«Ներողություն խնդրելն ամոթ չէ». Քրիստինա Կույումչյանը` սկզբունքների և նոր ոլորտում ներկայանալու մասին. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Ներողություն խնդրելն ամոթ չէ». Քրիստինա Կույումչյանը` սկզբունքների և նոր ոլորտում ներկայանալու մասին. life.tert.am

«Կայարան» հեռուստասերիալի գլխավոր հերոսուհու` Արփիի դերակատար Քրիստինա Կույումչյանը, լուսանկարվել է Tert.am Life–ի ֆոտոշարքում և խոսել իր տեսակի, նախասիրությունների և առաջիկա ծրագրերի մասին։

«Իհարկե, շատ վատ է, երբ դերասանին ընկալում են իր խաղացած կերպարով։ Ես ու իմ կերպարը` Արփին, ընդհանարապես, նման չենք ո՛չ բնավորությամբ, ո՛չ մտածելակերպով։ Ինձ այդքան էլ դուր չի գալիս, երբ ինձ ընկալում են որպես «Կայարանի» տխուր աղջիկ։ Ես այդպիսին չեմ։ Ես ուրախ «պեսիմիստ» եմ։ Ինքս ինձ բնութագրել չեմ սիրում, որովհետև, կարծում եմ, ինձ ավելի լավ կարող են բնութագրել իմ ընկերները»,– ասաց Քրիստինան։

Խոսելով իր նախասիրությունների մասին` Քրիստինան ասաց. «Եթե ազատ ժամանակ եմ ունենում, որն այդքան էլ շատ չէ, սիրում եմ գնալ թատրոն ու կինոթատրոն։ Սիրում եմ նաև ազատ ժամանակ երգել։ Ես ունեմ երաժշտական կրթություն և, երբեմն, մտածում եմ` ապագայում այդ ոլորտում հանդես գալու մասին։ Շատ տարբեր ոճերի երգեր եմ լսում։ Մի քանի տարի առաջ բացի ռոքից ու մետալից ուրիշ բան չէի լսում, բայց հիմա նախասիրություններս փոխվել են ու, գրեթե, ամեն ինչ լսում եմ։ Ճիշտն ասած, ես այդքան էլ չեմ սիրում մեր էստրադային երաժշտությունը։ Եթե որոշեմ քայլեր անել երգարվեստում, ակուստիկ երաժշտությամբ կամ ռոք բենդի հետ կներկայանամ։ Միշտ երազել եմ ու մինչև հիմա էլ երազում եմ այդ մասին»,– հավելեց նա։

20–ամյա դերասանուհին ժամանակին աշխատել է Զվարթնոց օդանավակայանում։ Մասնագիտություն ընտրելիս երկմտում էր` լեզվաբա՞ն, թե՞ դերասանուհի։ Հիմա էլ մտածում է երգարվեստի մասին։ Նրա խոսքով` անկախ իր հետաքրքրություններից առաջնայինը դերասանի մասնագիտություն է։ Դերասանի աշխատանքը չի թողնի։ «Ես փոփոխական խառնվածքի տեր մարդ եմ։ Սիրում եմ անընդհատ նոր բանով զբաղվել, քանի որ հնարավոր է` մի բանից շատ շուտ հոգնեմ։ Դրա համար անընդհատ փորձում եմ զբաղմունք գտնել ինձ համար։ Ի դեպ, բացի երգարվեստից, ես նաև թմբուկի դասերի եմ գնացել։ Ժամանակիս սղության պատճառով դադարեցրի պարապմունքներս, բայց հիմա մտածում եմ` նորից գնալ այդ դասերի»,– ասաց Քրիստինան։

Հարցին` իրեն ի՞նչն է առավել դուր գալիս դերասանի մասնագիտության մեջ, նա պատասխանեց. «Ինձ դուր է գալիս, երբ կերպարանափոխվում ես ու տարբեր կերպարներով հանդես գալիս։ Հետաքրքիր է ուրիշ զգացումներ ապրել։ Չեմ ընտրել այս ոլորտը, որ հայտնի դառնամ։ Բայց այնպես ստացվեց, որ հեռուստասերիալում գլխավոր հերոսուհու կերպարն ինձ մեծ ճանաչում բերեց։ Ճանաչումն ինձ վրա ինչ–որ ազդեցություն չի թողել։ Ինքս նման փոփոխություն չեմ զգում, որ մեծամտանամ կամ գոռոզանամ։ Ընկերներս էլ են ասում, որ ճանաչումն ինձ չի փոխել և «աստղային հիվանդությամբ» չեմ վարակվել։ Կարծում եմ, եթե մարդ նման հակում ունի, ամենափոքր բանից էլ կարող է գոռոզանալ։ «Աստղային հիվանդությունը» դերասանին միայն խանգարում է։ Հնարավոր է` մարդ այդպես ավելի ինքնավստահ է դառնում, բայց դա ավելի շատ վնասում  է։  Նման մարդիկ իրենց մարդկային արժեքներն են կորցնում»,– նշեց նա։

Քրիստինայի խոսքով` մասնագիտության մեջ գլխավոր սկզբունքը սովորելն է։ «Մարդ պետք է միշտ սովորի։ Ինքս միշտ աշխատում եմ ինձ վրա և չեմ բավարարվում իմացածովս։ Միշտ էլ աճելու տեղ և մարդկանցից սովորելու հնարավորություն կա։ Բոլորից էլ ինչ–որ չափով սովորելու բան լինում է։ Միշտ օգտագործում եմ այդ հնարավորությունը։ Թերևս, սա է գլխավոր սկզբունքը, իսկ մնացած առումներով դա այնպիսի մասնագիտություն է, որը քարացած սկզբունքներ չպետք է ունենա»,– ավելացրեց դերասանուհին։

Խոսելով կյանքի սկզբունքների մասին` Քրիստինան նշեց, որ սիրում է ապրել օրով և վայելել օրվա ամեն մի պահը։ «Չեմ սիրում մտովի առաջ գնալ և պլաններ կազմել։ Փորձը ցույց է տվել, որ ինձ համար ավելի լավ է օրով ապրելն և ամեն մի պահը վայելելը։ Անձնական կյանքում էլ ինչ–որ քարացած սկզբունքներ չունեմ։ Միակ ցանկությունս այն է, որ կողակիցս լինի այնպիսին, որ միմյանց հասկանանք և իրար հետ մեզ լավ զգանք»,–ասաց նա:

Վերջին շրջանում խոսակցություններ են պտտվում, որ Քրիստինան և «Կայարանի» գլխավոր դերակատար Վարուժան Մարգարյանը բաժանվել են։ Դերասանուհին չցանկացավ խոսել այս մասին, չնայած չժխտեց, որ Վարուժի հետ հաճախ են վիճել։ Քրիստինայից հետաքրքրվեցինք` արդյոք այդ վեճերը չեն խանգարում աշխատանքին ու դասերին (նրանք նաև համակուրսեցիներ են). «Ինչ էլ որ լինի, չպետք է անդրադառնա աշխատանքի վրա։ Երկուսս էլ այդ սկզբունքով ենք շարժվում և անձնականը ոչ մի ձևով չի անդրադառնում ոչ աշխատանքի, ոչ էլ դասերի վրա»։

Հարցին` երբևէ ափսոսանք չի՞ զգացել, երբ վիճել է հարազատ մարդու հետ, դերասանուհին պատասխանեց. «Կարծում եմ` ցանկացած մարդու հետ վիճելուց հետո էլ ափսոսում ես, քանի որ եթե մարդը քեզ հարազատ է, , ամեն դեպքում, վեճերն անիմաստ են։ Բայց կոնկրետ Վարուժի մասին չի խոսքս։ Վարուժի հետ կապված ոչ մի բան չեմ ուզում ասել»,– ասաց նա։ Քրիստինան նշեց, որ սխալվելիս չի ամաչում ներողություն խնդրել. «Ես որքան էլ պնդաճակատ եմ, երբ սխալ եմ լինում, առաջին քայլն ինքս եմ անում։ Հարկ եղած դեպքում ներողություն եմ խնդրում։ Ներողություն խնդրելն ամոթ չէ։ Դա շատ լավ հատկանիշ է»։

Լուսանկարները` Արման Գրիգորյանի

life.tert.am