«Վերվարածների» սիրված հերոսուհին՝ Զիտան, ում մարմնավորում էր Իվետա Եդիգարյանը, Life.panorama.am-ի զրուցակիցն է: Դերասանուհին պատմել է 9 տարի անց «Անուղղելիներում» նկարահանվելու առաջարկի և սիրված թիմում կրկին աշխատելու մասին:
«Գիտեմ, որ բազմաթիվ հեռուստադիտողներ են վերջին տարիներին «Շանթ» հեռուստաընկերությանը նամակներ հղել՝ հարցնելով, թե ե՞րբ է վերջապես «Վերվարածների» շարունակությունը նկարահանվելու: Եվ ահա, 9 տարի անց, այն կունենա իր շարունակությունը, ինչի համար ուրախ է ոչ միայն հեռուստադիտողը, այլ նաև մենք՝ գործող դերասաններս: Թեև այս տարիների ընթացքում մեզնից ամեն մեկն էլ հանդես է եկել տարբեր կերպարներով ու տարբեր նախագծերում, բայց ինքներս էլ խոստովանում ենք, որ մինչև այսօր մարդիկ մեզ հիշում են հենց «Վերվարածների» մեր հերոսներով»,- նշեց Իվետան ու շարունակեց.
«Երբ առաջարկ ստացա նկրահանվել «Անուղղելիներում», մեծ ուրախությամբ համաձայնեցի, կարծես վերադառնայի իմ ընտանիք, որտեղ ամեն ինչ կատարյալ է, ջերմ ու սիրով լի: Զիտայի կերպարն ինձ համար այցեքարտ է, հենց այդ կերպարով ես մուտք գործեցի շոու բիզնես, և բնականաբար ինձ համար մեծ երջանկություն է հիմա կրկին այդ կերպարով հանդես գալ: Իհարկե, այս տարիների ընթացքում արտաքնապես շատ եմ փոխվել, բայց ինձ հետաքրքիր է, թե ինչ արձագանքներ կլսեմ և ինչպես կընդունվեմ հեռուստադիտողի կողմից: Ի դեպ՝ ինքս էլ չգիտեմ, թե 9 տարի անց ինչ է սպասվում Զիտային, միայն պարզ է այն, որ նա դեռևս ամուսնալուծված է, և ինչպես միշտ նրանով հետաքրքրվող տղամարդ կա: Զիտան շարունակում է փորձել ամուսնանալ, իսկ թե դա նրան կհաջողվի՞ արդյոք, ցույց կտա ժամանակը»:
Իվետա Եդիգարյանի խոսքով՝ դերասանական կազմն առաջին իսկ օրից միտված է եղել լավ աշխատանք ստեղծելուն.
«Մենք շատ կարոտած էինք միմյանց: Այս տարիների ընթացքում ուշ-ուշ էր հաջողվում միմյանց տեսնել, քանի որ ամեն մեկս էլ իր գործն ուներ: Հիմա կրկին միասին ենք ու դրա համար շատ ուրախ եմ: Նկարահանումները սկսվել են ամռանը, առաջին օրից սկսած շատ ջերմորեն սկսեցինք աշխատել մեր բոլորի կողմից շատ սիրված նախագծում: Սցենարը կրկին Հարություն Ղուկասյանն է գրում, այնպես որ հույս ունեմ, որ մենք կկարողանանք կրկնել մեր հաջողությունը»,- հավելեց դերասանուհին:
«Եթե տարիների առաջ «Վերվարածներն» առաջին հեռուստասերիալն էր, ապա հիմա նման նախագծերը շատ են, հետևաբար մրցակցությունն էլ մեծ է լինելու: Այս գիտակցումով՝ հնարավորինս բարձր որակի ու մակարդակի աշխատանք ենք ստեղծելու, որպեսզի մեր լսարանաը հավատարիմ մնա մեզ: Մարդիկ կարող են առօրյա հոգսերից գոնե մեկ ժամով կտրվել՝ իրենց ժամանակն անցկացնելով հեռուստացույցի առաջ՝ սիրելի հերոսների հետ միասին»,- ավարտեց Իվետա Եդիգարյանը: