Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Նառա Սարգսյանը, ով «Արտավազդ 2016»-ում արժանացել է «Լավագույն երիտասարդ դերասանուհու» կոչմանը, Life.panorama.am-ի զրուցակիցն է: Նառան մեզ հետ զրույցում պատմել է հեռուստասերիալներում չնկարահանվելու պատճառների և վերջերս կայացած ամուսնության մասին:
–Նառա, բավականին երկար տարիներ է, ինչ աշխատում եք որպես դերասանուհի, բայց հեռուստաէկրաններին Ձեզ հազվադեպ կարող ենք տեսնել: Ինչո՞վ է պայմանավորված Ձեր այս գործելաոճը:
– Տարիների ընթացքում մեկ-երկու սերիալներում փորձել եմ ինձ, բայց միևնույն է, հասկացել եմ, որ իմը թատրոնն է: Այս ընթացքում առաջարկներ եղել են, պատահել է անգամ, որ վիճել եմ ռեժիսորի հետ, երբ առաջին իսկ զրույցի ժամանակ ինձ հարց տվեց, թե կնկարահանվե՞մ արդյոք համբույրի տեսարանում: Գիտեք, ես թատրնում նման տեսարանում խաղացել եմ, դրա մեջ ոչ մի արտասովոր բան չեմ տեսնում, երբ արդարացված է ռեժիսորի խնդիրը, բայց երբ սերիալային ռեժիսորը առաջին իսկ հանդիպման ժամանակ քեզ այդ հարցն է տալիս, անմիջապես պարզ է դառնում, որ նա ուզում է հասկանալ, թե որպես դերասանուհի բարդույթներ ունե՞մ արդյոք: Միշտ պետք է հիշել, որ թատրոնի հանդիսատեսը խիստ տարբերվում է հեռուստադիտողից, նաև ռեժիսորները մեկ-մեկ մեր տեղական սերիալները խառնում են հոլիվուդյան ֆիլմերի հետ. նրանք պետք է հիշեն, որ բաց տեսարանում նկարահանվելու համար դերասանին համապատասխան պետք է վարձատրեն: Ես սկզբունքներ ունեցող դերասանուհի եմ, ու չեմ մոռանում, որ գործ ունեմ հայ հանդիսատեսի հետ: Այս խնդրից զատ, այսօրվա հեռուստասերիալների ևս մեկ լուրջ խնդիր է լեզուն, այստեղ մենք կարող ենք լսել երևանյան փողոցային լեզու, որը երբեմն գռեհկության է հասնում, ինչը պարզապես անթույլատրելի է ինձ համար: Եվ նման սերիալ ստեղծող «տղեն»՝ ռեժիսորը, իրեն իրավունք է վերապահում անցածդ ճանապարհը մի կողմ դնելով ասել՝ «Եթե դու չես համբուրվելու, ուրեմն տեղ չունես մեր սերիալում»: Այս բոլոր հանգամանքներն էլ պատճառ են դառնում, որ չեմ նկարահանվում:
–Մեր երկրում շատ դերասաններ ժամանակին ասում էին, որ երբեք չեն նկարահանվի սերիալներում, բայց այսօր նրանց տեսնում ենք դրանցում, իսկ բացատրությունը մեկն է՝ այդ կերպ գումար են վաստակում: Հնարավո՞ր է, որ ապագայում, այնուամենայնիվ, Ձեզ ևս տեսնենք սերիալներում:
– Չէ, ես չեմ ասում, որ երբեք չեմ նկարահանվի: Եթե ունենամ ինձ բավարարող պայմաններով հրավեր, ապա չեմ մերժի: Օրինակ, կցանկանամ նկարահանվել գեղարվեստական ֆիլմերում, կամ որևէ հեռուստասերիալում, որտեղ կմարմնավորեմ խարակտերային մի հերոսուհու: Շատ ժամանակ դերասանը չպետք է պարզապես խաղա իրեն հանձնված դերը, նա պետք է կարողանա այսպես ասած «իր հագով» դարձնել դերը, շերտեր փնտրի ու գտնի, որն էլ կդառնա նրա հաջողության գրավականը:
–Նառա, իհարկե հասկանալի է, որ Ձեզ ինքնաբավ եք զգում թատրոնում, բայց դերասանի մասանգիտությունը նաև ճանաչում է ենթադրում: Դերասանն իրեն երջանիկ է համարում, երբ հայտնի է դառնում, իսկ գոնե մեր երկրում հայտնիություն տալիս են նույն հեռուստատեսային նախագծերը: Այս առումով ճանաչված լինելու պակասը չե՞ք զգում:
– Ոչ, չեմ զգում: Երբ անցյալ տարի «Արտավազդ» մրցանակաբաշխությունում արժանացա «Տարվա լավագույն երիտասարդ դերասնուհի» կոչմանը, ինձ միևնույն է հեռուստադիտողը չէր ճանաչում, բայց իմ ինքնաբավությունը հենց այդտեղից է գալիս: Ինձ պետք չէ, որ փողոցում, կամ երթուղայինում ինձ ճանաչեն ու ասեն՝ «Վայ, էս էն սերիալի աղջիկն ա», բավական է, որ ինձ ճանաչում են յուրաքանչյուր թատրոնում, բավական է այն ժյուրիի անձնակազմը, որը գնահատել է ինձ: Մրցանակը պետք է դերասանին ոգևորվելու, ոգեշնչվելու ու նոր բարձրունքներ գրավելու համար: Ի դեպ, ամռան սկզբին շքանշանով ու դիպլոմով վերադարձա Ռուսաստանից, որտեղ մասնակցում էի այնտեղի Թատերական գործիչների միության կազմակերպած ամենամյա ամառային դպրոցի դասերին: Կարծում եմ՝ մարդն անդադար պետք է սովորի, անկախ տարիքից:
–Արդեն չորս տարի է, ինչ դասախոսում եք Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջում: Հետաքրքիր է, բացի մասնագիտական գիտելիքներից, ի՞նչ եք փորձում սերմանել Ձեր ուսանողների մեջ, որպեսզի հետագայում նրանք ճիշտ ճանապարհով քայյլեն:
– Նախ պետք է ասեմ, որ մեր տնօրենը՝ Պարույր Սանթրոսյանը, ով Արմեն Սանթրոսյանի որդին է, մեր բոլոր ուսանողներին առաջին իսկ օրից ասում է, որ մինչև 4-րդ կուրսի վերջը չնկարահանվեն որևէ սերիալում: Իսկ ես իմ բոլոր ուսանողներին ասում եմ, որ ամենակարևոր բանը գրագետ լինելն է: Ռեժսիորը պետք է մեծ ինտելեկտի տեր լինի, ինչը հնարավոր է շատ կարդալու շնորհիվ: Նաև հորդորում եմ անկախ որակից շատ ֆիլմեր դիտել, որպեսզի աչքը տեսած լինի ու կարողանա տարբերել լավը վատից:
–Նառա, մեկ ամիս առաջ կայացել է Ձեր ամուսնությունը: Կպատմե՞ք, Ձեր սիրո պատմության մասին, և թե ո՞վ Ձեր ամուսինը:
– Այո, հուլիսի 30-ին կայացավ մեր հարսանիքը: Մինչ ամուսնուս հանդիպելը, իմ կյանքում առանձնապես շատ փնտրտուքներ՝ ընկերներ ու կյանքի ուղեկիցներ չեմ ունեցել, ինչպես տատիկս էր ասում՝ «Աղջիկ նստիր համավոր, տղեն գուքա կամավոր»: Ես լրիվ մխրճվել էի թատրոնի մեջ ու Գոռին էլ հանդիպեցի շատ պատահական: Նա տարիներ առաջ աշխատել է «Պատանի հանդիսատեսի թատրոնում», երբ ես այնտեղ չէի աշխատում, հետո իր կամքով դուրս է գրվել ու տեղափոխվել Բարսելոնա, որտեղ գրեթե տասը տարի աշխատել է իր երկրորդ մասնագիտությամբ. նա շեֆ-խոհարար է: Իսկ արդեն անցյալ տարի, երբ եկել էր Երևան, այցելում էր նաև իր սիրելի թատրոն, որտեղ էլ կայացավ մեր հանդիպումը: Ի դեպ՝ սկզբում, երբ նա անդադար մասնակցում էր մեր փորձերին, ես անգամ չէի ենթադրում, որ ինձ համար է գալիս, իսկ մի օր էլ մեր ընկերներից մեկի կազմակերպած խնջույքի ժամանակ շատ անակնկալ կերպով Գոռն ինձ առաջարկություն արեց՝ բոլորի ներկայությամբ խոստովանելով իր զգացմունքներն ու ասելով, որ եկել է Հայաստան ու էլ չի հեռանա, քանի որ սիրահարվել է ինձ: Այդպես ակամա զարգացավ մեր հարաբերությունները, հետո իր բնականոն հունով կայացավ մեր նշանադրությունը, իսկ ավելի ուշ՝ հարսանիքը: Այսօր ես շատ երջանիկ եմ: