Վերջին մի քանի ամիսների ընթացքում սոցիալական ցանցերում իրենց քննադատական կարծիքներն են ներկայացնում ԵՊՀ մի շարք ուսանողներ, որոնք բողոքում են ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի աշխատակիցների վերաբերմունքից:
Բողոքող ուսանողներից մեկը ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Արաբագիտության բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Աննա Ռաֆյանն է, որն «Ա1 +»-ի հետ զրույցում ներկայացրեց իր բողոքը:
«Ես շատ քիչ եմ օգտվում գրադարանից, բայց այդ քիչ օգտվելն էլ բավական է, որ տեսնեմ, թե այստեղ ինչ մթնոլորտ է: Նախ պիտի նշեմ, որ մասնագիտական գրքերը ոչ բոլորն են հայերեն և ոչ բոլորը կան: Դասախոսը հանձնարարում է, որ սովորենք մասնագիտական դասագրքով, սակայն գրադարանում գտնում ենք 10-20 հատ գիրք, իսկ կուրսում կա մոտ 50 ուսանող: Այդտեղից էլ սկսվում է պատճենահանումը, որը մեզանից խլում է բավականաչափ գումար: Աշխատակիցները ուսանողներին սպասարկում են շատ վատ՝ կարելի է ասել չեն սպասարկում: Կարևոր խնդիր է նաև գրքերի որակը: Եթե աշխատակիցը թերթի ու հետևի ուսանողի հանձնած գրքին, ապա կտեսնի, որ այն վնասված է ու ուսանողը կստանա համապատասխան պատիժ: Այդ անհետևողականության պատճառով առանց այդ էլ քիչ գրքերը վնասված են ու գրեթե օգտագործման պիտանի չեն: Հասկանում եմ, որ սրանք ֆինանսական խնդիրների հետ կապ ունեն, վբայց մի՞թե չի կարելի լուծել աշխատակիցների սպասարկման խնդիրը»:
Այս հարցի շուրջ զրուցեցինք նաև ԵՊՀ գրադարանի տնօրեն Եզնիկ Միրզոյանի հետ, որը նույնպես տեղյակ էր համացանցում քննարկվող թեմայից:
«Սոցիալական ցանցերում հիմնականում ներկայացվում են այս 3 խնդիրները. Աշխատակիցների «մուննաթ» դեմքերը, սպասարկման թերություններն ու այն, որ քիչ գրքերի պատճառով ուսանողներին չեն հասնում բավականաչափ օրինակներ: Նախ պիտի նշեմ, որ ԵՊՀ ռազմավարական պլանի համաձայն՝ ամեն տարի գրադարանի թարմացման համար հատկացվում է 15 միլիոն դրամ, բացի այդ էլ, ԵՊՀ տպարանում տպագրված գրքերի տնօրինումը իրականացնում է գրադարանը: Ամեն տարի մոտ 10 հազար անուն գրքով թարմացվում են գրադարանի գրքերը: Ուսանողները պահանջում են մասնագիտական հայալեզու գրականություն, բայց դրա բացակայությունը մեզ հետ կապված չէ, քանի որ հեղինակներն ու դասախոսները չեն գրում գրքեր: