«Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի կառուցման սկզբից մինչև 2017թ. օգոստոսի 1-ը ընկած ժամանակահատվածում ծախսվել է շուրջ 150.3 մլն ԱՄՆ դոլար և 23,14 մլն եվրո գումար: Կառուցապատվել է 31 կմ ճանապարհ:
Այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից:
Նախարարությունից հայտնել են, որ ծրագիրն իրականացվում է բազմատրանշ ֆինանսավորման, դրամաշնորհի և ՀՀ պետական բյուջեից ԱԱՀ-ի, հողերի օտարման և տարաբնակեցման, ինչպես նաև հաղորդակցուղիների տեղափոխման ծախսերի մասով համաֆինանսավորման տարբերակով:
Հարցին, թե որքան ճանապարհ է կառուցվել, ՏԿՏՏ նախարարությունից հայտնել են, որ առ այսօր վերակառուցվել և շահագործման են հանձնվել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 1՝ Երևան-Արտաշատ և Երևան-Աշտարակ ճանապարհահատվածները, որոնց ընդհանուր երկարությունը կազմում է շուրջ 31 կմ:
Թե որտեղ են այժմ իրականացվում աշխատանքները և այս տարվա ընթացքում որքան աշխատանքներ են իրականացվելու, նախարարությունից հայտնել են, որ բետոնի տեղադրման աշխատանքներ ներկայում իրականացվում են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» Տրանշ 2 (Աշտարակ-Թալին) ճանապարհահատվածում: 2017թ. օգոստոսի 1-ի դրությամբ արդեն իսկ տեղադրվել է շուրջ 11 կմ երկարությամբ բետոնե ծածկ, իսկ մինչև տարեվերջ նախատեսվում է տեղադրել ևս 15 կմ:
Թե երբ է ավարտվելու « Հյուսիս-հարավ» ծրագիրը, դեռ պարզ չէ. «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» շինարարության ավարտը կճշգրտվի մյուս Տրանշերի տեխնիկա-տնտեսական մանրամասն ուսումնասիրությունների արդյունքում»:
Աշխատանքներն ավարտելու համար պահանջվող գումարի չափի մասին ևս հստակություն չկա: Նախարարությունից պարզաբանել են, որ ճանապարհի կառուցման աշխատանքներն ամբողջովին ավարտելու համար անհրաժեշտ գումարի չափը պարզ կլինի մյուս Տրանշերի նախագծա-նախահաշվային աշխատանքների ավարտից հետո:
Հիշեցնենք, որ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը» խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է, որի նպատակն է միջազգային բարձր ստանդարտներին բավարարող 556 կմ ընդհանուր երկարությամբ Մեղրի-Երևան-Բավրա ավտոճանապարհի միջոցով երկրի հարավը կապել հյուսիսի հետ: