Լուսինե Բադալյանն այս ամառ հասցրել է հանգիստը վայելել երկու տարբեր երկրներում: Հաղորդավարուհին նախ եղել է Հունաստանում, ապա Շվեյցարիայում:
Նա BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ արձակուրդը բուռն է ստացվել. «Կրետեում 9 օր հիանալի ժամանակ անցկացրի ամուսնուս և տղաներիս ընկերակցությամբ: Առաջին անգամ չէինք այնտեղ և մեզ համար ոչինչ նոր չէր: Նաև այնտեղ ապրող բարեկամներ ունենք, ովքեր փորձեցին ամեն կերպ մեր օրերը հետաքրքր ու հագեցած դարձնել: Հասցրել ենք լողալ, արևայրուք ընդունել: Տղաներս ջրային ատրակցիոններից են օգտվել, սկուտեր քշել: Ես ու որդիս ջրի սիրահար ենք: Լողալով բավական հեռացանք ափից, որպեսզի նոր վայր բացահայտենք: Ինձ ասում էին` հեռախոսս ջրակայուն է, փորձեցի ու կրակն ընկա: Այն փչացավ՝ ոչնչացնելով մեր ունեցած բոլոր նկարներն ու տեսագրությունները»:
Լուլուն էքստրեմալ ժամանցի սիրահար է. «Եթե ընտանիքով ենք, այն հանգստի կողմնակիցն եմ լինում, որը նախընտրում են մեր տան տղամարդիկ:): Իսկ եթե հնարավորություն ունենամ միայնակ ճամփորդելու, Սկանդինավյան երկրներ կգնամ: Վերջին տարիներին, երևի տարիքից է, ինձ սկսել են գրավել Նորվեգիան, Իսլանդիան, Ֆինլանդիան»:
Հունաստանից վերադառնալուց հետո հաղորդավարուհին միայնակ մեկնել է Շվեյցարիա` ընկերուհու տարեդարձին. «Վերջին տարիներին անընդհատ ծրագրում էի, չէր ստացվում, վերջապես իրագործեցի ցանկությունս: Հոյակապ ժամանակ եմ անցկացրել: Ընկերուհուս հետ մի լավ շրջել ենք քաղաքում, տեսարժան վայրեր այցելել: Ցավում եմ, որ չկարողացա Ալպերում լինել. եղանակը շատ ցուրտ էր, նույնիսկ ձյուն եկավ»:
Վերհիշելով իրա ամենատպավորիչ ճամփորդությունը՝ Լուսինեն առաձնացրել է այցը Միացյալ Նահանգներ. «Մինչ օրս կարոտով եմ հիշում այնտեղ անցկացրած մեր խենթ օրերը»:
Լուսանկարները՝ Լուսինե Բադալյանի անձնական արխիվից