Երեկ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ծննդյան օրն էր։ Երբ իշխանության ներկայացուցչի ծննդյան օր է լինում ու ֆեյսբուքը անտարբերություն կամ բարկություն է դրսևորում, ինչ որ կերպ հասկանալ կարելի է։ Սոցիալական ծանր վիճակում գտնվող մարդիկ չեն կարող «սիրտ ունենալ», մի հատ էլ պետական ղեկավարի ծնունդ շնորհավորել։
Բայց երբ մարդիկ անտարբերություն ու հիշեցման դեպքում էլ չարանում են հայ եկեղեցու հոգևոր հոր ծննդյան օրն անգամ հիշեցնելու դեպքում, մտորելու, ինչու չէ՝ նաև տխրելու տեղիք է տալիս։
Հենց այնպես, հիշեցնեմ, որ Վազգեն Առաջինի ծննդյան օրը մինչև հիմա էլ հիշում ու անկեղծ գրառումներ են անում` արտահայտելով իրենց սերը, երկյուղածությունը։ Իսկ Գարեգին Բ-ի ծնունդը մի երկու տեղ հիշվել էր՝ նուրբ ասած ոչ ցանկալի գրառումներով։
Երեկ կրկին անգամ թերթում էի կաթողիկոսի կենսագրությունն ու ինձ բռնեցրի այն բանում, որ ինքս ինձ մրմնջում եմ՝ տեր Աստված փոխիր նրան։ Դարձրու այնպիսին, որ կաթողիկոսի ծննդյան օրը տոնակատարություն դառնա հայ ժողովրդի համար։ Մեր միասնության սյունը եկեղեցին է, որը դարեր շարունակ միավորել է Հոտը։
Թերթելով կաթողիկոսի կենսագրությունը, չկարողացա հասկանալ նրան տրված որոշ կոչումների, մեդալների իմաստը․
Արցախի պետական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում,
Փիլիսոփայության դոկտորի կոչում (Միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիայի կողմից),
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր անդամի կոչում (2003 թ.),
Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում (2004 թ.),
Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան (2009 թ.)
Պատվո շքանշան, 2015
Չհասկացա ու… վերջ։ Պետություն, եկեղեցի․ մի մարմի՞ն… Իսկ Հո՞տը…
ՀԳ Ծննդյան օրը։ Հոգևոր հայրերի՞, հավատացյալ ժողովրդի՞, թե՝ պետական այրերի հետ է անցկացրել կաթողիկոսը։ Աշխարհիկ փոքրիկ հետաքրքրություն՝ մեր հավատքն ամրապնդելու առումով։ Վազգեն կաթողիկոսը կասեր՝ Աստծո հետ…
Գոնե մի անգամ դա ես լսել եմ, երբ հարցրել են։
Հասմիկ Բաբաջանյան
Նյութի աղբյուրը ` hraparak.am