Ամբողջ սարը ծվատվելու է, վերանան հազվագյուտ կենդանիներ և բուսականությունը. aravot.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ամբողջ սարը ծվատվելու է, վերանան հազվագյուտ կենդանիներ և բուսականությունը. aravot.am

Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղից 5.5 կիլոմետր հյուսիս-արևելք գտնվող Թեքսարի և հարկից բնակավայրերի բուսական և կենդանական աշխարհը վտանգված է: Բանն այն է, որ այդտեղ «Վայկ Մետալ» ՍՊԸ-ն հանքավայր շահագործելու քայլեր է ձեռնարկում տարիներ շարունակ: Եվ, թեպետ 2013-16 թվականներին ընկերության՝ հանքը շահագործելու ծրագիրը մերժել է բնապահպանության նախարարությունը, այնուամենայնիվ ընկերությունը «ձեռքերը ծալած» չի նստել: Ընկերությունը գործը մտցրել է դատարան և վճիռ է կայացվել, ըստ որի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածով, 114-րդ հոդվածի 6-րդ մասով, 124-127-րդ, 130-րդ հոդվածներով՝ դատարանը վճռել է «Վայկ Մետալ» ՍՊԸ-ի հայցը բավարարել: Անվավեր ճանաչել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության 2016 թ-ի դեկտեմբերի 22-ի թիվ 05/29.2/6994-16 մերժումը:

Ամիսներ առաջ այս մտահոգությամբ Գլաձորի, Վերնաշենի և հարակից գյուղերի գյուղապետերը դիմել էին կառավարությանը, և մինչ օրս անպատասխան մնացել: «Հանքավայրը, որ շահագործվի, ուրեմն 2 համայնքների՝ Վերնաշենի և Գլաձորի բնակիչները պետք է անպայման տարհանվեն»,- Aravot.am-ի հետ զրույցում, ասաց Վերնաշեն համայնքի ղեկավար Միքայել Բաղդասարյանը՝ ավելացնելով. «Բոլորին էլ պարզ է, տեսել են, որ մեր խմելու և ոռոգման ջրերը այդ կողմերից են գալիս, մեր ամբողջ արոտները, վարելահողերը այնտեղ են և այդ հանքավայրը նախնական իրենց հաշվարկներով ամբողջը պարունակում է ցինկ ու կապար, իսկ որտեղ, որ այդ մետաղները կան՝ առկա է նաև ուրան»:

Հանրային լսում են դնում ՝ ժողովուրդը դեմ է, «Վայկ Մետալ» ՍՊԸ-ի ներկայացրած փաթեթների կեսը սուտ են, գնում ենք հատ-հատ ապացուցում: Գյուղը ընդդեմ «Վայկ Մետալ»-ի և դատավորների, բողոքարկվելու է դատարանի վճիռը և մինչև վերջ պայքարենք՝ժողովուրդը պատրաստակամ են, գիտակցում են վտանգը»:

Համայնքապետի ներկայացմամբ, շահագործվող տարածքներում առկա են 3 հազար հեկտար ալպիան արոտներ, 2 հազար հեկտար ենթալպիան, իսկ սարից 4 խողովակ ջուր ա հոսում՝ 2-ը խմելու 2 ոռոգման: Աղտոտված ջրի մի մասը լցվելու է Հեր-Հերի ջրամբար, որը ոռոգում է 7-8 գյուղ:

«30 աստիճանի թեքության լանջեր են, ձմեռը 2 մետրից ավել ձյուն է լինում 3-4 ամիս վայրկյանում 100-120 լիտր ջուր է հոսում դեպի հովիտներ: Մի ամիս առաջ կառավարության որոշումով եկել էին նախագիծ իրականացնելու ջրամբար են ուզում կառուցեն, որ 2 հազար հեկտար ևս մշակովի նոր տարածքներ ավելացնեն՝ վարելահողերը դարձնեն ոռոգելի մշակովի խաղողի այգիներ, պտղատու այգիներ, ցանքատարածքեր: Մի ամիս գալիս են ջրամբար կառուցելու ծրագիր ներկայացնում, հաջորդ ամիս գալիս են հանքավայրը բացե՞ն»,-ասաց համայնքապետը:

Նշենք, որ տարածքը պատմամշակութային նշանակության մեծ արժեքներ ունի՝ Գլաձորի համալսարան, միջնադարյան վանքեր, Վերնաշեն բրենդի գինու հումքի 70 հեկտար խաղողի այգիներ և ըստ Միքայել Բաղդասարյանի, ամեն շաբաթ-կիրակի՝ հազարից ավել տուրիստների այց:

Ըստ «Հայաստանի կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանի ուսումնասիրությունների այդ հանքավայրում 106 հազար տոննա հանքաքար մշակելու համար, կա մինչև 130-135 հանքային մարմիններ՝ սկսած 20 սանտիմետրից մինչև 1,5 մետր ծավալով. «Այժմ 3 հանքային մարմին են ուզում շահագործել, որի արդյունքում ամբողջ սարը ծվատվելու է, քանի որ երբեմն այդ հանքային մարմինները ձգվում են մինչև 2,5 կիլոմետր»,-այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասած պարոն Սանասարյանը:

Նրա խոսքերով՝ ծանր մետաղների ցածր չափաբաժինը խիստ կարևոր են կենդանի աշխարհի համար, բայց այստեղ խոսքը հզոր ծավալների մասին է. «Եթե տարածքը աղտոտված է ծանր մետաղներով, այդ տարածքը համարվում է մեռյալ տարածք: Հիմնական հանքային մարմինների առավելագույն երկարությունը 510 մետրը է, ամենալայն տարածքը 230 մետր, իսկ խորությունը 150 մետր: Մի հարվածով այդ ջրային համակարգերը ոչնչանալու են: Այնպիսի մետաղներով ինչպիսիք են կապար, ցինկ, պղինձ, ոսկի, արծաթ, ծծումբ, մոլիբդեն, և այլն մինչև 85 տոկոս կնվազեցնի հողի բերրիությունը, մարդկանց և կենդանիների մոտ կառաջացնի բազմապիսի հիվանդություններ՝ սկսած չբերությունից, մեռելածնությունից, վերջացրած քաղցկեղով»:

Պարոն Սանասարյանը հիշեցրեց նաև, որ Սովետմիության ժամանակ, երբ որ այդ տարածքը ուսումնասիրվել է, տնտեսական հաշվարկ է կատարվել, որի արդյունքում դադարեցվել է ծրագիրը, հիմա ինչո՞ւ են նորից փորձում վտանգի տակ դնել տեղի բնակչության, կենդանական և բուսական աշխարհի կյանքը:

Անուշ Մաթևոսյան

Լուսանկարները` Հակոբ Սանասարյանի

aravot.am