Կտրվում ենք թատրոնի ստանդարտ մոտեցումից, բարձրանում 14-րդ հարկի տանիք՝ բաց երկնքի տակ, լիալուսնի ներքո դիտելու թատերական ներկայացում։
Սեպտեմբերի 4-ին Երևանում այս ֆորմատով առաջին անգամ տեղի ունեցավ Նեժա Նեժդանայի «Միայնության ինքնասպանություն» պիեսի պրեմիերան։ Թատրոնի այս ձևաչափը Հայաստանում նորարարություն է. հեղինակը երիտասարդ ռեժիսոր Մխիթար Դանիելյանն է։
Երևանյան տաք երեկոները, որպես կանոն, շատերը սովոր են անցկացնել բացօթյա սրճարաններում. եկեք խոստովանենք, որ կրկնվող երեկոյան ծրագիրն արդեն ձանձրալի է դարձել, ուստի որպես այլընտրանքային ժամանցի վայր բաց երկնքի տակ ներկայացում դիտելը հիանալի տարբերակ է։
Ի դեպ, մինչ ներկայացման սկիզբը ձեզ ըմպելիք են հյուրասիրում, հնչում է հաճելի երաժշտություն։
Տանիքը հարմարավետ է. նստարաններ, լուսավորություն. հանդիսատեսի մոտ բողոքներ չեն առաջանա։ Միայն ներկայացման պահին պետք է ականջները լավ «սրել» և պահպանել լռություն՝ փակ տարածությունում լավ հնչողություն է, իսկ մենք գտնվում ենք բաց տանիքում)))
Ներկայացումը. վերնագիրը ոգեշնչող չէ. ինքնասպանություն, միայնություն…
Ներկայացման գործողությունները ծավալվում են հենց տանիքում. երիտասարդ աղջիկը հոգնել է կյանքից, հիասթափվել սիրուց ու որոշում է ինքնասպան լինել։ Տանիքում հայտնված երիտասարդը կանխում է նրա ինքնասպանությունը, իսկ վերջում նրանք սիրահարվում են ու վերջ տալիս միայնությանը։
Ռեժիսորի խոսքով, ներկայացումները բաց երկնքի տակ կբեմադրվեն նաև հոկտեբերին։ Հաջորդ ներկայացումը սեպտեմբերի 14-ին է, «14-րդ հարկ» հյուրանոցի տանիքում։