Lauder-ի գեղեցկության տնօրեն Վիոլետը նշել է, որ ֆրանսերենում ընդհանրապես կոնտուրինգ հասկացություն չկա, որովհետև դա օտար է իրենց բնությանը։
Իսկ ահա Touch Eclat Yves Saint Laurent-ից «կախարդական փայտիկը», որը թաքցնում է աչքի տակի սև շրջանակներն ու փոքրիկ անհարթությունները, կարելի է գտնել յուրաքանչյուր երկրորդ french girl-ի պայուսակում։
Գլխավոր կանոնը. ամեն ինչ պետք է այնպես երևա, որ դուք որևէ ջանք չեք գործադրում։
Ոչ մի ֆեն
«Պատռված» չոլկա, թեթև ալիքներ, գեղարվեստական անկարգություն հարդարման փոխարեն. սանրվածքներ, որոնք վառ ցուցադրում են փարիզյան շքեղությունը։ Թվում է՝ Ֆրանսիայի բնակիչները վարսերի հատուկ կառուցվածք ունեն։ Իրականում ոչ, պարզապես երբեք չեն չորացնում վարսերը։ Կարոլին դե Մեգրեն, ով անգամ գիրք է գրել, թե ինչ է նշանակում լինել ֆրանսուհի, մազերը լվանում է գիշերը, իսկ առավոտյան արթնանում բնական «գզգզվածությամբ»։ Իսկ Rouje-ի հիմնադիր Ժաննա Դամասը հավաքում է խոնավ վարսերը, փաթաթում մի քանի ժամով և բաց թողնում, ահա ռոմանտիկ սանրվածքը պատրաստ է։
Արևից պաշտպանություն
Ֆրանսիական կինեմատոգրաֆիայի լեգենդ Կատրին Դենևը խոստովանում է, որ լավագույն գեղեցկության խորհուրդը, որը ստացել է մորից, միշտ արևապաշտպան քսուկներ օգտագործելն է։ «Ես մեծացել եմ բնության գրկում և մայրս միշտ ասում էր, որ պետք է դեմքը պաշտպանել արևից։ Ինձ թվում է, որ շնորհիվ դրա այդքան տարի անց մորս մաշկը շատ լավ վիճակում է, մայրս էլ իր 106 տարեկանում հիանալի տեսք ունի»։ Չմոռանանք, որ Դենևը 73 տարեկան է և դա իրեն չի խանգարել դառնալ Louis Vuitton-ի դեմքը։
Կարմիր շրթներկը՝ որպես աքսեսուար
«Ես կարող եմ ընդհանրապես չշպարվել, սակայն հոնքերի մատիտն ու շրթներկը միշտ վրաս են»,- ևս մեկ խորհրդով կիսվել է Դենևը։ Երիտասարդ սերունդը ևս հետևում է դրան. Ժաննա Դամասն ամեն օր կարմիր շրթներկ է քսում։
Առանց օծանելիքի տանից դուրս չեն գալիս
«Օծանելիքի մի քանի կաթիլները վարսերին, ականջների հետևին, պարանոցին ոչ ոքի չեն խանգարի». վստահ է Կարոլին դե Մեգրեն, իսկ Ինես դե լյա Ֆրեսսանժը խոստովանել է, որ օծանելիք է քսում, երբ անգամ տանը միայնակ է։ Դա բացատրվում է գենետիկորեն. երբ ապրում ես պարֆյումերային քաղաքում, դժվար է դրանից չօգտվել։