Ամերիկացի գրող և հաջողակ գործարար-մարզիչ Ջերալդ Ռոջերսը պատմում է իր այն սխալների մասին, որոնց պատճառով նա չկարողացավ պահպանել իր ընտանիքը: Ահա այն խորհուրդները, որոնք վերջինս տալիս է ամուսնացած տղամարդկանց՝ սիրելի կանանց չկորցնելու համար:
- Երբեք մի դադարեք սիրահետել Ձեր կնոջը, ուշադիր լինել նրա նկատմամբ:
Իմ ամենամեծ սխալն այն էր, որ ես իմ կնոջն ընդունում էի` որպես հաստատուն իրողություն: Երբ կնոջը խնդրում ես ամուսնանալ քեզ հետ, հավանաբար վստահ ես լինում, որ սիրտդ միշտ արագ է բաբախելու նրան տեսնելիս, միշտ պաշտպանելու ես նրան, սակայն տարիների հետ մոռանում ես այդ մասին: Հիշեք, որ Ձեր կինն այս կյանքում ունեցած Ձեր ամենակարևոր և սուրբ գանձն է, և երբեք մի ծուլացեք փայփայել, պահպանել Ձեր սերը:
- Պաշտպանեք Ձեր սիրտը:
Դուք պետք է պաշտպանեք ոչ միայն նրա սիրտը, այլև Ձերը, հատկապես այլ կանանցից: Սիրեք Ձեզ և մանրուքների հետևից մի ընկեք: Ոչ ոք, բացի Ձեր կնոջից, չպետք է հավակնի Ձեր սրտին: Իսկ նա այնտեղ պիտի մտնի առաջին իսկ պահանջի դեպքում:
- Նորից ու նորից սիրահարվեք:
Դուք անընդհատ փոխվում եք, այլևս այն մարդը չեք, ով հենց նոր է ամուսնացել: Այդ պատճառով էլ դուք գիտակցաբար պիտի միմյանց հետ լինելու կյանքն ամեն օր ընտրեք: Պայքարեք նրա համար, հասեք նրա սիրուն այնպես, ինչպես անում էիք ծանոթանալուց հետո առաջին շաբաթներին:
- Միշտ նրա մեջ փնտրեք լավագույնը:
Ձեր ուշադրությունը կենտրոնացրեք այն բանի վրա, թե ինչն եք նրա մեջ սիրում, այլ ոչ թե նրա վրա, թե ինչն է նյարդայնացնում: Միայն այդ դեպքում Ձեր սերը նրա հանդեպ կշարունակի աճել: Ձեր ուշադրությունը բևեռեք Ձեր կյանքի այն պահերի վրա, երբ բացարձակ երջանիկ եք եղել ու սիրված: Չէ՞ որ Դուք հենց այնպես նրան կնության չեք առել:
- Մի փորձեք նրան փոխել: Դա Ձեր խնդիրը չէ:
Ձեր խնդիրը նրան պարզապես սիրելն է: Մի կոտրեք նրան, մի հարմարեցրեք Ձեզ: Եվ այդ ժամանակ նա ինքն այնպես կփոխվի, որ Դուք նրան ավելի ու ավելի շատ կսիրեք:
- Ողջ պատասխանատվությունը վերցրեք Ձեզ վրա:
Ձեր էմոցիաների համար ողջ պատասխանատվությունը վերցրեք Ձեզ վրա: Ձեր անձնական երջանկությունը Ձեր կնոջ խնդիրը չէ: Նա Ձեզ չի կարող երջանկացնել, եթե Դուք ինքներդ դա չցանկանաք: Դուք եք պատասխանատվություն կրում Ձեր ընտանիքի բոլոր անդամների երջանկության համար: Եթե Դուք երջանիկ լինեք, բոլորն էլ համապատասխանաբար երջանիկ կլինեն:
- Երբեք նրան չմեղադրեք, թե իբր նրա պատճառով է, որ Դուք բարկացել եք:
Եթե Դուք տրամադրություն չունեք կամ բարկանում եք Ձեր կնոջ վրա, ապա դրա պատճառը միայն Ձեր անձնական էմոցիաներն են ու Ձեր ընտրությունը: Ձեր էմոցիաները Ձեր պատասխանատվության ներքո են: Ձեր կինը պարտավոր չէ բուժել Ձեր մանկական տրավմաները կամ վազել Ձեր հետևից, միայն թե չնվնվաք: Եթե հարկավոր է, ընդմիջում վերցրեք, մնացեք միայնակ և հասկացեք, թե ինչ եք ուզում: Հենց որ Ձեր էմոցիոնալ ֆոնը կարգավորեք, միանգամից կնկատեք, որ հարաբերություններն ընտանիքում սկսել են կարգավորվել:
- Թույլ տվեք Ձեր կնոջը պարզապես ապրել:
Եթե նա վատ տրամադրություն ունի կամ սարսափելի վշտացած է, մի փորձեք վայրկենապես ամեն ինչ կարգավորել: Նրա դրական տրամադրվածությունը Ձեր խնդիրը չէ: Պարզապես բացատրեք նրան, որ ժամանակ առ ժամանակ բարկանալն ու հուսահատվելը նորմալ է: Կանայք այդպիսին են. նրանք աշխարհը չափազանց զգացմունքային կերպով են ընդունում: Սրա հետ ոչինչ չես կարող անել: Բայց թող նա իմանա, որ միշտ կարող է Ձեզ վրա հենվել: Երբ նա կսառի, կհասկանա, որ դուք ուժեղ և կամային տղամարդ եք, և, որ նա կարող է Ձեզ վստահել: Չէ՞ որ ամեն անգամ, երբ նա տխուր է, Դուք տանից չեք փախչում: Թող նա վստահ լինի, որ Դուք միշտ նրա կողքին կլինեք ցանկացած դեպքում:
- Հիմար եղեք:
Ձեզ շատ խիստ մի դատեք: Ավելի լավ է՝ հաճախ ծիծաղեք և նրան էլ ստիպեք ծիծաղել: Ծիծաղը կյանքն ավելի պարզ է դարձնում:
- Մտեք նրա հոգու մեջ ամեն օր:
Իմացեք, թե ինչն է նրան իրականում ստիպում երջանիկ, սիրված ու պաշտպանված զգալ: Նրա այդ պահանջմունքների բավարարումը Ձեզ համար առաջնային խնդիր դարձրեք: Փորձեք այնպես անել, որ նա ամեն օր իրեն թագուհի զգա:
- Ներկա եղեք նրա կյանքում:
Ուշադիր եղեք նրա կյանքի նկատմամբ: Եթե Ձեզ ինչ-որ բան է պատմում, լսեք: Արեք ամեն ինչ, որ երեկոյան կարողանաք նրա հետ շփվել, և միայն նրա հետ: Այդ պահին Ձեզ այլ խնդիրներ չպետք է զբաղեցնեն:
- Ընդունեք նրա սեքսուալությունը:
Մի վերաբերվեք սեքսին՝ որպես ուղղակի սթրեսը հանելու միջոցի: Դա Ձեզ համար հնարավորություն է նրա հոգու ամենախորքերը թափանցելու համար: Թույլ տվեք Ձեզ տարրալուծվել նրա քնքշանքի ու նրբության մեջ: Թող նա իմանա, որ կարող է 100%-ով վստահել Ձեզ՝ լինի կյանքում թե անկողնում:
- Հիմար մի եղեք, բայց և մի վախեցեք երբեմն հիմար լինել:
Դուք սխալներ կանեք, նա էլ կանի: Ոչ ոք անսխալական չէ: Քաջություն ունեցեք խոստովանել դրանք, որպեսզի ավելի մեծ սխալներ թույլ չտաք: Դուք պարտավոր չեք կատարյալ լինել, բայց նրա աչքին օրը 24 ժամ հիմար էլ չպիտի երևաք:
- Տվեք նրան անձնական տարածք:
Տվեք նրան ազատ ժամանակ, թույլ տվեք հանդիպել ընկերուհիների հետ և հոբբի ունենալ: Տվեք նրան հոգին լցնելու հնարավորություն: Պարբերաբար երեխաների հետ ինքներդ մնացեք: Հնարավորություն տվեք նրան հանգստանալու ու ցրվելու: Նա Ձեզնից շատ հանգստի կարիք ունի:
- Երբեք մի դադարեք միասին աճել ու առաջ գնալ:
Չհոսող ջուրը հոտում է. սա հայտնի ճշմարտություն է, իսկ հոսող ջուրը թարմություն է բերում: Երբ մկանները չեք մարզում, դրանք ատրոֆիայի են ենթարկվում: Նույնը լինում է նաև Ձեր հարաբերությունների հետ: Դրանք անխուսափելիորեն թոշնելու են: Գտեք ընդհանուր նպատակներ և ունեցեք ընդհանուր երազանքներ: Կազմեք ընդհանուր երազանքներ և համատեղ հասեք դրանց լուծմանը:
- Մի մտահոգվեք գումարի մասին:
Գումարն այն ռեսուրսն է, որը դուք համատեղ պիտի կառավարեք: Դրանք երբեք չեն օգնում, եթե վախենաք օգտագործել: Սովորեք վստահել Ձեր կեսին և հիշեք՝ չի կարելի կնոջից գումար թաքցնել:
- Սովորեք ներել և մոռանալ:
Արագ ներեք և երբեք մի հիշեք հին վիրավորանքները: Կենտրոնացեք ապագայի վրա և թույլ մի տվեք Ձեր անցյալին խցկվել Ձեր պլանների մեջ, մի եղեք Ձեր անցյալի պատմության պատանդը: Հիշեք Ձեր գործած սխալների մասին միայն դասեր քաղելու նպատակով: Այլապես դրանք Ձեր ամուսնության համար ծանր խարիսխ կարող են դառնալ ու քաշել ներքև: Կտրեք շղթան ու առանց հետ նայելու՝ քայլեք առաջ:
- Միշտ ընտրեք սերը:
Իրականում նախորդ բոլոր խորհուրդներն այս մեկի ածանցյալներն են: Սա օգտագործեք՝ որպես Ձեր կյանքի գլխավոր սկզբունք, որի շնորհիվ կարող եք փոխել ամեն ինչ: Եթե Դուք սերն ընտրեք, ապա ոչինչ Ձեր երջանկությունը վտանգի տակ չի դնի: Սերն ամեն ինչ տանում է, ներում և դիմանում: Ամուսնությունը՝ «ապրեցին երկար ու երջանիկ»-ը չէ: Դա աշխատանք է, դա շարունակ Ձեր հարաբերությունների մեջ ներդրումներ կատարելն է: Միայն այդպես այդ հարաբերությունները կդիմանան ժամանակի փորձությանը: Աշխատեք հարաբերությունները պահելու վրա, և երջանկությունը կայցելի Ձեզ: Ամուսնությունը, ինչպես և կյանքը, իր վերելքներն ու վայրէջքներն ունի: Սովորեք սիրել իրար. դա ձեզ ուժ ու հեռանկար կտա: Այդ շենքը կանգուն պահել հնարավոր է միայն, եթե ամեն օր շարքից դուրս եկած հերթական աղյուսը փոխեք:
Սրանք դասեր են, որոնք ես իմ մաշկի վրա եմ զգացել, բայց չափազանց ուշ:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը