Երբևէ ուշադրություն դարձրե՞լ եք, թե որ ամսին ինչ ֆիլմեր եք դիտում, և, թե որքան արդիական ու հետաքրքրական կլինեն դրանք տարվա մյուս ամիսներին: Դերասանուհի Նանոր Պետրոսյանը ոչ միայն ուշադրություն է դարձրել, այլև միանալով 168.am-ի նախաձեռնած ֆիլմեր առաջարկելու գործընթացին՝ մեր ընթերցողին ներկայացնում է 2017թ. հունվարին դիտած իր համար ամենատպավորիչ ֆիլմերից բաղկացած ցուցակ:
«Այս ֆիլմերը նայել եմ այս տարվա հունվարին, երբ արձակուրդային ու մառախուղային էր Երևանը։ Մտածեցի՝ օգոստոսին կարող է հետաքրքիր լինի»,- հետևյալ կերպ է մեկնաբանում իր ընտրությունը դերասանուհին:
Նանոր Պետրոսյանի ցուցակում տեղ է գտել մեկ եռագրություն, որն առանձին-առանձին չի լինի դիտարկել («Դրախտ. Սեր», «Դրախտ. Հավատ», «Դրախտ. Հույս»), երկու վավերագրական ֆիլմ և ևս չորսը՝ գեղարվեստական:
«Դրախտ. Սեր» (Paradies: Liebe)
«Դրախտ. Սեր» ֆիլմն ավստրիացի ռեժիսոր Ուլրիխ Զայդլի եռագրության առաջին մասն է:
Եթե կինն արդեն 50-անց է, արդյո՞ք նշանակում է, որ նրա սեռական կյանքն ավարտված է: Խիստ Ավստրիայում, որտեղից սերում է ֆիլմի գլխավոր հերոսուհին՝ Թերեզան (Մարգարետե Տիզել), միանգամայն հնարավոր է: Բայց ջերմ, զգայուն Քենիայում, ուր նա մեկնում է արձակուրդին, սեքսը նոր է սկսվում: Չէ՞ որ այստեղ ցանկացած սպիտակամորթ կնոջ տրամադրության տակ կան տասնյակ առողջ սևամորթ տղամարդիկ՝ սքանչելի ժպիտներով: Քենիայում Թերեզան ակնկալում է կրկին բացահայտել վաղուց մոռացված սիրո հաճույքները:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Դրախտ. Հավատ» (Paradies: Glaube)
Ավստրիացի ռեժիսոր, սցենարիստ, գրող և պրոդյուսեր Ուլրիխ Զայդլի եռագրության երկրորդ մասը «Դրախտ. Հավատ»-ն է:
Մասնագիտությամբ ռենտգենյան ճառագայթների մասնագետ Աննա-Մարիան (Մարիա Հոֆշտատտեր) վստահ է, որ դրախտն այնտեղ է, որտեղ Հիսուսն է: Նա իր ողջ արձակուրդը նվիրում է միսիոներական աշխատանքին, որպեսզի Ավստրիան հնարավոր լինի վերադարձնել առաքինության ճանապարհին: Նա ամենօրյա ուխտագնացություն է կատարում դեպի Վիեննա. նա տնից տուն է գնում Մարիամ Աստվածածնի կես մետր բարձրությամբ արձանի հետ: Մի օր, երկար տարիներ բացակայելուց հետո, տուն է վերադառնում սայլակին գամված նրա ամուսինը՝ մուսուլման Եգիպտոսից:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Դրախտ. Հույս» (Paradies: Hoffnung)
Ուլրիխ Զայդլի եռագրության երրորդ մասը պատմում է «Դրախտ. Սեր» ֆիլմի հերոսուհու դստեր մասին:
13-ամյա Մելանիի (Մելանի Լենց) մայրը մեկնում է Քենիա՝ փնտրելու տղաների, ովքեր պատրաստ են սիրային ծառայություններ մատուցել: Նրա մորաքույրը կաթոլիկ է, որ զբաղված է Ավետարանի քարոզմամբ: Մելանին իր հանգիստն անցկացնում է ավստրիական լեռներում գտնվող դիետիկ ճամբարում: Ֆիզիկական վարժություններին, սնվելու խորհրդատվություններին, բարձերով գիշերային մարտերին և «ով ավելի շատ կխմի» գաղտնի մրցույթներին զուգահեռ՝ նա սիրահարվում է բժշկին, ով նաև ճամբարի տնօրենն է, որը, սակայն, նրանից մեծ է 40 տարով:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Սպանության գործողություն» (The Act of Killing)
Ամերիկացի ռեժիսոր և գրող Ջոշուա Օփենհայմերի «Սպանության գործողություն» վավերագրական պատմական ֆիլմը պատմում է 1965թ.-ին Ինդոնեզիայի ռազմական հեղաշրջումից հետո ռազմականացված և սադիստ հանցագործների՝ ավելի քան մեկ միլիոն կասկածվող կոմունիստների սպանության մասին: Այդ սպանություններն անպատիժ են մնացել, իսկ մեղավորներն առ այսօր շարունակում են մնալ ազդեցիկ մարդիկ, որոնք կարող են ապավինել կոռումպացված քաղաքական գործիչների աջակցությանը:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Ձյուն կար» (Those from the Shore)
Երևանում ծնված, երկար տարիներ Լիբանանում ապրած, այնուհետև Ֆրանսիա տեղափոխված կինոռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Ձյուն կար» կինոնկարում ներկայացված են մի շարք հայ խմբեր, որոնք ապրում են արտերկրում ու բազմաթիվ խնդիրներ են փորձում հաղթահարել իրենց գոյությունը պահպանելու համար:
«Ոսկե Ծիրան» Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնում «Ձյուն կար» ֆիլմը լավագույն վավերագրական կինո ճանաչվեց և «Ոսկե Ծիրանի» արժանացավ:
Մարսել, 2014 թվական: Ապաստան փնտրող տասնյակ հայեր գոյատևման խնդիր ունեն, մինչ կստանան իրենց հայցադիմումի պատասխանը: Նրանք հետևում են թողել մի երկիր, որի բնակիչները, ավելի քան հարյուր տարի է, ինչ աշխարհով մեկ սփռված են, երկիր, որ բոլորը նկարագրում են՝ որպես բնակիչներից լքված ու կենսազուրկ անապատ: Հարկադիր լռություն, անկարողություն… Նրանք միջանկյալ տարածքում են ապրում` երկու երկրի, երկու կյանքի միջև, ժամանակի մեջ մի վերացական տարածք, որ ոչնչից է, և որտեղ կյանքը լիովին սպրդում է նրանցից: Ափի մոտ, մոռացման մեջ ճոճվում են նրանք…
Ֆիլմը դեռ հասանելի չէ առցանց տիրույթում:
«Մանդարին» (Tangerine)
«Մանդարին»-ը ամերիկացի կինոռեժիսոր Շոն Բեյքերի 2015 թվականին նկարահանած ֆիլմն է:
Ճրագալույցին բանտ նստելուց հետո վերադառնալով հարազատ թաղամաս՝ Սին-Դին (Կիտանա Կիկի Ռոդրիգես) շշուկներ է լսում իր ընկերոջ անհավատարմության մասին, ինչից հետո մարմնավաճառուհին իր ընկերուհու՝ Ալեքսանդրայի (Մայա Թեյլոր) հետ փորձում է պարզել այս սկանդալային ասեկոսեների ճշմարտացիությունը: Նրանց աղմկոտ ոդիսականը կծանոթացնի մեզ Լոս Անջելեսի մի շարք ենթամշակույթների հետ:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Շքեղության գերեզմանոց» (Cemetery of Splendour)
«Շքեղության գերեզմանոց» ֆիլմի ռեժիսորը թաիլանդցի անկախ կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ապիչատպոնգ Վիրասետակուլին է:
Երբ զինվորներին հանկարծակի «այցելում է» անհայտ քնախտը, նրանց տեղափոխում են ժամանակավոր հիվանդանոց, որը գտնվում է լքված դպրոցում: Ջենիրային (Ջենջիրա Պոնգպաս) կանչում են՝ գրավիչ զինվոր Իտտի (Բենլոլո Լոմոյ) մասին հոգ տանելու համար, ում ոչ ոք չի այցելում: Նա ընկերանում է երիտասարդ պայծառատես Կենգի (Ջարինպատուրա Ռոանգրամ) հետ, ով օգնում է հարազատներին շփվել քնած զինվորների հետ:
Մի անգամ Ջենիրան հայտնաբերում է Իտտի անձնական օրագիրը՝ խորհրդավոր նամակներով և նկարներով: Առեղծվածային համախտանիշի և առասպելներով լի, հեքիաթային այս վայրի միջև կա՞ արդյոք ինչ-որ կապ: Սերը, կախարդանքը և ապաքինման մասին երազանքները միահյուսվում են սեփական էությունն և շրջապատող աշխարհը հասկանալ փորձող Ջենիրայի ճանապարհին:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Հաջողություն, խոսք» (Adieu au Langage)
«Հաջողություն, խոսք» ֆրանսիական 3D ֆիլմը ֆրանսիացի կինոռեժիսոր, սցենարիստ Ժան Լյուկ Գոդարի 39-րդ լիամետրաժ ֆիլմն է:
Նրանք երկու աշխարհներ են, որոնք կորցրել են կապը միմյանց հետ: Նրանց կապում է միայն շունը: Առանց խոսքերի կենդանին երկու կողմին էլ ներկայացնում է սերը, որն այդ թույլ կապն ուժեղացնում է: Բայց արդյո՞ք դա բավարար է՝ հին զգացմունքները բոցավառելու համար:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Ապագա» (L’avenir)
Ֆրանսիացի կինոռեժիսոր Միա Հանսեն-Լովի «Ապագա» ֆիլմը պատմում է Նաթալլի մասին (Իսաբել Հյուպպեր), ով ամուսնացած է, ունի երկու երեխա և ֆրանսիական դպրոցներից մեկի բարձր դասարաններում փիլիսոփայություն է դասավանդում: Նրա կյանքը նվիրված է ընտանիքին, նախկին աշակերտների հետ հանդիպումներին և իշխող մոր հետ շփումներին: Բայց մի անգամ ամուսինը թողնում է նրան և գնում մեկ այլ կնոջ մոտ, մայրը մահանում է, իսկ երեխաներն իրենց սեփական ընտանիքն են կազմում: Նաթալին մնում է լիովին միայնակ, և այժմ նա պետք է հարմարվի անսպասելի ազատությանը:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
Անի Գաբուզյան