«Խոսրովի արգելոցում» հրդեհի հետևանքով ստեղծված բնապահպանական ճգնաժամն ավելի է սրել երկրում առկա բնապահպանական խնդիրները: Անտառապատ տարածքների պահպանության մասին տարիներ շարունակ գոռացող բնապահպաններն այդ տարածքները վերացնողների համար հատուկ նախազգուշացումներ ունեն: ՀՀ բնապահպանության նախկին նախարար, բնապահպան Կարինե Դանիելյանը հազար անգամ է զգուշացրել`օրինակ, Երևանը կամաց-կամաց անապատ է դառնում` հնարավոր մրրիկներով, անտանելի շոգով ու ոչնչացնող սառնամանիքներով:
Կիսաանապատային կլիմայական գոտում կառուցված Երևանի բնական աղետներից հիմնական փրկությունը եղել են անտառներն ու կանաչ տարածքները: Դրանք քաղաքը նախագծողներն այնպես են ստեղծել, որ գոտևորեն այն մի ծայրից մյուսը` այդպիսով պաշտպանելով թե՛ քամիներից, թե՛ շոգի ու սառնամանիքի ներթափանցումից:
«Եղած խնդիրները լուծելու փոխարեն, նորերն են ավելանում: Բետոնով ու ասֆալտով քաղաքի կենտրոնը ծածկելուց հետո, հիմա էլ օլիգարխների սիրտը քաղաքին վերևից նայել է ուզում: Տեսե՛ք, թե ինչ տներ են կառուցվել ու կառուցվում Հաղթանակի զբոսայգու հարակից տարածքներում» —,ամենակարևոր խնդիրներից մեկն է մատնացույց անում բնապահպանության նախկին նախարարը:
Հաղթանակի զբոսայգու հարակից տարածքները ժամանակին հատուկ էին անտառապատվել: Դրանք սողանքավտանգ գոտիներ են ու սողանքին խանգարել կարող էին միայն ծառերը: Կարինե Դանիելյանը հատուկ նախազգուշացնում է` մի օր բնությունն իրենն անելու է:
«Քանի շուտ է,թող էդ տարածքները մեր օլիգարխները հետ տան քաղաքին: Հակառակ դեպքում` բնությունը կվերադարձնի: Սողանքի վտանգն այդտեղ իսկապես մեծ է»-,ասում է Դանիելյանը:
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am