ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը այսօր հրապարակել է 2017թ. I և II եռամսյակների ՀՆԱ-ի նախնական տվյալները՝ արտադրական եղանակով։
Ըստ այդ տվյալների՝ 2017 թվականի 2-րդ եռամսյակում Հայաստանի ՀՆԱ-ի ծավալը ընթացիկ գներով կազմել է 1 տրիլիոն 205.1 մլրդ դրամ։ Առաջին եռամսյակում ցուցանիշը 971.9 մլրդ դրամ էր։
2017 թվականի երկրորդ եռամսյակում՝ 2016 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ, ՀՆԱ իրական աճը կազմել է 5.5%։ Հիշեցնենք, որ ՀՆԱ աճը առաջին եռամսյակում 6.5% էր։ Փաստորեն՝ աճի տեմպը երկրորդ եռամսյակում փոքր-ինչ նվազել է։ Սակայն հաշվի առնելով. որ նախորդ տարվա 3-րդ և 4-րդ եռամսյակները անկումային են եղել, կարելի է ենթադրել որ այս տարվա 3-րդ և 4-րդ եռամսյակներում աճի տեմպը ավելի բարձր կլինի։
Նշենք, որ եռամսյակային կտրվածքով ՀՆԱ աճի ավելի բարձր ցուցանիշներ գրանցվել են միայն 2012 թվականի վերջին և 2013-ն սկզբին։
ԱՎԾ-ն չի հրապարակում 2017 թվականի առաջին կիսամյակի ՀՆԱ-ի աճի ցուցանիշը, սակայն կարելի է մոտավոր հաշվել, որ այն 6%-ի սահմաններում է։
Ինչպես նշեցինք՝ 2017 թվականի երկրորդ եռամսյակում ՀՆԱ ծավալը ընթացիկ գներով կազմել է 1 տրիլիոն 205.1 մլրդ դրամ, որից 129.6 մլրդ դրամը (ՀՆԱ-ի 10.8%-ը) արտադրանքի հարկերն են 1 տրիլիոն 75.5 մլրդ դրամը (89.8%-ը)՝ համախառն ավելացված արժեքը։
Ըստ տնտեսական գործունեության տեսակների խոշոր խմբավորումների՝ ՀՆԱ-ի մեծ մասը՝ 55.9%-ը, գեներացվել է առևտրի և ծառայությունների ոլորտում։ Արդյունաբերությունը (ներառյալ էներգետիկան) ապահովել է ՀՆԱ-ի 18.2%-ը, գյուղատնտեսությունը (ներառյալ՝ որսորդություն և անտառային տնտեսություն, ձկնորսություն, ձկնաբուծություն)՝ 10.1%-ը, շինարարությունը՝ 7.2%-ը։
2017 թվականի երկրորդ եռամսյակում արձանագրված 5.5% ՀՆԱ հավելաճին աճին ամենից շատ նպաստել է առևտրի և ծառայությունների ոլորտը՝ 5.9 տոկոսային կետով։ Արդյունաբերության ոլորտի նպաստումը 0.6 տոկոսային կետ է։
Իսկ շինարարությունը և գյուղատնտեսությունը բացասական ազդեցություն են ունեցել ՀՆԱ-ի հավելաճի վրա՝ ցուցանիշը նվազեցնելով, համապատասխանաբար, -1.2 և -0.4 տոկոսային կետով։