«Brabus»-ի տարբերակը
«Mercedes SLR»-ն այն մեքենաներից է, որոնց դեպքում թվում է՝ ոչինչ ավելացնել հնարավոր չէ. ամեն ինչ իր տեղում է և կատարյալ։ Սակայն «Brabus» թյունինգային ընկերության մասնագետների անսպառ երևակայությունն այս դեպքում էլ զարմացրեց։
Նրանք կարողացան կատարելագործել գրեթե կատարյալ մեքենան։
Մասնագետները մեծացրել են ճնշումն առաջնային առանցքի վրա։ Դրա համար նրանք սերիական բամպերին ավելացրել են ածխածնային մանրաթելից պատրաստված սպոյլեր։ Մեքենան զինվել է նաև 20 դյույմանոց Brabus Monoblock VI անիվներով։
Վառելիքի սառեցման և մոդեռնիզացված արտանետման համակարգերի շնորհիվ «Brabus»-ի մասնագետները մեծացրել են նաև V-աձև 8 մխոցային 5.5 լիտրանոց շարժիչի հզորությունը։ 626 ձիաուժին ավելացել է ևս 24 ձիաուժ։ Արդյունքում, մեքենան 100կմ/ժ արագության հասնում է ընդամենը 3.6 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 337կմ/ժ։
Այս ամենի հետ մեկտեղ, ընթացքը դարձել է ավելի սահուն, իսկ վառելիքի ծախսն՝ ավելի քիչ։
Առանձնահատուկ ուշադրության է արժանի նաև մեքենայի ինտերիերը։ «Brabus»-ի մասնագետները յուրաքանչյուր գնորդի անհատական մոտեցում են ցուցաբերում՝ նյութերի և գույների ընտրությունը հարմարեցնելով նրանց ճաշակին և նախասիրություններին։ Մեքենայի ղեկը բազմաֆունկցիոնալ է։ Դրա վրա տեղադրված կոճակներով կարելի է ավտոմատ փոխանցման տուփի փոխարեն՝ ինքնուրույն փոխել մեքենայի արագության աստիճանը։
Մի խոսքով, «Brabus»-ը կարողացել է մեքենան դարձնել ավելի հզոր, ավելի սպորտային և ավելի ինդիվիդուալ։ Իհարկե, այս ամենի փոխարեն՝ այն բավական թանկ արժե, սակայն ավտոսիրող մեծահարուստները գումարներ չեն խնայի այս մեքենայի ղեկին նստելու հաճույքի համար։
«3 Միլիոն»