Վերջերս քաղաքում անասելի շատացել են գնչուները, որոնք հիմնականում բաժանվում են երկու մասի։ Նրանց մի մասը վաճառում է սպիտակեղեն, սպասք, ափսե-դանակներ ու այլ կահկարասի, մյուս մասն էլ շրջում է քաղաքով ու փորձում գուշակությունների միջոցով գումար վաստակել։
Եվ եթե իրերի հարցում գնչուները ձեզ կարող են տեխնիկապես վնասել՝ վաճառելով անորակ սպասք կամ լավագույն դեպքում ուղղակի բարձր գին ասել, ապա ձեռքի ափով գուշակությունները կարող են դառնալ իսկական պատուհաս, որովհետև գոյություն ունի նրանց կողմից կիրառվող հիպնոսի տեսակ, որը հենց այդպես էլ կոչվում է՝ «գնչուական հիպնոս», որի մասին՝ մի փոքր ուշ։
Մինչ այդ պետք է հասկանալ, որ հաճախ ափով գուշակությունն, ընդամենը շեղող հնարք է՝ հատկապես եթե մարդաշատ վայրում եք։ Նրանց հետ հանդիպումից հետո մի քանի մետր էլ չանցած դուք կարող եք նկատել, որ ձեր դրամապանակն ու հեռախոսը «շատ պատահաբար» անհետացել են։ Նմանատիպ գուշակություններն, իհարկե, հետաքրքիր են: Բայց համոզված եղեք, որ նրանք ասում են այն՝ ինչ կարող են ասել բոլորը։ Երիտասարդ աղջիկներին ասում են, որ իրենց սիրեցյալը մոտ է, տղաներին՝ ֆինանսական հաջողություն են խոստանում, հասուն կանանց էլ գուշակում են ամուսնու մահ, եթե, իհարկե, վերջիններս հրաժարվում են ձեռք կարդալու առաջարկից։ Այսինքն՝ խաղում են մարդկանց հիմնական ցանկությունների վրա։ Բոլորս էլ ուզում ենք երջանիկ լինել, ֆինանսներից չխեղճանալ ու երկար ապրել։ Փողը կտաս՝ կլսես այս ամենը։ Մեջտեղում էլ կասեն՝ շուտով դժվարության ես հանդիպելու (դե ով չի հանդիպում)։ Փող չես տա՝ կլսես անեծքներ, որոնց վրա անտեղի կկենտրոնանաս ու կփչացնես տրամադրությունդ։ Խոսքերից բացի նրանք նաև ուրիշ հնարքներ են բանեցնում։
Եթե ձեռքիդ մեջ ասեղ են դնում և այն սևանում է, ուրեմն՝ նավս կա։ Կամ գլխիդ վրայից կարմիր մազ են գտնում, իբր՝ տես-տես՝ անեծք է։ Նմանօրինակ խարդախությունները շատ հեշտ է կազմակերպել, հատկապես երբ փողոցում եք ու շեղված է ձեր ուշադրությունը։ Դրանց լուրջ մի վերաբերվեք, թե կուզեք ինքներդ էլ կարող եք բախտագուշակ գնչու դառնալ,ուղղակի դրա համար լավ երևակայություն է պետք։
Իսկ հիմա գնչուական հիպնոսի մասին։ Այն հիմնականում հոգեբանության մեջ շատ հայտնի էրիկսոնյան հիպնոսի տարրեր է պարունակում: Բայց այժմ ներկայացնենք այն հնարքը որը ստիպում է բաժանվել ձեր մոտ առկա գումարից։ Խոսքը վերաբերում է երեք համաձայնության հնարքին։ Այս հնարքի համաձայն, եթե մարդը երեք անգամ համաձայնվում է այս կամ այն փոքր բանն անել, ապա իներցիայով կհամաձայնվի նաև ավելի լուրջ ու կարևոր քայլերի։
Ահա մի տարբերակ, թե ինչպես դա կարող են կիրառել գնչուները։ Դիցուք՝ Հանրապետության հրապարակում ձեզ մոտենում է գնչուհին իր փոքրիկի հետ։ Երեխաներն առհասարակ, որքան էլ կոպիտ հնչի, մարքեթինգային շատ լավ գործիք են։ Մենք սիրում ենք նրանց: Մեր հայրական կամ մայրական բնազդները նրանց ներկայության դեպքում ենթագիտակցորեն աշխատում են և մեզ համոզելը դառնում է ավելի հեշտ։ Գովազդային տեսանյութերում հենց այդ պատճառով են նրանց «օժանդակությանը» դիմում: Փորձերը ցույց են տվել, որ երեխա տեսնելիս հեռուստացույցի ալիքն ավելի քիչ են փոխում և առավել ուշադիր են դիտում։
Բայց չշեղվենք, գնչուհին երևի հիմա զարմացած մեզ է նայում։ Եվ այսպես, մոտենում է՝ ասելով «Գեղեցկուհի, փոքրիկին երկու հարյուր դրամ կտա՞ս»։ Արդեն հասկացանք՝ ինչու է շեշտում, որ հենց երեխային գումար տաք։ Պարզ է, եթե գումար ունենաք՝ դժվար թե մերժեք։ Հենց տվեցիք՝ անհապաղ հետևում է երկրորդ հարցը՝ «Հարյուր դրամ էլ տուր, հո չե՞ս ափսոսում, տեսնում եմ լավ աշխատանք ունես, ապագադ էլ լավն է լինելու, շատ փող ես ունենալու»։ Սրանով նրանք փորձում են մոտիվացնել քեզ՝ հայտնելով դրական լուրեր որոնք, ինչ խոսք, ցանկալի է որ կատարվեն, բայց կարող են և չհամապատասխանել իրականությանը, որովհետև ընդամենը ձեր էգոն շոյելու համար են նախատեսված: Եվ երբ դուք մտովի՝ ադամանդների մասնագիտացած խանութում զարդ ընտրելով տարված տալիս եք հարյուր դրամը, շատ արագ հետևում է երրորդ հարցը․ «Դրամապանակումդ հազար դրամ տեսա, տուր էլի, քեզնից բան չի գնա, բայց երեխաներս սոված չեն մնա։ Նոր ենք եկել Հայաստան, դժվար է, ծանր է» և այլն։ Իհարկե ձեզնից որոշ մասի վրա այս մանիպուլացիան կարող է և ազդեցություն չունենալ, բայց շատերը կտրվեն սրան։
Այսպիսով, ի՞նչ է պետք անել գնչուական որգայթում չհայտնվելու համար։ Ուղղակի անհրաժեշտ է շատ արագ դադարեցնել նրանց հետ զրույցը։ Մեկընդմիշտ հասկանալ, որ գնչուներն օժտված չեն գերբնական հատկությամբ, նրանք ուղղակի մի փոքր ֆիզիոգնոմիկա գիտեն և կարողանում են կարդալ ափի գծերը։ Դուք ինքներդ էլ կարող եք դրանք սովորել, համացանցում դրա վերաբերյալ հարյուրավոր գրքեր կան։ Իսկ հավատալ դրանց, թե՝ ոչ , ձեր որոշելիքն է։ Համենայն դեպս հիշեք, որ աշխարհում ամեն բան կառուցվում է մարդու որոշումներից և որ կամքի ուժն ունակ է փոխել անգամ ձեռքի ափի գծերը։
Սյունե Սևադա