Life.panorama.am-ն արդեն պատմել է «Շանթ» հեռուստաընկերության «Վերվարածները» հեռուստասերիալի վերադարձի մասին, որտեղ հին դերասանական կազմից մասնակցում են բոլորը, բացառությամբ Հայկ Սարատիկյանի, ով մարմնավորում էր Լիպոյին և Արտյոմ Կարապետյանի, ով Կնյազի դերակատարն էր: Վերջինս տարիներ առաջ շատերի համար անկակնկալ կերպով հեռացավ Հայաստանից և այժմ բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում: Քանի որ «Վերվարածներում» Կնյազը կենտրոնական կերպարներից էր, հեռուստասերիալի վերադարձի լուրից հետո շատերն էին սպասում, որ նա ևս ներգրավված կլինի, սակայն նրա բացակայությունը նոր խոսակցությունների թեմա է դարձել: Օգտատերերը վստահ են, որ դեռ տարիներ առաջ է Արտյոմ Կարապետյանի և «Շանթ» հեռուստաընկերության միջև «սև կատու» անցել, ու կոնֆլիկտն էլ հենց պատճառ է դարձել, որ 9 տարի անց հեռուստասերիալի նոր եթերաշրջանում նրանք չենք տեսնելու:
Life.panorama.am-ը տարածված կարծիքների իսկությունը պարզելու համար կապ հաստատեց «Շանթ» հեռուստաընկերության հանրային կապերի բաժին, որտեղ ոչ միայն հերքեցին լուրը, այլև՝ նշեցին, որ մեծ հավանականաությամբ «Անուղղելիներում» Կնյազը ևս մասնակցություն կունենա.
«Իրականում Արտյոմ Կարապետյանի՝ Կնյազի հետ «Շանթ»-ը ոչ նախկինում, ոչ էլ ներկայումս վիճաբանություն չի ունեցել: Մեր հեռուստաընկերության ողջ անձնակազմը բավականին ջերմ հարաբերությունների մեջ է նրա հետ: Պարզապես նա այս պահին բացակայում է Հայաստանից, և դա է հիմնական պատճառը, որ այժմ չի նկարահանվում «Անուղղելիներ»-ում: Միաժամանակ, նշենք նաև, որ չի բացառվում, որ հեռուստասերիալի ընթացքում, որևէ կետից Կնյազը կմիանա սիրված թիմին. դա կլինի կամ իր ֆիզիկական ներկայությամբ, կամ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ: Հնարավոր է նա միանա Skype-ի միջոցով, կամ հենց տեսախցիկով նկարահանվելով: «Վերվարածների» սցենարի համաձայն՝ Կնյազը Ռուսաստանում աշխատում է, և կարծում ենք, որ թեկուզև այնտեղ առանձին նկարահանվելն ու այն ուղղարկելն այստեղ, ամբողջովին արդարացված կլինի»:
Հեռուստաընկերության հանրային կապերի բաժնից նկատեցին նաև, որ բազմաթիվ նամակներ են ստանում, որտեղ մարդիկ նշում են, թե առանց Արտյոմ Կարապետյանի հեռուստասերիալն իմաստ չի ունենա և իզուր են վիճել նրա հետ, բայց հեռուստաընկերությունը շեշտում է.
«Մենք, անշուշտ կիսում ենք մարդկանց կարծիքները, որ Արտյոմը սիրված դերասան է, բայց կրկնում ենք՝ սխալ են կարծիքները, թե մենք վիճել ենք նրա հետ, նա շարունակում է մնալ մեր լավ ընկերը և առաջին իսկ հնարավորության դեպքում Արտյոմը ևս կներառվի սիրված նախագծում»: