Այսօր մեկնարկել են «Ֆուլ հաուս» սիթքոմի վերջին՝ 7-րդ եթերաշրջանի նկարահանումները։ Սիրված կերպարները, հայտնվելով զավեշտալի նոր իրավիճակներում, կմոտենան եզրագծին։ Սիթքոմն «Արմենիա TV»-ի եթերում կլինի աշնանը։
Այս եթերաշրջանի գլխավոր փոփոխությունը Մկրտիչ Արզումանյանի մուտքն է։ «Մկոն հենց առաջին սերիայից կլինի եթերում։ Նրա կերպարի վրա երկար ենք աշխատել և հուսով ենք, որ հեռուստադիտողի կողմից ընկալելի կլինի»,– Tert.am Life–ի հետ զրույցում ասաց նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը` Մենչը։
Մկոյի ներկայությունը, սակայն, դերասանական կազմի միակ համալրումը չէ։ Լրագրողի կերպարով սիթքոմում կներկայանա երիտասարդ դերասանուհի Էլեն Ասատրյանը։ Բացի այդ, Հրաչի դերակատար Մոսո Կարապետյանը, ով տեղափոխվել է ԱՄՆ և վերջին շրջանում սկայպով էր մասնակցում նկարահանումներին, կժամանի Հայաստան` հատուկ «Ֆուլ հաուսում» նկարահանվելու համար։ Մենչի կարևորում է, որ վերջին մի քանի սերիայում Հրաչն ունենա իր ասելիքը։
Վերջին եթերաշրջանը բավականին պատասխանատու է ստեղծագործական թիմի համար։ Ամեն ինչ կմոտենա իր տրամաբանական ավարտին։ «Քանի որ սա վերջին եթերաշրջանն է, պետք է ճիշտ ավարտին հասցնենք «Ֆուլ հաուսը»՝ այդ ամենն անելով հետաքրքիր ու ծիծաղելի»,– ասաց պրոդյուսերը։
Առաջին նկարահանումներն արդեն սկսված են։ Արմենը նկատեց, որ առաջին օրերին մի փոքր դժվար են մտնում հիմնական գրաֆիկի ընթացքի մեջ, սակայն դա նորմալ է։ Ամեն բան ընթանում է բնականոն հունով։